«Մեր պատվիրակություններում ընդգրկված անձինք բնականաբար պիտի գտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում, որի թիվը որքան աճի, այնքան լավ մեզ համար»
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կշարունակի տեղեկացնել Եվրախորհրդարանի եւ Եվրոպական երկիրների խորհրդարանների պատգամավորներին սահմանի վրա Ադրբեջանի կողմից հարձակումների եւ զինադադարի խախտումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա խոսքով, պետք չէ բացառել 2016-ի ապրիլյան վայրագ հարձակումների նման նոր գործողությունների հավանականությունը, սակայն պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն:
–Պարոն Կարապետյան, 2017 թվականի առաջին կիսամյակն ավարտվում է: Ասացեք խնդրեմ, 2017 թվականի առաջին վեց ամիսները Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի աշխատանքներում ինչո՞վ առանձնացան: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:
-2017 թվականին կարևոր նախաձեռնություններ եղան, փետրվարին Արցախի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեին 8 միջազգային դիտորդներից բաղկացած պատվիրակության ուղարկվեց: Նրանք հետևեցին քվեարկության ընթացքին` այցելելով 48 ընտրատեղամասեր: Հանրաքվեի ավարտին դիտորդները հրապարակեցին իրենց զեկույցը` նշելով , որ քվեարկությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այս զեկույցը մեր գրասենյակը ուղարկեց եվրոպական, միջազգային կազմակերպություններին եւ պատկան մարմիններին։ Սա երկրորդ նման առաքելությունն է, որ մեր գրասենյակն իրականացնում է։ Նպատակն է ցույց տալ Արցախի ժողովրդավարության ձգտումն ու պետականաշինության գործընթացը, թեկուզ չճանաչված իրականության մեջ։
Մայիսի 1-ին Հայ Դատի գրասենյակը կազմակերպեց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանի այցը Բրյուսել: Այս առթիվ տեղի ունեցավ օժանդակության եւ դրամահավաքի երեկո` սիրիահայ համայնքի վերակառուցման համար: Հայ համայնքի հետ հանդիպումից բացի, Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը մասնակցեց մեր կազմակերպած քաղաքական հանդիպումներին Բելգիայի դաշնային եւ շրջանային խորհրդարանների ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի անդամների, հատկապես ԵՄ-ի մարդասիրական օժանդակության եւ ճգնաժամի կառավարման հանձնակատար պրն Խրիսթոս Սթիլիանիտիսի եւ մի շարք եվրոպական լրատվամիջոցների հետ՝ նպատակ ունենալով իրազեկել սիրիահայերի խնդիրների մասին:
Մայիսին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպայի տարածքում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որտեղ արծարծվեցին Հայ դատի Եվրոպայում առնչվող բոլոր խնդիրներն ու մեր առաջիկա աշխատանքի ուղղությունները:
Գրասենյակի հիմնադրման 15 ամյակի առթիվ էլ Բրյուսելում տեղի ունեցավ հյուրասիրություն, որտեղ ներկա էին մոտ Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների , Բելգիայի 120 քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ: Այստեղ կցանկանամ անդրադառնալ նաև գրասենյակում աշխատակազմի փոփոխությանը։ Հարութ Շիրինյանը փոխարինեց Պետո Դեմիրճյանին, ով շուրջ 7 տարի գրասենյակի հաղորդակցության ու հասարակության հետ կապերի պատասխանատուն էր։ Բնականաբար այս բոլորին զուգահեռ Հայ դատի հանձնախումբն ունի իր առօրյա եւ մշտական գործունեությունը քաղաքական, պահանջատիրական եւ այլ ոլորտներում:
– Հայ դատի գրասենյակը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի շարունակել է Եվրոպայից պատգամավորների, հասարակական խմբերի այցելություն կազմակերպել դեպի Արցախ: Արդյո՞ք նման այցելությունները շարունակվելու են:
-Այո, այս այցելությունները շարունակվում են և պիտի շարունակվեն, որովհետեւ Արցախը մեր ներկա գործունեության ամենակարեւոր առաքելություններից մեկն է: Տակավին մի քանի օր առաջ կազմակերպեցինք Բելգիայի պատգամավորների այցը դեպի Հայաստան եւ Արցախ: Նրանք տեսակցություններ ունեցան պետական բարձրագույն ներկայացուցիչների հետ: Այս այցը 2017-ին արդեն 3-րդն էր: Վերջին երկու տարիներին միայն Բելգիայից 22 պատգամավորներ այցելեցին մեր զույգ հանրապետություններ։
– Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, նման այցելությունների գլխավոր արդյունքները որո՞նք են:
-Ինչպես տեղյակ եք, Արցախի Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը եւ թուրք-ադրբեջանական շրջափակումը Արցախը պահում է մեկուսացման մեջ: Այս մեկուսացումը միայն քաղաքական չէ, այլեւ՝ տնտեսական եւ ընկերային: Ուստի եվրոպացի եւ օտար քաղաքական անձնավորություններին ու լրագրողներին առիթ պետք է տրվի այցելելու Արցախ, լինելով ականատեսը տեղում զարգացման առաջընթացին, հանդիպելու պետական եւ կառավարական կառույցների ղեկավարների հետ, ծանոթանալու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջին տեղեկություններին: Գրասենյակն այս գործն է, որ կատարում է եւ առաջիկա ամիսներին նոր պատվիրակություններ պիտի ուղղվեն դեպի մեր զույգ հանրապետությունները:
Այս պատվիրակությունների դրական արդյունքները կարող ենք տեսնել Եվրոպայում հետագայում տարվող գործունեության ընթացքում: Լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանման գործընթացին վերաբերող, լինի մեր կազմակերպած տարբեր միջոցառումներին մասնակցություն ապահովելով, ինչպես օրինակ, 2016-ի նոյեմբերին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կազմակերպած «Արցախ-Լեռնային Ղարաբաղ թաքնված գանձ» խորագրով ցուցահանդեսին ներկա եղան 200 հրավիրյալներ, մեծ թվով քաղաքական դեմքեր: Ցուցահանդեսին նպատակն էր Արցախի զբոսաշրջության հնարավորությունը ներկայացնել Եվրոպական հանրության, ինչպես նաեւ տնտեսական ներդրումների կարողությունը:
Արդյունքների իմաստով, պետք է ասել, որ այս պատվիրակությունները կհեշտացնեն հարաբերություններն ինչպես Արցախի Հանրապետության նախագահի կամ արտաքին գործերի նախարարի կամ Ազգային ժողովի նախագահի այցերը Բրյուսել: Չմոռանանք նաեւ, որ բոլոր մեր կազմակերպած պատվիրակություններում ընդգրկված անձինք բնականաբար պիտի գտնվեն Ադրբեջանի « սեւ ցուցակ»-ում, որի թիվը որքան աճի, այնքան լավ մեզ համար:
– Պարոն Կարապետյան ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայ դատի գրասենյակի կողմից Ադրբեջանի սադրիչ քաղաքականության իսկությունը միջազգային հանրությանը տեղ հասցնելու համար:
-Պատմության մեջ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությունը որպես մարդկային վահան: Բնականաբար դժբախտ երեւույթ է անմեղ երեխայի զոհ դառնալը, սակայն այս երեխան Ադրբեջանի կառավարության եւ Ալիեւի անմարդկային վերաբերմունքի զոհն է: Ալիևի անմարդկային նույն վերաբերմունքին ականատես եղանք ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի բանակի կողմից իրականացված ոճիրների հետևանքով Թալիշ գյուղի 90-ամյա հայ քաղաքացիների մարմինների խեղվեցին եւ հայ զինվորները «Իսլամական պետության» ոճով գլխատվեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են ուղղել դադարեցնելու զինվորական գործողությունները եւ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, սակայն այս մեկը անբավարար է: ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականությունն է նաեւ մատնանշել զինադադարը խախտող կողմը եւ դատապարտել այն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության հրապարակումից անմիջապես հետո Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը տեղեկացրեց Եվրախորհրդարանի պատգամավորներին սահմանի վրա Ադրբեջանի կողմից այս վերջին խախտումների ճշգրիտ բնույթի մասին: Եվ արդեն որոշ անդամներ հրապարակային ձեւով դատապարտել են Ադրբեջանի այս քաղաքականությունը:
-Պարոն Կարապետյան, տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է սահմանին սադրիչ գործողություններ իրականացնել, մենք ունեցանք զոհեր: Ըստ ձեզ, ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը:
-Նախ եւ առաջ կցանկանամ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անունից ցավակցություններ հայտնել իրենց պարտականությունը կատարելիս զոհված հայ զինվորների ընտանիքներին: Հստակ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրի ներքին խնդիրներից եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության խախտումներից դեպի Արցախի հակամարտություն: Սակայն հայկական կողմը պետք է շարունակի ճնշում բանեցնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագհների վրա Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների գործադրման իմաստով: Միջազգային հանրությունը պետք է այլեւս ընդունի, թե ով է հարձակվող կողմը: Հարկավոր է նաեւ ՀՀ – Արցախ – Սփյուռք երրորդությունը համադրված կերպով աշխատել միջազգային հանրությանը ներկայացնելու Արցախի հարցի իսկական պատկերը:
–Այս համատեքստում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայ Դատի գրասենյակը:
-Հայ դատի գրասենյակը պիտի շարունակի տեղեկացնել Եվրախորհրդարանի եւ Եվրոպական երկիրների խորհրդարանների պատգամավորներին սահմանի վրա Ադրբեջանի կողմից հարձակումների եւ զինադադարի խախտումների մասին: Պետք չէ բացառել 2016-ի ապրիլյան վայրագ հարձակումների նման նոր գործողությունների հավանականությունը, սակայն պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն: Այս պատճառով է, որ Հայ Դատի գրասենյակը կազմակերպեց Արցախի օմբուդսմենի՝ Ռուբեն Մելիքյանի այցը Բելգիա, ինչպես նաեւ նրա կողմից հրապարակած 2 զեկույցները տարածելը ԵՄ-ի շրջանակներում:
Այս գործի մեջ իր մեծ դերակատարությունն ունի նաեւ քաղաքական պատվիրակությունների առաքելությունը դեպի Արցախ, բարձրացնելու համար Եվրոպայի տարածքում Արցախի բարեկամների թիվը, արդարության եւ ժողովրդավարության հավատացող մարդկանց թիվը եւ նվազեցնելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ազդեցությունը:
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը Ադրբեջանին զսպելու համար:
-Նախ՝ հիշեցնեմ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն իր նախավերջին հայտարարության մեջ դատապարտեց Ադրբեջանին՝ որպես զինադադարը խախտող կողմ: Միայն այս ուղղությամբ է, որ իրականությունը բացահայտվում է: Նաեւ պետք է նշել, որ վերջերս, հատկապես ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումից հետո, Եվրախորհրդարանը բանաձևով խստորեն դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խախտումները: Կարող ենք նաև ավելացնել մարտին «Freedom Files Analytical Center» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված տեղեկագիրը, որ մանրամասնորեն ի հայտ կբերի բոլոր Եվրոպացի քաղաքական գործիչների անունները, որոնք կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանության կողմից:
– Պարոն Կարապետյան, Բաքվում միջազգային խոշոր մրցաշարը` «Ֆորմուլա 1»-ի անցկացումն արդյո՞ք չի դիտարկվում Ադրբեջանին թև տալու գործընթացի համատեքստում:
-Բնականաբար այսպիսի երևույթը շատ մտահոգիչ է: Գիտենք, որ Ադրբեջանը փորձում է իր պատկերը բարելավել՝ մուտք գործելով միջազգային հարթակ, մարզական ոլորտի միջոցով, որ պետք է ունենա խաղաղության եւ զվարճանքի պատգամ, ինչը Ադրբեջանի դեպքում ծիծաղելի է։
Մեզ նաեւ մտահոգում է Ադրբեջանի մասնակցությունը ֆուտբոլի Եվրո 2020-ը հյուրընկալելու գործընթացին: Սակայն այս բոլորը քաղաքական որևէ նպաստ չի բերի, մանավանդ Արցախի հարցով, այլ կձգտեն Ալիեւի համբավը բարելավել ներքին իմաստով:
-2017 թվականի երկրորդ կեսին Հայ դատի գրասենյակն ինչ ծրագրեր ունի, արդյո՞ք նախանշված միջոցառումներ կան: Կամ միգուցե այլ երկրներում Հայ դատի գրասենյակների բացման նախաձեռնություններ կան:
-Մեր առջև ունենք բավական կարեւոր եւ աշխույժ աշխատանքի շրջան: Ինչպես նշեցի պատվիրակություններ պիտի շարունակեն այցելել Արցախ: Հաջորդը տեղի կունենա սեպտեմբերին: Հոկտեմբերի 16-ի եւ 17-ին տեղի կունենա Եվրոպահայության 4-րդ համագումարը Եվրոխորհրդարանի ներսում, սպասվում է մեծ թվով քաղաքական եւ քաղաքացիական անձանց մասնակցություն, ինչպես նաեւ Եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, արծարծելու համար հայության առջեւ պարզված մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու ձեւերը:
Իսկ նոյեմբերին, ինչպես արդեն տեղյակ եք, հավանաբար կստորագրվի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, որին մոտիկից կհետևենք և կբերենք մեր օժանդակությունը:
Ինչ վերաբերում է այլ եվրոպական երկրներում Հայ դատի հանձնախմբերի կազմությանը, ապա ասեմ, որ մենք այդ գործընթացի մեջ ենք, եւ հուսով ենք, որ մեր հանձնախմբերի թիվը մինչև 2017 թվականի ավարտը կավելանա:
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի