«Սերժ Սարգսյանն աշխատում է ԲՀԿ-ի դիրքորոշումը կորզելու վրա»
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի 2015 թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում: Այս հայտարարությունը մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի կողմից մեկնաբանվեց որպես նահանջի քայլ:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
– Ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի այս քայլը, եթե հաշվի առնենք նաև Եռյակի ներկայացուցիչների մեկնաբանությունները:
– Չեմ ուզում մեկնաբանել ՀԱԿ-ի այդ խոսքերը: Միգուցե ՀԱԿ-ը, որպես ի սկզբանե խորհրդարանական կառավարմանը դեմ քաղաքական ուժ, այդպես է գնահատում և համարում է, որ Ս. Սարգսյանի այս հայտարարությունը ետնահանջի դրսևորում է, այնուամենայնիվ, ես ամենևին չեմ ստացել այն տպավորությունը, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը Ս. Սարգսյանի համար կենաց-մահու խնդիր է: Ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ խաղը հետևյալն է. Ս. Սարգսյանն ասում է` «կփոխենք Սահմանադրությունը` ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, չենք փոխի` այդ դեպքում կլինեն խաղի այլ կանոններ»: Կարծում եմ` որևէ մեկը չի մոռացել Ս. Սարգսյանի` «եթե»-ներով և մի քանի տարբերակ ենթադրող այս հայտարարությունը:
Եթե ընդդիմության միակ փաստարկն այն է, որ Ս. Սարգսյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել բացառապես այն դեպքում, եթե անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա ես այդպես չեմ կարծում: Իշխանությունը բարեհաջող, իհարկե, երբեմն ցնցումներով և արյունով, բայց միշտ վերարտադրվել է հենց ներկայիս` նախագահական կառավարման համակարգի պայմաններում:
Հետևաբար, ես համաձայն չեմ, թե Ս. Սարգսյանն այլ տարբերակ չունի, ուստի որպեսզի գլուխ բերի իր համար միակ ելքը մնացած սահմանադրական փոփոխությունները, ետքայլ է անում: Այս խաղի կանոնը բավական երկար ժամանակ հետևյալն է մնում` «կփոխենք Սահմանադրությունը` լավ, չենք փոխի` ներկայիս Սահմանադրությունն ինձ համար էլի վատ չէ»: Սա է իշխանության կարգախոսը: Ս. Սարգսյանը Սահմանադրությունը չփոխելու դեպքում ուղղակի պիտի որոշի, թե ում է թողնում իշխանությունը, և ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ է եղել`այդ նույն եղանակո՞վ իշխանությունը փոխանցի, թե՞ շախմատային լեզվով ասած` փոխատեղում («ռակիրովկա») անի խորհրդարանական կառավարման ձևով:
Ս. Սարգսյանի անունից արված հայտարարությունը, իհարկե, առավելապես կապված էր հոկտեմբերի 24-ի հանրահավաքի և ընդդիմության հանրահավաքային գործընթացների հետ, բայց ուզում եմ այն մեկնաբանել` ոչ այնքան որպես վախենալու, այլ ուղղակի, այսպես ասած, վիճակ ստեղծելու դրսևորում, որովհետև գաղտնիք չէ, որ բավական երկար ժամանակ իշխանությունն աշխատում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը կորզելու ուղղությամբ, և քանի որ հոկտեմբերի 24-ին սպասվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, բնականաբար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է նա արձագանքում: Ս. Սարգսյանը թերևս սահմանել է մի ժամանակ և մի վերջնաժամկետ, որից հետո նա, ըստ էության, ասելիք կունենա թե´ կողմ, թե´ դեմ արտահայտվելու դեպքում:
– Ձեր խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ սահմանադրական փոփոխությունների հարցն իրականում գլխավոր խնդիրը չէ ո´չ իշխանության, ո´չ էլ ընդդիմության համար:
– Այնպես չէ, որ այն երկրորդական խնդիր է, բայց նաև այնպես չէ, որ դա չլինելու դեպքում իշխանություններն այլ ճանապարհներ չեն ունենալու իշխանության վերարտադրության համար: Եթե անգամ շարքային քաղաքացուն մոլորեցնեն, թե դա այդպես է, ապա գոնե քաղաքագետներիս, մտածող մարդկանց համար դա փաստարկ չէ, որովհետև այդ փոփոխությունները չեն եղել, երբ 98-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին իշխանություն է վերարտադրվել: Այնպես չէ, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում իշխանությունը վերարտադրվելու է անցնցում կամ վերարտադրությունը չի կարող ուղեկցվել այնպիսի իրադարձություններով, ինչպիսին Մարտի մեկն է: Դրանք բացարձակապես միմյանց հետ կապ չունեցող հարցեր են: Մարտի մեկ կարող է լինել և´ խորհրդարանական կառավարման պայմաններում անցկացված ընտրությունների դեպքում, և´ դրանից դուրս: Ի վերջո, այստեղ ոչ այնքան կառավարման ձևն է որոշում արյուն թափելու կամ չթափելու հարցը, այլ իշխանությունը հանձնել-չհանձնելու խնդիրն է ճակատագրական որոշման բերում:
– Այսօրվա դրությամբ որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի Սահմանադրությունը փոխելու մտադրությունից:
– Այս պահի դրությամբ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններ կատարելուց: Խնդիրն առավելապես կապված է ԲՀԿ-ի հետ, և եթե Դաշնակցությունը նույն սահմանադրական փոփոխությունների հարցով արդեն իսկ խնդիր ունեցավ Քառյակի մյուս անդամների հետ և դուրս եկավ Քառյակից, ապա սա այնպիսի մի խնդիր է, որի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխելու դեպքում կարելի է ասել` Եռյակ էլ չի մնա:
– Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն գնալով ավելի արմատական է դարձնում իր դիրքորոշումները և ավելի է հեռանում իշխանությունից:
– Ես չեմ ասում` իշխանությունը հաջողում է ԲՀԿ-ի դիրքորոշման վրա ազդելու առումով: Ես ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը և Ս. Սարգսյանը աշխատում են այդ դիրքորոշումը կորզելու վրա: Այլ բան է` դա կստացվի, թե չի ստացվի: Եվ նաև հասկանանք` եթե Ս. Սարգսյանի խոսնակն ասում է, որ Ս. Սարգսյանն իր ասելիքը կասի փետրվար-մարտին, դա նշանակում է, որ նա իր ասելիքը կասի ցանկացած պարագայում, եթե ԲՀԿ-ն ավելի կարծրացրած լինի իր դիրքորոշումը և հակառակը:
ԲՀԿ-ի ամբողջ ռազմավարությունը միտված է իշխանությունը թավշյա, սահուն ձևով վերցնելուն, դա նաև իրենք են ասում, իսկ Ստեփան Մարգարյանը ասաց` իրենք սպասում են, որ իշխանությունը քննարկման կնստի ԲՀԿ-ի հետ հերթական կամ արտահերթ ձևով դա անելու հարցով: Սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը բավական հետաքրքիր կացության մեջ է հայտնվել` իր ելույթի առումով, որովհետև սահմանադրական փոփոխությունների հարցում կոշտ գիծը շարունակելը կբերի Սերժ Սարգսյանի կողմից այլ ռեակցիայի և, բնականաբար, չեն արդարանա ԲՀԿ-ի այն սպասումները, որ իրենց հետ կխոսեն իշխանությունը փոխանցելու կապակցությամբ, և ճիշտ հակառակը կլինի, եթե այլ դիրքորոշում լինի:
Այս առումով, թերևս Գագիկ Ծառուկյանի ելույթի ամենաուշագրավ հատվածը, որին պետք է սպասել, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումն է, դրա արտահայտելու ձևը, տողատակերը, ենթատեքստը: Սրանից հետո հնարավոր կլինի ավելի հստակ պատկերացում կազմել առաջիկա զարգացումների վերաբերյալ: