Բաժիններ՝

«Պաշտպանական ոլորտի ծախսերի թիվը մնացել է նույնը». ԱԺ-ում շարունակվում է բյուջեի քննարկումը

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում  շարունակում է քննարկվել ՀՀ  2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ընդհանուր բյուջեի ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել, ծախսերի մեջ որոշակի տողային վերաբաշխումներ կատարվել են, բայց  ընդհանուր բյուջեն իր շրջանակներով պահպանել է  նախորդ ցուցանիշները։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախարարը զեկույցը ներկայացնելիս նշեց, որ պատգամավորների առաջարկներն այնքան էլ կոնկրետ չէին։  Նրա խոսքով՝ ինքն առաջարկներ էր ներկայացրել, և վերջին 4 տարվա մեջ առաջին անգամն է, որ  իր որևէ առաջարկ չի ընդունվել։

«Մենք՝ մի խումբ պատգամավորներով, պաշտպանական ծախսերի ավելացման, որոշակի կոնկրետ սարքավորումներ ձեռք բերելու հետ կապված՝  առաջարկներ ենք ներկայացրել. այս մասով գրված է՝ կքննարկենք, երևի թե գեղեցիկ չի եղել ասել, որ չի ընդունվում առաջարկը, գրվել է՝ կքննարկենք։ Պաշտպանական ծախսերի հետ կապված՝ առաջին օրը նախագիծը ներկայացվելուց  մինչ այսօր փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Այս տարի բյուջեի նախագիծը կազմելուց և քննարկելուց, գոնե իմ մասով կարող եմ ասել, որ համագործակցություն չի եղել։  Եթե նախորդ կառավարությունից կապվում էին, ասում էին՝ նման առաջարկ եք ներկայացրել, կարո՞ղ է նախահաշիվ ունենաք, և այլն, այս անգամ դա էլ չի եղել։ Եթե անգամ  ինչ-որ բան էլ կոնկրետ չի եղել պատգամավորների կողմից ներկայացված, կարելի էր պատգամավորների հետ համագործակցել, ճշտել, բայց  քանի որ ի սկզբանե  նպատակ չի եղել բավարարելու այդ առաջարկները, չեք էլ համագործակցել»,- հայտարարեց Է. Մարուքյանը։

Ի պատասխան՝ նախարարն ասաց՝ որքան իրենց ժամանակը հերիքել է, իրենք փորձել են պատգամավոր գործընկերների հետ կապ հաստատել։ Նա նշեց, որ պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացման վերաբերյալ Է. Մարուքյանի արած առաջարկները շատ կարևոր են, սակայն դրանց համար պետք է ֆինանսական աղբյուրներ գտնել։

Նախարարը նշեց, որ այս պահին իրենք չեն կարող ոչ եկամուտները, ոչ էլ պակասուրդն ավելացնել.

«Եթե կտեսնենք, որ կան ոլորտներ, որոշակի ծախսեր, որ կարող ենք օպտիմալացման արդյունքում վերաուղղենք ավելի կարևոր ոլորտների, այդպես էլ կանենք, կարծում եմ՝ ընթացքում էլ մենք չենք զլանա, որ ձեզ հետ աշխատենք ու քննարկում ունենանք ծախսերի մասով»։

Նախարարը նշեց նաև, որ պաշտպանական ծախսերի թիվը նույնն է մնացել։

Է. Մարուքյանն արձագանքեց՝ ասելով, որ ինքը չի տեսնում օպտիմալացում, թեև ԾԻԳ-եր են կրճատվում.

«Կառավարությունն անգամ ռիսկ չի անում՝ փոխմարզպետների կրճատի։ Գումարների աղբյուրն ուռճացված կառավարման համակարգի կրճատման հաշվին պետք է լինի։ Էլի տեղեր կարող ենք ասել՝ ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի շենքերը վաճառելու հաշվին պետք է լինի, էնքան բան կա, բայց այդ կրճատումները չեն արվում, օպտիմալացում ես չեմ տեսնում»։

Վ. Արամյանը չհամաձայնեց Է. Մարուքյանի հետ.

«Չեմ կիսում այն մոտեցումը, որ մենք բավարար քաջություն չունենք,  մենք նույնիսկ  չափից ավելի ամբիցիոզ ենք գնում ծախսերի կրճատմանը։ Նույն Ֆինանսների նախարարության մասով մենք արդեն իսկ մեկ ՊՈԱԿ  և երկու ՓԱԿ բաժնետիրական ընկերություն կրճատել ենք, գործընթացը դեռ ավարտված չէ, դրա համար այստեղ չենք ներառել, դրա արդյունքում՝ միայն  200 միլիոն ունենալու ենք խնայողություններ։ Նույնը նաև՝ մնացած ճյուղային նախարարությունների մասով. կան բավական համարձակ քայլեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս