«Հարավային Կովկասի ուժեղագույն բանակի» հերթական աղետը. Ֆահրադդին Աբոսզոդա

Օգոստոսի 1-ին REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի ««Հարավային Կովկասի ուժեղագույն բանակի» հերթական աղետը» խորագրով հոդվածը, որը ներկայացվում է ստորև.

«Երբ REX-ը գրեց Հայաստանի ու Նախիջևանի սահմանին ոչ վաղ անցյալում գրանցված միջադեպի մասին, որի արդյունքում, հայկական մի շարք տեղեկատավական ռեսուրսների հաղորդմամբ` (Հայաստանին) վերադարձվեց վիթխարի տարածք (մոտ 200 քառակուսի կիլոմետր), շատերը Բաքվում շփոթվածությամբ ընդունեցին այդ տեղեկատվությունը և դա որակեցին որպես «Ադրբեջանի դեմ Հայաստանի տեղեկատավական պատերազմի հերթական խմբաքանակ` բնականաբար, Մոսկվայի ցուցումով»:

Անկեղծ ասած` մեզ համար այդ հարցում ավելի կարևոր էր ոչ թե «Հայաստանին անցած» տարածքը, այլ` այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն կերպ ձգտում այդ փաստը թաքցնել իր հանրությունից: Այն ժամանակ բանը հասավ նրան, որ Ադրբեջանի ՊՆ-ը պաշտոնապես հայտարարեց, որ, իբրև թե, ընդհանրապես չի եղել որևէ «չեզոք գոտի», որն էլ անցել է Հայաստանին:

Այսինքն, ստացվում է, որ (պաշտոնապես չհայտարարված) պատերազմական իրավիճակում գտնվող երկու բանակների շփման գծում հայ և ադրբեջանցի զինծառայողները գտնվել են միմյանց հետ «ողջագուրման» մեջ: Ինչևէ, այն ժամանակ ադրբեջանական կողմին հաջողվեց հրաշքով մոռացության մատնել տվյալ հարցը և հանգստացնել երկրի բնակչությանը:

Դրա հետ մեկտեղ դեռ այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ, հազիվ թե, կհաջողվեր երկար պահպանել այդ իրավիճակը: Այսօր մենք ականատես ենք դառնում ադրբեջանական կողմի այդ քաղաքականության շարունակմանը, առավել ճշգրիտ ասած` դրա ցավալի հետևանքներին:

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Voskanapat.info լրատվական պորտալը հայտնեց, որ «հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի մարտիկները հետ են մղել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, որը փորձել է ներթափանցել Մարտակերտի շրջան: Դժբախտաբար, բախման ընթացքում, որի ժամանակ ոչնչացվել է մոտ 5 ադրբեջանցի դիվերսանտ, հերոսաբար զոհվել է երկու հայ մարտիկ:

Դրանից հետո հավաստի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել ադրբեջանական կողմի առաջիկա նոր հարձակումների մասին, որոնց մանրակրկիտ մշակումից հետո հստակեցվել են ադրբեջանցի դիվերսանտների հետ առաջիկա «հանդպման» ուղղությունները: Որոշվել է տվյալ ուղղություններում պատրաստել մահաբեր ծուղակ` դարան: Արդյունքում, ադրբեջանական դիվերսիոն խմբերն ընկել են այդ ծուղակը»:

Տվյալ գործողությանն անմիջականորեն մասնակից հայ սպաներից մեկի խոսքերի համաձայն, հակառակ կողմն անգամ չի կրակել. «Մի մասն արագորեն փախուստի է դիմել դեպի հետ, մյուսները փորձել են սողալով հետ քաշվել, երրորդներին, կարծես թե, կաթվածահար է արել վախը և պատժի անխուսափելիությունը»:

Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավարությունը հերթական անգամ մեծապես ձգտեց, որպեսզի այդ տեղեկատվությունը հանրությանը մատուցի իր համար բարենպաստ ֆոնով: Ադրբեջանի ՊՆ-ի արտակարգ հայտարարությունում նշված էր. «Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերը զգալիորեն ակտիվացել են: Թշնամական ուժերը քանիցս փորձեր են ձեռնարկել` հատելու համար հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը»:

Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ադրբեջանական կողմն է պատրաստել միաժամանակ մի քանի ուղղություններով դիվերսանտների հարձակում, այլ` «հայկական բանակի հետախուզա-դիվերսիոն ջոկատներն են նախօրեին փորձեր ձեռնարկել` ճեղքելու համար Ադրբեջանի պաշտպանական գիծը»: Սա առաջին հերթին: Հետագայում ավելի հետաքրքիր է.

«Ադրբեջանի զինված ուժերը հետ են մղել թշնամական ուժերի հարձակման փորձը, տևական մարտի արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ և հարկադրված է եղել նահանջել: Եռօրյա մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի 8 զինծառայող»:

Վերջապես, ՊՆ-ը հերթական անգամ չմոռացավ հայտարարել, որ «մեր զինվորների արյունը չի մնա առանց վրեժի»: Սա, ինչպես արդեն հավանաբար հասկացավ ընթերցողը, մաքուր լիրիկա է: Իսկ մենք հետևենք ՊՆ-ի այդ հայտարարության նկատմամբ ադրբեջանական հանրության արձագանքին:

Առաջինն արձագանքեց հանրահայտ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, ով Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ անմիջապես կասկածի տակ դրեց ՊՆ-ի այդ հայտարարությունը. «Ես մինչև վերջ չեմ հավատում ՊՆ-ի տարածած տեղեկատվությանը: Կարծես թե, նրանք հապճեպ են պատրաստել այդ տեղեկատվությունը: Բոլորին է հայտնի, որ հարձակվող կողմը մշտապես ունենում է ավելի մեծ կորուստներ, քան` հարձակումը հետ մղող կողմը»:

Ապա նա խոստովանում է, որ «հայերի երեկվա դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմի կրած կորուստներն ամենամեծն են` սկսած 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի ռեժիմի հաստատումից»:

France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է ադրբեջանցի 14 զոհված զինծառայողի մասին: Գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական հետախուզական խումբը փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղ, սակայն ընկել է ծուղակը:

Ինչպես և սպասվում էր, ադրբեջանցի վերլուծաբաններն ու լրագրողներն այս անգամ էլ չկարողացան չանդրադառնալ «Մոսկվայի ձեռքին»: Պրոֆեսոր Գաբիլ Հուսեյնլին Axar.az-ին հայտարարել է, որ «Մոսկվան ավելի վաղ ձգտել է որոշակի գայթակղիչ առաջարկների միջոցով Ադրբեջանին հարել Մաքսային միությանը, սակայն այժմ նա, կարծես թե, փոխել է իր հռետորիկան»:

Նա դա կապում է «Ռուսաստանի ախորժակի մեծացման հետ, ինչի համար էլ նա մեծացնում է ճնշումն Ադրբեջանի վրա և ձգտում է նրան ներքաշել պատերազմի մեջ»: Հուսեյնլին վստահեցրել է, որ «Ռուսաստանը դրանով իսկ ձգտում է վախ և խուճապ առաջացնել բնակչության շրջանում: Նա ոչ մի կերպ չի հասնի դրան: Եթե Ադրբեջանը գործարկի իր ռազմական պոտենցիալը, ապա կարող է այստեղից վտարել յուրաքանչյուր ուժի»:

Սակայն Մոսկվայի վրա ձեռքերը թափահարելու փոխարեն, Հուսեյնլին ոչ մի բառ չի ասում, թե Ադրբեջանն ինչու չի գործարկել իր ռազմական պոտենցիալը, որպեսզի այդքան զոհեր չգրանցվեր իր զինծառայողների շրջանում:

(Քաղաքագետ) Վաֆա Գուլուզադեն նրանից հետո Axar.az-ին հայտարարել է. «Ես մշտապես ասել եմ, որ ճակատային գիծը ղեկավարվում է Մոսկվայից, և որ յուրաքանչյուր կրակոց արձակելու հրամանը գալիս է Մոսկվայից»: Նրա բնորոշմամբ` «վերջին միջադեպը հանդիսանում է Մոսկվայի կոշտ ուղերձը»:

Այսօր Ադրբեջանում առանձին քաղաքական ու հասարակական գործիչներ տվյալ միջադեպը որակում են որպես «աղետ», մի շարք պատգամավորներ չեն հասկանում, թե ինչու երկրի ղեկավարությունը չի հայտարարում ազգային սուգ, ոմանք վրդովվում են, մյուսները պարզապես վշտացած են:  Սակայն մեզ համար ամենակարևորն այդ ամենը չէ:

Մեզ համար գլխավորն այն է, որ մի կողմից Ադրբեջանի «ամենաիմաստուն» նախագահն անվերջ սպառնում է հայկական կողմին, ինչպես նաև համայն աշխարհին, որ, իբրև թե, «Հարավային Կովկասի ուժեղագույն բանակը յուրաքանչյուր պահի կարող է ուժով ազատագրել օկուպացված տարածքները», սակայն մյուս կողմից էլ, չգիտես ինչու, շփման գծում գրանցվող նմանատիպ ամեն միջադեպի ժամանակ նախ նրա բանակը մեկը մյուսի հետևից կրում է նմանատիպ ջախջախիչ պարտություններ` դրանով իսկ ապացուցելով, որ կատարելապես անընդունակ է վարել ռազմական հաջող գործողություններ:

Եվ երկրորդ` ունենալով նման «ուժեղ բանակ»` ինչո՞ւ են Ադրբեջանում այդչափ վախենում պատերազմի վերսկսումից, և ամեն անգամ ընկնում են խուճապի մեջ: Բնականաբար, ես կողմնակից չեմ պատերազմի վերսկսմանը: Սակայն մյուս կողմից էլ բոլորին արդեն իսկ մեծապես ձանձրացրել են Իլհամ Ալիևի նմանատիպ ագրեսիվ հայտարարությունները, ով ամեն անգամ համայն աշխարհի առջև ի ցույց է դնում, որ ի վիճակի չէ ստեղծել քիչ թե շատ նորմալ բանակ:

Նմանատիպ յուրաքանչյուր միջադեպից հետո ակնհայտ է դառնում, որ ոչ միայն իր կողմից, իբրև թե, ստեղծված «ուժեղ բանակի», այլև` ընդհանրապես «Ադրբեջանի` համարժեքը չունեցող զարգացման» մասին նրա (Ալիևի) հայտարարություններն ընդամենը դատարկ միֆ են, որոնք չունեն իրական որևէ հիմք»:

Տեսանյութեր

Լրահոս