Մենք ունենք բոլորիդ կարիքը. կա՛մ մենք, կա՛մ նրանք. մենք ընտրում ենք Հայաստանը. Իշխան Սաղաթելյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը:
Իսկ մինչ այդ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին:
«Հայաստանի քաղաքական պատմության մեջ կա մի վատ ավանդույթ. ընտրություններից հետո նախընտրական դաշինքները սովորաբար փլուզվում են, մարդիկ հեռանում են, իսկ միավորող գաղափարները՝ մոռացվում։ Բայց նայե՛ք այս դահլիճին. մենք այսօր ավելի ամուր ենք, պինդ և պատրաստ նոր պայքարի։ Չնայած հարվածներին, քաղաքական հալածանքներին, աննախադեպ ճնշումներին՝ «Հայաստան» դաշինքը ոչ միայն մնաց կենսունակ, այլև այսօր ներկայանում է նորացված ու ընդլայնված կազմով։
Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտնելու. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են համագործակցությունը։
Մեզ է միացել «Առաջ» կուսակցությունը, նաև հանրային ու քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով: Սա սոսկ նախընտրական միավորում չէ։ Անձի կամ անձերի շուրջ համախմբվելու փորձ չէ։ Սա Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերի և մարդկանց ջանքերի մեկտեղումն է՝ հայկական ինքնությունը պահելու, մրցունակ և անվտանգ Հայաստան վերակերտելու նպատակով»,- նշեց նա՝ հիշելով արդեն անցած պայքարի տարիները և համարելով, որ կռիվ են տվել և՛ փողոցում, և՛ խորհրդարանում, և միջազգային հարթակներում:
«Մենք չենք խուսափել պայքար կազմակերպելու պատասխանատվություն ստանձնելուց, չենք վախեցել թիրախավորվելուց, չենք ասել՝ լուռ մնանք, որ հարված չընդունենք, հետո կգնանք՝ ընտրության կմասնակցենք։ Մենք դուրս ենք եկել պայքարի, որ վիճակ փոխենք։ Այո՛, սխալներ ու բացթողումներ եղել են։ Ես սա ասում եմ ուղիղ։ Բայց մեր սխալները պայքարողի սխալներ են, ոչ թե դավաճանի կամ անտարբեր դիտորդի։ Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Մենք մեր նպատակների և քայլերի մեջ եղել ենք անկեղծ և ազնիվ: Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր պայքարի բոլոր ընկերներին, մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր չլռեցին, պայքարեցին իրենց առողջության, աշխատանքի և ազատության հաշվին, դուք մեր երկրի իմունիտետն ենք, դիմադրության, պայքարի ջահն առաջ տանողները։ Այս տեսակն է մեր երկրում հաղթելու: Այսօր մեր ընկերներից շատերն անազատության մեջ են, առաջարկում եմ ողջունենք՝ Արթուր Սարգսյան, Իգոր Սարգսյան, մեր Սրբազաններին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Մեզ ասում են՝ «նախկին եք»՝ փորձելով պիտակավորել։ Փաստորեն անցյալ և պատմություն ունենալը պիտակ է, մենք մեր անցյալից և պատմությունից չենք հրաժարվում, դա անկախություն կերտելու, Արցախ ազատագրելու, պետություն կառուցելու և արժանապատիվ ապրելու պատմություն է, դա ապագա կերտելու պատմություն է: Հակահայ վարչախումբն արդեն հայտարարել է Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու մասին։ Սա ինքնախոստովանական ցուցմունք է։ կան միավորում չէ։ Ա
Նա արդեն կործանել է Արցախը, հիմա պատրաստվում է կազմաքանդել Հայաստանի պետականությունը։ Այն, ինչ նա անվանում է «իրական Հայաստան», իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանն է՝ Պետություն՝ Ադրբեջանի թելադրած Սահմանադրությամբ, Պետություն՝ առանց Եկեղեցու, առանց պատմության, առանց ինքնության, Պետություն՝ առանց բանակի, Պետություն՝ որի ապագան կախված է Ալիևի ու Էրդողանի քմահաճույքից։ Եթե չարիքի իշխնությունը վերարտադրվի, սա դառնալու է իրականություն։ Սիրելի՛ ժողովուրդ, առջևում սովորական ընտրություններ չեն։ Սա հերթական քաղաքական մրցավազք չէ։ Սա գոյաբանական հարց է»,- շարունակեց Իշխան Սաղաթելյանը:
Այս համատեքստում Դաշնակցական գործիչը դիմել է ընդդիմադիր մյուս ուժերին՝ նշելով.
«Մեր նպատակը մեկն է՝ կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը։ Կտրել զիջումների այս շղթան։ Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանում չկա որևէ ուժ, որ սա կարող է անել միայնակ, ուստի շատ ուղիղ դիմում եմ ընդդիմադիր ուժերին. մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա կամ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է՝ գործող վարչախումբը։ Մենք առաջնորդվելու ենք այդ սկզբունքով և նույն ակնկալիքն ունենք ընդդիմադիր բոլոր ուժերից»:
Արտաքին դերակատարներին ևս Իշխան Սաղաթելյանն ասելիք ուներ:
«ՀՀ-ում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է։ Արտաքին որևէ միջամտություն որևէ մայրաքաղաքից մեր համար անընդունելի է։ Բոլորի համար սա թող հստակ լինի։ Խոսքս ուղղում եմ մեզ հետևող հայրենակիցներին Ես գիտեմ՝ այս դահլիճից դուրս կան հազարավոր մարդիկ, ովքեր այսօր մեզ լսում են կասկածով»:
Իր ելույթի ընթացքում շարքային քաղաքացիներին ուղղված իր խոսքում էլ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց.
«Ձեզ ամեն օր համոզում են, որ դուք խաղաղ եք ապրում, և իշխանափոխությունը հավասար է պատերազմի։ Եկեք անկեղծ լինենք. արդյո՞ք անվերջանալի զիջումները ձեզ տվել են այդ սպասված հանգստությունը։ Արդյո՞ք ամեն զիջումից հետո դուք ձեզ ավելի անվտանգ եք զգում, Վստահ եմ՝ ոչ: Մեր առաջարկը «հավերժական պատերազմը» չէ։ Մեր առաջարկն արժանապատիվ կայունությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք այն կանխելու, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինքնիշխանությունը վերականգնելու և մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու։
Մենք գալիս ենք կառուցելու մի պետություն, որը ստիպված չի լինի ամեն օր ինչ-որ բան զիջել՝ մեկ օր ավել խաղաղություն «մուրալու» համար։ Մենք գալիս ենք մեր անկախության հռչակագիրը և մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները պաշտպանելու։ Մենք գալիս ենք հաստատելու ազգային համերաշխություն և իրական խաղաղություն, որը հիմնված է ոչ թե վախի, այլ ամուր բանակի, խելացի դիվանագիտության և հզոր տնտեսության վրա։ Մենք գալիս ենք փոխելու այս հուսահատության մթնոլորտը և ցույց տալու, որ հնարավոր է լինել թե՛ պաշտպանված, թե՛ բարեկեցիկ»:
Իշխան Սաղաթելյանի խոսքով, նորացված «Հայաստան» դաշինքը ժողովրդին առաջարկում է այլընտրանք՝ հիմնված երեք անկյունաքարերի վրա՝
–Անվտանգ և մրցունակ պետություն, որտեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։
-Ինքնության վրա հիմնված ազգային պետություն, որտեղ հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր գոյության հիմքերն են։ Մենք պետք է լինենք արդիական՝ պահպանելով մեր արմատները։
–Համահայկականություն. Հայաստանը բոլոր հայերի պետությունն է։
«Սփյուռքը մեր ռազմավարական ուժն է և պետականաշինության մասնակիցը։ Մենք պայքարում ենք հենց նպատակների իրականացման համար։ Ու այստեղ մենք ունենք բոլորիդ օգնության կարիքը։ Մեզ սպասվում է դժվար ընտրություն՝ ընտրություն թշնամական պահանջների ու մեր ազատության միջև։ Մեզ սպասվում է համազգային քննություն։
Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ունենք ծրագիր, փորձառու թիմ, կամք և վճռականություն՝ չարիքի ռեժիմը հեռացնելու և մրցունակ ու անվտանգ պետություն կառուցելու համար, մենք դա կարող ենք և անելու ենք միասին։ Ուժով, խաչով և Արարատով»,- եզրափակեց Սաղաթելյանը:



