Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում
Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, ՙՀԱՐԹ՚ մարդասիրական օգնության հիմնադրամի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ միասին ճանաչողական այցով ժամանած մի խումբ հասարակական գործիչների։
Ողջունելով բրիտանացի հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց պատվիրակության այցի առթիվ։ Նշելով, որ դա բարոնուհի Քոքսի թվով 81-րդ այցն է, նա ընդգծեց, որ Արցախի մեծ բարեկամի յուրաքանչյուր այց ինքնին իրադարձային է և անչափ ուրախալի՝ ամեն անգամ լավատեսության լիցք հաղորդելով մեր ժողովրդին։ Տիկին Քոքսը, ասաց նա, ոչ միայն ականատեսն է, այլև անմիջական մասնակիցը քսանհինգ տարվա մեր ձեռքբերումների։
Իր հերթին բարոնուհի Քոքսը հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղն իր համար վաղուց ի վեր հարազատ երկիր է, ուստի և օգտագործում է յուրաքանչյուր հարմար առիթ արցախցի իր հարազատների հետ հանդիպելու համար։ Ինչպես յուրաքանչյուր այցիս, ասաց նա, հիմա էլ մեր պատվիրակության անդամների մի մասն առաջին անգամն է այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ մյուսներն արդեն քանիերորդ անգամն են ժամանում, քանզի դժվար է առաջին այցից հետո չսիրահարվել ձեր գեղատեսիր երկրին ու հերոսական ժողովրդին և չցանկանալ նորից անպայման լինել այստեղ։
ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով պատասխանեց մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում տիրող իրավիճակին և խորհրդարանական դիվանագիտությանը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև մարդասիրական աջակցության խնդիրներ։
Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի բազմամյա մարդասիրական առաքելության, նրան պարգևատրեց Ղարաբաղյան շարժման՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակը խորհրդանշող հոբելյանական հուշամեդալով։
Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, «Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ