«Ռուսական վտանգը» այն միակ «կռվանն» է, որով եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաները պահում են իշխանությունը. համանման տրամաբանություն է ներդրվել նաև ՀՀ-ում

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո էլ Եվրոպայի համար ռուսական վտանգը չի վերանա:

Դե իհարկե: «Ռուսական վտանգը» ըստ էության այն միակ «կռվանն» է, որով ներկայումս եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաները պահում են իշխանությունը: Նրանք «ռուսական վտանգի» անունով արգելափակում են իրենց մրցակից քաղաքական ուժերին, արգելում են նրանց մասնակցությունը քաղաքական պրոցեսներին, սահմանափակում են նրանց խոսքի ազատության հնարավորությունը, և այլն, և այլն:

Հիշում եք, թերևս, ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտնի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա Եվրոպայի իշխող էլիտաներին մեղադրում էր իրական ժողովրդավարական արժեքները ոտնահարելու համար:

«Ռուսական վտանգը» այդ առումով լիբերալ-գլոբալիստական էլիտաների միակ «ալիբին» է՝ հակաժողովրդավարական մեխանիզմներով իրենց իշխանական դիրքերը պահելու համար:

Հետևաբար, նրանք բնականաբար առավելագույնն են անելու ուկրաինական պատերազմի ավարտը երկարաձգելու համար, բայց միևնույն ժամանակ, անգամ դրանից հետո նրանք իհարկե շարունակելու են խոսել ու խոոսել «ռուսական վտանգի» մասին, որովհետև, ինչպես նշեցի, դա միակ «կռվանն» է՝ մրցակիցների հաշիվները մաքրելու համար:

Սրան անդրադառնում եմ, որովհետև, ըստ էության, համանման տրամաբանություն է ներդրվել նաև Հայաստանում, թե իշխանական, թե մերձիշխանական ուժերի «կատարմամբ»: Ով համաձայն չէ իրենց հետ, ով համարձակվում է դույզն իսկ կասկածի տակ դնել «խաղաղության» մասին դեկլարատիվ-քարոզչական, որևէ ստույգ հարցի սպառիչ պատասխան չպարունակող իրենց «տեսակետները», անմիջապես պիտակավորվում է Կրեմլի գործակալ, ԿԳԲ-ական, ՖՍԲ-ական, «արծաթով ծախված», ու այդպես շարունակ:

Եվ սա չունի վերջ, որովհետև այդ ուժերը ըստ էության չունեն որևէ այլ ասելիք: Եվ, եթե չլինի նաև վերը նշածս «ասելիքը», ապա նրանք լինելու են ըստ էության քաղաքական բանկրոտներ:

Եվ, նրանք այդ թեմայով պարզապես անում են իրենց քաղաքական կյանքում մի բան, ինչ օրինակ տնտեսական կյանքում անում են շատ բանկրոտ երկրներ՝ պարզապպես փող են տպում ու լցնում շուկա:

Դա բացարձակապես ոչ միայն չի օգնում լուծել տնտեսության խնդիրները, այլ հակառակը՝ միայն ու միայն խորացնում է դրանք: Նույնը քաղաքականության մեջ՝ վերը նշածս մեղադրանքները ոչ մայն բացարձակապես չեն նպաստում Հայաստանում քաղաքական առողջ և բովանդակային քննարկումների ծավալմանը, այլ խորացնում են մանիպուլյատիվ ու ստագնացիոն իրողությունը, ավելացնելով միայն ճահճի խորությունն ու ծանրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս