Բաժիններ՝

«Զգալի հաջողություններ ենք ունեցել զինատեսակների ռազմական փորձարկումների ժամանակ». Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հրավիրված չի եղել ՀՀ վարչապետի կողմից օրերս հրավիրված հանդիպմանը, որտեղ քննարկել են IT ոլորտի ռազամավարության ծրագիրը։  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենց միությունից այդ հանդիպմանը մարդիկ եղել են, բայց հենց միությունը հրավիրված չի եղել։

«Չգիտեմ՝ ինչու մենք հրավիրված չէինք, իհարկե, մեր միությունից մարդիկ կային, բայց միությունը չկար, որովհետև միությունն ինքն իր ռազմավարությունն ունի ու, վարչապետի ասած, հեղափոխական ծրագրեր հենց մենք ենք անում, ինձ թվում է՝  պատահականություն է եղել մեզ չհրավիրելը, նոր վարչապետ է, երևի դեռ չեն կողմնորոշվել, թե ովքեր են դաշտի խաղացողները, հուսով եմ, որ դա կշտկվի, մենք կմասնակցենք IT ոլորտի ռազմավարության քննարկմանը»,- նշեց Կ. Վարդանյանը։

Նա նշեց, որ մամուլում կարդացել է, որ մինչև 2025 թվականը նախատեսնում են 40 հազար աշխատատեղ ստեղծել. «Կարծում եմ՝ բնականոն ընթացքով դա կլինի, դրա համար ռազմավարական ծրագիր պետք չէ ընդունել, ռազմավարությունը պետք է ուղղված լինի առնվազն մինչև 70-80 հազար աշխատատեղ ստեղծելուն, սա պետք է նշաձողը լինի»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կարծես ձեր համագործակցությունը չստացվեց՝ Կ. Վարդանյանը շտապեց արձագանքել. «Բայց ո՞ւմ հետ է ստացվել։ Մենք նախարարի հետ չենք դեռ շփվել, նախարարի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց շատ դրական կարող եմ արտահայտվել ռազմաարդյունաբերության պատասխանատուի՝ Դավիթ Փախչանյանի մասին։ Մենք ինժեներների մոբիլիզացիա ենք հայտարարել ոլորտի՝ ապրիլից հետո, որոնք բարձր տեխնոլոգիական ոլորտի զինատեսակներ էին պատրաստում բանակի համար, ուրախությամբ պետք է ասեմ, որ մենք արդեն դրա զգալի մասը ներկայացրեցինք նախագահին «ԴիջիԹեքի» փակ ցուցադրության ժամանակ, և այս վերջերս զգալի հաջողություններ ենք ունեցել դրանց ռազմական փորձարկումների ժամանակ։ Այստեղ լուրջ հաջողություն գնաց, ու էականորեն փոխնախարար Դավիթ Փախչանյանի ջանքերի արդյունքն էլ էր դա, որը կարողացավ կազմակերպի տեխնոլոգիական ոլորտի և նախարարության համագործակցությունը»։

Կարդացեք նաև

Սահմանների վերազինման մասով՝ Կ. Վարդանյանն ասաց, որ ինքը չի կարող նման հարցերի պատասխանել. «Նման հարցերը դուք ՊՆ-ին տվեք. Մենք ասում ենք, որ տվյալ արտադրանքը 100 անգամ ավելի էժան ենք արտադրում, մնացածը պետք է կառավարությունը որոշի»

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս