Ո՞ւր է այս օրերին կորել Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը. Ֆահրադդին Աբոսզոդա
Այսօր REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի «Ադրբեջանի պաշտպանության նախարարի արյունալի արձակուրդը» խորագրով հոդվածը, որը զգալի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Լեռնային Ղարաբաղում` ճակատային գծում, իրավիճակը թեժանում է օրեցօր: Այն բանից հետո, ինչ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ին Ղարաբաղի բանակը հետ մղեց ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբերի գրոհը, որի ժամանակ Ադրբեջանը կորցրեց 14 զինծառայող (կան տասնյակ վիրավորներ), կատաղի մարտերը օգոստոսի 2-ի գիշերը շարունակվեցին ճակատային ողջ գծով:
Հայկական ԶԼՄ-ների հաղորդմամբ` մարտերի ընթացքում ղարաբաղցիները գրավել են Ակնի (Աղդամ) շրջանի Գյուլիջա գյուղը (ադրբեջանական ԶԼՄ-ները լռում են գյուղի գրավման կապակցությամբ, ինչի պատճառը հավանաբար ՊՆ-ից համապատասխան տեղեկատվության բացակայությունն է):
(Ադրբեջանական) ANS PRESS-ի հաղորդմամբ` այդ մարտերի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվն արդեն իսկ հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը` 8-ի: Այդպիսով, երկօրյա մարտերի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը մոտենում է 20-ի:
Միաժամանակ ի հայտ են եկել դիվերսիոն խմբերի գիշերային միջադեպի բավական հետաքրքրիր մի շարք փաստեր: Հայկական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանցի դիվերսանտները, օգտվելով հանկարծակիության գործոնից, ներթափանցել են Ղարաբաղի բանակի դիրքեր, որի ժամանակ սպանել են հակառակորդի երկու զինվորի:
Այն բանից հետո, ինչ հետ է մղվել այդ հարձակումը, հայկական կողմն Ադրբեջանի ՊՆ-ում իր աղբյուրներից հետախուզական գաղտնի տվյալներ է ստացել այն մասին, որ գիշերը 4 ուղղությամբ պատրաստվում է դիվերսիոն խմբերի նոր հարձակումներ, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է գտնվի 10-15 մարդ: Եվ նրանք նստել և սպասել են «անկոչ հյուրերին»: Գիշերը, երբ տեղի ունեցան հարձակումները, Ղարաբաղյան բանակը ոչնչացրեց 14 մարդու, մոտ 30 մարդ վիրավորվեց:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովն այդ ընթացքում հանգստանալիս է եղել Բոդրումում (Թուրքիա): Չար լեզուները պնդում են, որ այդ ողջ ընթացքում նա ոչ մի րոպե չի հեռացել իր «բջջայինից»: Կարծես թե, լավ լուրեր է ակնկալել Բաքվից:
Եթե հավատանք այդ հաղորդումներին, ապա ստացվում է, որ Զաքիր Հասանովը պատրաստվում էր հայրենիք վերադառնալ որպես հաղթահերոս: Սակայն ի հակադրումն նրա ակնկալիքների` բոդրումյան արձակուրդը նրա համար դարձավ արյունալի: Նրա բանակը կրեց լիակատար ֆիասկո, և նա հարկադրված է եղել դադարեցնել իր արձակուրդը, և Բոդրում հանգստավայրից վերադառնալ «Ղարաբաղյան դժոխք»:
Բնականաբար, Բաքվում անմիջապես մտահոգվեցին մեղավորներ գտնելու հարցով, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղեն ճակատային գծի այդ ամոթից: Առաջինը մեղավորներ ճանաչեցին հեռուստաալիքները, որոնք չփոխեցին իրենց հեռարձակման ծրագրերը` չնայած ճակատում գրանցված նման աղետին:
Ապա քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ինչպես արդեն հաղորդվել է, սկսեցին հնչեղ հայտարարություններ անել «Մոսկվայի ձեռքի» մասին` նրան մեղադրելով Բաքվում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Բաքվի ԶԼՄ-ների համար գլխավորը երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից ու անձամբ Իլհամ Ալիևից ուշադրությունը շեղելն է, որի մեղավորությամբ աղքատ ընտանիքների երիտասարդ տղաները (պաշտոնյաների ու հարուստների երեխաները սովորաբար չեն ծառայում բանակում) վերածվում են սովորական թնդանոթի մսի:
Կառավարամետ vesti.az պորտալն արժանին է մատուցում Ադրբեջանի ռազմական գերատեսչությանը միայն նրա համար, որ նա չի թաքցրել զոհված զինծառայողների թիվն ու անունները` դրա հետ մեկտեղ ոչինչ չասելով տեղի ունեցած աղետում ՊՆ-ի ղեկավարության մեղավորության մասին: Մեծ հերուսություն է, ոչինչ չես ասի: Իսկ այդ դեպքում ո՞վ է մեղավոր:
Իսկ ով կարող է մեղավոր լինել նման ամոթալի աղետի համար, բացառությամբ Ադրբեջանի Հանրապետության նախագահից: Չէ՞ որ նա մանուկի նման սիրում է ռազմական տեխնիկա, այն գնում է վիթխարի քանակությամբ, սակայն դրա հետ մեկտեղ չգիտի, թե ինչպես կիրառել այն:
Որովհետև նրա հարազատներն ու մերձավորները բանակում զբաղեցնում են «եկամտաբեր» բոլոր պաշտոնները, իսկ նրանց համար գլխավորը բյուջետային միջոցների սղոցումն է, և ոչ թե ընդհանրապես շարքային զինվորի ճակատագիրը:
Իլհամ Ալիևի այդօրինակ «իմաստուն» քաղաքականության շնորհիվ է, որ ադրբեջանական բանակը ղեկավարում է նախկին ոստիկանը (նախարարն իր ողջ կյանքում ծառայել է ներքին զորքերում), իսկ բանակային հետախուզության ղեկին կանգնած է կոմերցիոն բանկերից մեկի պահպանման ծառայության նախկին պետը:
Բացի այդ, ՊՆ-ի ղեկավարությունը, որը ոչինչ չի մտածում բանակային գործերի մասին, գտնվում է հասարակության և առանձին քաղաքական գործիչների, պատգամավորների մշտական ճնշման տակ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է բանակաշինությամբ զբաղվել սեփական հայեցողությամբ:
Օրինական, պատգամավորներից մեկը ոչ վաղ անցյալում բանակային ղեկավարությունից պահանջել է Ղարաբաղում անցում կատարել դիվերսիոն պատերազմի: Կարծես թե, «ոստիկանը» (Զաքիր Հասանով) հավատացել է իր անձնական փորձին և փորձել է գրոհներ կազմակերպել հակառակորդի թիկունքում: Նույն պատգամավորն այսօր զարմանում է, թե ինչու այդչափ զոհերի դեպքում նախագահն ազգային սուգ չի հայտարարում երկրում:
P.S. – Եվս մեկ հետաքրքրական փաստն այն է, որ այս ողջ օրերին (որոնք, կարծես թե, դեռ շարունակվում են), ադրբեջանական բանակի համար աղետալի իրադարձությունների ժամանակ ոչ մի անգամ հանրության առջև չի երևացել և միջադեպի նկատմամբ իր վերաբերմունքը չի հայտնել Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Նա անգամ անհրաժեշտ չի համարել զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելը: Տարօրինակ է, սակայն` փաստ»: