«Գուբերնիա» էինք ասում, հիմա թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին ենք. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին  արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի ներկա մարտահրավերների մասին։

«Այն, ինչ հորջորջվում է միջազգային ամբիոններից, ոչ թե Հայաստանի ինքնիշխան Հանրապետության ներկայացուցչի խոսքն է, այլ արդեն օբյեկտ հանդիսացող հայաստանյան նահանգի ինչ-որ ղեկավարի խոսք։ Դրա համար, այդ փոփոխությունը, որ մենք ապրել ենք վերջին տարիների, ամիսների և ամեն անցնող օրվա հետ, իսկապես բերում է նրան, որ մենք ապրում ենք գոյութենական ինքնության, ինքնիշխանության և պետականության տագնապի մեջ»,- կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումներն այնպիսին են, որ շատ բան արդեն Հայաստանի շուրջ է ընթանում՝ պատերազմ, ռազմական գործողություններ, աշխարհաքաղաքական փոփոխություններ։

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանն ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում է «սողացող պանթյուրքիզմը», որին պատրաստ չենք ազգովի և պետականորեն։

«Կարծում եմ, որ առաջին հերթին կա հայ մարդու, ՀՀ քաղաքացու գոյութենական հիմնախնդիրը, կա մեր պետականության գոյության հարցը։ Ժամանակին «գուբերնիա, գուբերնիա» էինք ասում, հիմա, իսկապես, վիլայեթ չասեմ, բայց թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին ենք»,- հավելում է Հովհաննիսյանը։

Քաղաքական առաջնորդի խոսքով՝ առանց հայի ազգային ինքնության, հիշողության և պատմության չի կարելի ակնկալել պետականորեն ամուր, հեռահար, ինքնավստահ ապագա, և ներկա իշխանության կողմից մեր արժեքներն ու ազգային խորհրդանիշները, մեր անցած ճանապարհը ոտնատակ տալը հասցրել են Հայաստանն անդունդի եզրին, որը «կա՛մ պիտի ընդունենք, հաշտվենք, կա՛մ էլ պիտի փոխենք այս շաբաթների և ամիսների ընթացքում»։

Ըստ նրա՝ այդ փոփոխության եղանակներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են, բայց կան նաև սահմանադրական այլ եղանակներ։

«Բոլոր հնարավոր օրինական միջոցները և եղանակները պետք է ի գործ դրվեն Հայաստանի փրկությունը ոչ թե երաշխավորելու համար, այլ գոնե բավարար պայմաններ ստեղծելու, որ Հայաստանը, հայ ժողովուրդը շնչելու, բարեփոխվելու, դեպի ապագա նայելու հնարավորություն ունենա, և, որ ունենա վերջապես պետական ներկայացուցիչներ, ովքեր աշխարհի դեմ դիմաց ոչ միայն ինքնավստահ են, այլև ներկայացնում են հայի իրավունքը, հայ մարդու իրավունքը, պետության, ազգի իրավունքը։ Մենք բոլոր հնարավոր իրավունքները դրել ենք զոհասեղանին, հրաժարվել ենք, և չկա որևէ մի խոսույթ, մի իշխանական հռետորաբանություն, որը խոսում է հայի և հայաստանյան, հայկական իրավունքի մասին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցին, թե ե՞րբ է ՀՀ Անկախության հռչակագիրը պատերազմի առիթ կամ կոնֆլիկտի աղբյուր եղել, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրության նախաբանից հղումն Անկախության հռչակագրին հանելու իր ձգտումն արդարացնելու համար, Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան ընդգծում է՝ Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության անփոփոխ մասն է։

«Ես իրենց չեմ մեկնաբանելու։ Իրենք եկել են հարևան բռնապետների դիրքորոշումներն աստիճանաբար իրականացնելու՝ տղամարդկություն չունենալով այդ պահին ասելու, որ մենք պիտի Հայաստանի շահի մասին խոսենք՝ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պիտի ինչ-որ քարտեզներ գրենք, բայց, ի վերջո, գանք նրան, որ նրանց բոլոր նախապայմանները, պահանջները պիտի իրականացնենք, և դա են անում, և Անկախության հռչակագիրը միայն պրեամբուլային արտահայտություն է, որը նաև ամփոփում է մեր ազգային իրավունքների մի մասը, և պարզ է, որ այն մեր Սահմանադրության անփոփոխ մասն է, այն փոփոխման ենթակա չէ։

Եթե մենք ունենք իրավականություն, սահմանադրականություն մեր երկրում՝ դա ուղղակի փոփոխման ենթակա չէ։ Բայց պիտի չզարմանանք, որ այս կամ այն հնարքով իրենք դա կկարողանան ներկայացնել՝ որպես անհրաժեշտություն։ Թող փոփոխություն լինի, թող բարենորոգում լինի, թող ունենանք ժողովրդի կողմից վերջապես ընդունելի և ընդունված Սահմանադրություն, բայց ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի, իրավունքների, արժեքների։ Իրենք կարծում են, որ նոր պատմություն են գրում, բայց իրենք գրում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ երևանյան նահանգի պատմությունն Ադրբեջանի կազմում»,- ասում է «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհաննիսյանն այս համատեքստում շեշտում է, որ, իհարկե, 30 տարի մենք պիտի ուրիշ ձևով ապրեինք, բայց պետականության պայմաններում մեր հայրենազրկման, մեր հազարավոր լույս տղաների կորստի և Հայաստանի տարածքային ամբողջականության զիջման պատասխանատուն առաջին հերթին և ամբողջապես այս իշխանությունն է և նրա ղեկավարը։

«Ես կարող եմ ասել, որ որպես արտաքին գործոց նախարար՝ կողմնակից էի առաջին իսկ օրից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման։ Ես կարող եմ դա հիմա հիմնավորել, թե ինչու ճիշտ էր ի սկզբանե կամ առնվազն 1994 թվականի եռակողմ հրադադարին զուգահեռ, բայց դա հիմա ոչ մի բան չի փոխում։ Մենք հնարավորինս համակարգված, պետականորեն չէինք պատրաստված։ Մենք մտածում էինք, որ տրված է մեզ անվտանգությունը, որ Արցախի վրա «զոնտիկ» կար, որ ամեն ինչը պաշտպանված էր, բայց մենք չհասկացանք, որ մեր անձից և հատվածական շահից բարձր կա պետության շահը։

Մենք դա չգիտակցեցինք և չպաշտպանեցինք, բայց կարող եմ ասել, որ դիվանագիտության մեջ, նաև՝ սահմանագիծ, առաջնագիծ ապահովելու տեսակետից մենք պաշտպանեցինք նվազագույնը, այսինքն՝ նվազագույն շեմը մեր ամբողջականության, ինքնիշխանության և անկախության և նվիրումը նույն Անկախության հռչակագրի սկզբունքներին ապահովվեցին, մեծ-մեծ վերապահումներով, մեծ-մեծ սխալներով ու մեղքերով, բայց ապահովվեցին»,- հիշում է նախկին ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ որևէ մի գործիչ կամ որևէ շրջանի մի ղեկավար վեր չէ քննադատությունից, ամեն մեկն ունի իր մեղքը, բայց այդ հանրագումար մեղքը որևէ ձևով չի փոխում այսօրվա իշխանության և իշխանավորի ուղիղ ու անմիջական պատասխանատվությունը մեր կորուստների, պարտությունների և ստորացման համար։

«Մենք ուղղակի ստորացված վիճակում ենք, երբ մեր երկրում ամեն օր ապրում ենք որպես հայ և հայաստանցի և հետևում ենք, թե ինչպես այդ ներկայացուցիչները, արդեն իրենց լեգիտիմությունը կորցրած, փորձում են ներկայացնել մեր երկիրը, մեր արժեքները, մեր ինքնությունը, մեր քաղաքակրթությունը հարևան բռնապետների՝ մեզ զավթածների, մեզ օկուպացիայի ենթարկածների շահերի և խոսքերի համապատասխան։ Ես համարում եմ, որ այսօրվա իշխանավորը և իշխանությունն ուղղակի պարոն Ալիևի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշելով Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքը, որ՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը, և պատասխանելով հարցին՝ Արցախի բռնազավթումից հետո ի՞նչ վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է.

«Այն, ինչ ապրում ենք այսօր, մոնթեաուրացում է»։

«Ժառանգության» հիմնադիրը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին France 24-ին նախորդ ամիս տված հարցազրույցում թույլ տված արտահայտություններին, մասնավորապես՝ հայ ռազմագերիներին Նյուրնբերգի դատարանում մահվան դատապարտված նացիստների հետ համեմատելուն և այդ առիթով Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությանը, որում Ալիևը բնորոշվում է՝ որպես ցեղասպան պետության առաջնորդ։

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է՝ ավելի քստմնելի, զարհուրելի և դատապարտելի բան, քան այդ բռնապետի խոսքը, դժվար է պատկերացնել։

«Նյուրնբերգի դատարանի առջև նախ ինքը պիտի կանգնի՝ հայկական Նյուրնբերգի կամ միջազգային ժամանակակից Նյուրնբերգի։ Հենց ինքը և իր ռազմաքաղաքական համակարգի ներկայացուցիչները պիտի ենթարկվեն Նյուրնբերգի արդարադատության և ոչ թե իրականությունը շուռ տալով, գլխիվայր ներկայացնելով՝ փորձել ուղղել այլ ուղղությամբ։ Առաջինն ինքն անձամբ և իրենք պետք է ապրեն իրենց Նյուրնբերգը։

Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական իրականությունն այն չէ, որ կարողանանք ակնկալել, որ սա դառնում է գերակա օրակարգ, և այդ մի դրվագը ցույց է տալիս, թե ինչու անհնար է առանց սիմետրիայի, առանց արժանապատվության և հավասարության իրական խաղաղության հաստատումը։ Դա ուղղակի պատկերում է այն ներաշխարհը, որի հիման վրա այդ մարդը և իր իշխանությունը շարունակում են մինչ օրս իրականացնել իրենց քաղաքականությունը։ Դա միջանցք է, դա «արևմտյան Ադրբեջան» է, դա Հայաստանի և հայ ժողովրդի մշակութային, եկեղեցական և հոգևոր ժառանգության նկատմամբ շարունակվող ցեղասպանությունն է։

Տարբեր չափումներ կան, բայց այդ մի նախադասությունը ցույց է տալիս, թե իրենք ինչպես են վերաբերվում հայ ժողովրդին, Հայաստանի ապագային և այդ ուղղահայաց ակնկալիքին, որ իրենք ունեն: Իրենց պետք է հայաստանյան մի նահանգ, որը ենթակա է Բաքվին և Անկարային, և որը չունի ինքնուրույն ողնաշար և տեսակետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դրա համար էլ տեսնում ենք այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ Հայոց ցեղասպանության ուրացում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնանկություն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ինչ-որ գիրք նվիրելու համար։

Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Վենսի խոսքը Երևանում, այն է՝ Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում աջակցություն հայտնելը, ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։

«Ֆենոմենալ ասելը մի քիչ շատ շռայլ կլիներ տվյալ դեպքում, բայց այդ հատակը, որ իրենք ստեղծել են դիվանագիտության մեջ և իրական կյանքում, մեզ չի զարմացնում, բայց երբ ցեղասպանության ենթարկված ժողովրդի պետական ներկայացուցիչն արդեն վերցնում է իր վրա ցեղասպան ռեժիմի քարոզչությունը, իրենց թեզիսները, իրենց մոտեցումները՝ մեղադրելով զոհին անգամ, սա ուղղակի այս աշխարհից դուրս, որևէ բանականությունից դուրս բան է, երբ իրենք վերցնում են ցեղասպանության ենթարկված ժողովրդի ճշմարտացիությունը, իրավունքները և այլն, գլխիվայր են դնում և ներկայացնում են ոճրագործի մոտեցումը, որտեղ «մեղավոր է» զոհը»,- հավելեց նա Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ։

Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համեմատում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ Ֆրանսիայում համագործակցած մարշալ Պետենի վիշիական կոլաբորանտ ռեժիմի հետ։

«Սրանք նույն Վիշիի ռեժիմն են, որ արդարացնում է ցեղասպան ռեժիմը և փորձում է ներկայացնել որպես Հայաստանը փրկելու եղանակ, թե հինգ հազար ոսկե տղա պիտի գնար զոհ, Արցախը պիտի հայրենազրկվեր, և սրանք «փրկագին էին՝ Հայաստանի Հանրապետության պետականության ապագան ապահովելու համար»։ Ավելի անհեթեթ, ավելի գռեհիկ, ավելի անմարդկային, տմարդի և ավելի ստոր մոտեցում իմ ամբողջ փորձառության ընթացքում չեմ տեսել»,- նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ Արցախի հարցը փակված չէ, այն կարելի է հետագայում միջազգային օրակարգ վերադարձնել, այդ հույսը, երազանքը պիտի պահել, բայց դա ենթադրում է մեծ աշխատանք և համազգային բարենորոգում։

«Միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի տեղը պետք է վերականգնվի, պետք է վերադառնանք՝ որպես սուբյեկտ, և նույն Մինսկի խմբի առնչությամբ պիտի նշեմ, որ ես էի, որ որպես նախարար՝ Հայաստանի Հանրապետության անունից 1992 թ. մարտին Հելսինկիում ընդունեցի Մինսկի խմբի միջնորդությունը, և այնտեղ՝ դիվանագիտական սեղանի շուրջ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր որպես լիարժեք, լիիրավ անդամ և վետոյի իրավունքով։ Այնտեղ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները մասնակցելու էին Մինսկի կոնֆերանսին, որը պիտի որոշեր Արցախի կարգավիճակը։

Այդ նույն Հելսինկյան փաստաթղթի մեջ կար այդ բանը, որ քանի որ պատերազմական ընթացիկ գործողություններ էին, որ կազմակերպությունը պետք է մարդասիրական միջանցք բացի Հայաստանի և Արցախի միջև, և փաստորեն, ամիսներ անց հայ ժողովուրդն ինքը բացեց այդ միջանցքը, որը որոշված էր այդ նույն ԵԱՀԽ-ի կողմից, ուստի ասել, որ ի սկզբանե այսպես էր, թե մենք սխալ հասկացանք միջազգային իրադրությունը, որ «ղարաբաղյան շարժումն ինչ-որ մութ շարժում է», ուղղակի ես կասեմ՝ դրանք հակաիրավական և քրեական նշանակության արտահայտություններ են, որոնք ուրանում են սեփական պատմությունը և սեփական պատմությունից այն կողմ՝ բուն իրավունքի հասկացությունը։ Դու բռնաբարում ես սեփական ժողովրդի անհատական և հավաքական իրավունքը, և դրա համար որևէ ներում չի կարող լինել»,- վերհիշում է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս