Բաժիններ՝

Նամի Միկոյան. «Այն օրվանից, երբ սկսեցի ապրել Կրեմլում, դադարեցի դաշնամուր նվագել»

Երաժշտագետ, հրապարակախոս Նամի Միկոյանը՝ Անաստաս Միկոյանի հարսը (Միկոյանի հինգ որդիներից Ալեքսեյի կինը) եղել է 1937-53 թվականներին  Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի (Արութինով) որդեգրված դուստրը: Հարությունյանը Նամիի հորաքրոջ ամուսինն էր:

1937 թվականին ինքնասպան է լինում Նամիի հայրը՝ Վրաստանի Ժողկոմխորհրդի նախագահի նախկին տեղակալ Արտաշես (Արտյոմ) Գեուրկովը, և Նամիի հորաքույրն ամուսնու հետ  խնակալության է վերցնում աղջկան:

Փոքր տարիքից (նախ՝ հոր, ապա հորաքրոջ, իսկ այնուհետև՝ ամուսնու ընտանիքներում) շփվելով Խորհրդային Միության այդ տարիների բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց կանանց, ընտանիքների, խորհրդային հանրաճանաչ արվեստագետների հետ, Նամի Միկոյանը խելացի կնոջ և սթափ քննադատի նուրբ դիտողականությամբ վերլուծել է իր ապրած ժամանակաշրջանը՝ գտնելով հերոսներ և հակահերոսներ, պարզապես լավ ու վատ մարդիկ: Պատմելով Կրեմլի պատերից ու կառավարական ամառանոցներից ներս տիրող բարքերի, հարաբերությունների մասին՝ Նամի Միկոյանն այդ ամենը ներկայացրել է իր անձնական կյանքի միջոցով. հարաբերությունները՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարի ընտանիքում, ամուսնությունը՝ Խորհրդային քաղաքական ու պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդու հետ, ամուսնալուծությունը, այնուհետև երկրորդ ամուսնությունը՝ ԽՍՀՄ Մշակույթի փոխնախարարի հետ… Սակայն Նամիին վիճակված չէր երջանիկ լինել ամուսնական կյանքում… Ուշացած արդեն զղջում էր, որ երիտասարդ տարիքում մերժել է իրեն սիրահարված Առնո Բաբաջանյանի ձեռքը՝ խորհելով, թե գո՞ւցե նրա հետ երջանիկ լիներ…

Ազնվական ծագումով այդ կինը միշտ և ամենուր փնտրել է պարզ ու անպաճույճ   կենցաղը և մեղքի մեծ զգացողություն է ապրել իր ու իր ընտանիքի արտոնյալ կարգավիճակի համար, ինչն անդրադարձել է նրա հոգեվիճակի վրա. ժամանակին երաժշտության ասպարեզում մեծ ապագա խոստացող մասնագետը ինչպես ինքն է խոստովանում, դարձել  է լուռ, ինքնամփոփ մի մարդ, որ ապրում էր՝ կոտրված սրտով ու ճակատագրով, հյուծված մաշկով, չհասկանալով՝ ինչո՞ւ և ինչպե՞ս. «Այն օրվանից, երբ սկսեցի ապրել Կրեմլում, ես դադարեցի դաշնամուր նվագել: Զգացմունքների զսպվածությունը, մշտական լարվածությունը, ամաչկոտությունը հետզհետե վերածվեցին երկչոտության, որը սկսեց ինձ ուղեկցել հետագա բոլոր տարիներին և զգացնել տվեց դեպրեսիան, մի վիճակ, որից հետագայում մեծ դժվարությամբ դուրս եկա: Հիշում եմ Ա.Ի.Միկոյանի մեծ ընտանիքում իմ կյանքի առաջին ամսիները:

Կարդացեք նաև

Մի անգամ, կիրակի օրը, ամառանոցում, ճաշասեղանի շուրջ նստած (բոլորը պարտադիր պետք է ներկա լինեին), տանտերը հիացած խոսեց երգիչ Ռաշիդ Բեյբութովի մասին: Ես, որ տանը՝ Երևանում, կարող էի հանգիստ մասնակցել խոսակցությանը, ասացի, որ Բեյբութովը միջակ երգիչ է և չարժե այդպիսի բարձր գնահատական տալ: Լռություն իջավ: Բոլորը սսկվեցին: Անաստաս Իվանովիչը ինձ ոչինչ չասաց: Երբ մենք սեղանից հեռացանք, ամուսինս ինձ բացատրեց, որ չհամաձայնել հոր հետ իրենց մոտ ընդունված չէ, դա մեծ հանդգնություն է: Հաջորդ օրն ինձ հետ խոսեց սկեսուրս, հիշեցնելով, որ Անաստաս Իվանովիչը ոչ միայն ընտանիքի ավագն է, այլև՝ Քաղբյուրոյի անդամ, և նրա նեկայությամբ պետք է սովորել լուռ մնալ…»:

Նամի Միկոյանն իր առաջին հղիության ժամանակ, չնայած ապրելով խորհրդային ղեկավարներից մեկի տանը, տառապել է սովից՝ ամաչելով ուտել հղի կնոջ համար այնքան անհրաժեշտ ուտելիքը, իսկ երբ, այնուամենայնիվ, փորձել է մեղմել տանջող սովը՝ խիստ նկատողություն է ստացել սկեսուրից… Ամուսինը՝ Ալեքսեյ (Ալյոշա) Միկոյանը, որ օդաչու էր և հաճախ էր բացակայում տնից, անտեղյակ էր ամեն ինչից: Նրանք, չնայած սիրում էին միմյանց, սակայն բացակայությունները, այլ հանգամանքներ, ի վերջո, կործանեցին ընտանիքը: Ալեքսեյը խաղաղություն չգտավ նաև իր մյուս ամուսնությունների ժամանակ և մահացավ երիտասարդ տարիքում՝ սրտի կաթվածից:

Նամին և Ալեքսեյն ամուսնացել են 1950 թվականին, իսկ ծանոթացել են Միկոյանի և Հարությունյանի միջև եղած   քաղաքական կապի միջոցով:

Նամի Միկոյանը, տեսնելով և զգալով իր ապրած ժամանակի ողջ անողոքությունը, շփվելով հարյուրավոր հայտնի մարդկանց հետ, ամբողջ կյանքում երախտագիտությամբ և աստվածային մեծարանքով է հիշել մի մարդու՝ Գրգոր Հարությունյանին՝  նրան համարելով հայր, ընկեր, հայրենասեր, պարզապես՝ մեծ մարդ… Պաշտոնանկությունից հետո,  դեռ 60-ը չլրացած, սրտի կաթվածի հետևանքով առաջացած բազում հիվանդություններով Հարությունյանը պառկած էր Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ սակավաթիվ մարդիկ էին, այդ թվում՝ Նամին, որ չինական մեղվի թույնից պատրաստված քսուքով անվերջ շփում էր իրեն հոր պես խնամած մարդու ձեռքերը. «Ես այսպես հանգիստ եմ քնում, կամ քսուքն է օգնում կամ էլ քո քնքուշ մատները»:

Անաստաս Միկոյանը մերժում է հարսի բազում խնդրանքները՝ գոնե հաշմանդամության թոշակ նշանակել Հարությունյանին, որպեսզի նա կարողանար հոգալ հիվանդության ծախսերը. «Մի՞թե ոչինչ չես հասկանում, ես ոչինչ անել չեմ կարող: Խրուշչովը Արութինովի դեմ է»:Նամիին, այնուամենայնիվ, հաջողվում է իր այլ կապերի միջոցով թոշակի իրավունք ստանալ Հարությունյանի համար, նույնիսկ նրա՝ մի քիչ կազդուրվելուց հետո՝ աշխատանք Վրաստանի պետպլանում: Սակայն Գրիգոր Հարությունյանը հյուծված էր և 1957թ. մահանում է՝ 57 տարեկանում:

«Հորաքրոջ ամուսինը՝ Գրիգոր Արութինովը (այդպես էր անձնագրով, սակայն ռուսականացված վերջավորությունն ընդունված չէր Հայաստանում, նրան ասում էին Հարությունյան), Հայաստանում աշխատանքի անցավ 1937թ. հոկտեմբերի վերջին: Կուսակցության Հայաստանի Կենտկոմի քարտուղար նշանակվելը նրա համար անսպասելի էր: Հայաստանում իրականացվեցին ձերբակալումներ, տեղի ունեցավ, այսպես կոչված, մաքրում, բռնադատություններ:

Այդ գործը ղեկավարում էին Մոսկվայից ուղարկված կառավարության անդամ Մալենկովը և Միկոյանը: Նրանք կալանավորված Ամատունիի փոխարեն ԿԿ առաջին քարտուղարի թեկնածություն էին փնտրում, ցանկանում էին կողքից մարդ ընտրել: Հետաքրքրվում էին՝ Վրաստանում չկա՞ արդյոք հարմար թեկնածու: Բերիան առաջարկեց Արութինովին, որ այն ժամանակ կուսակցության Թիֆլիսի քաղխորհրդի քարտուղարն էր: Արդեն հայտնվում էին ազգայնական տրամադրություններ, և հայերը, քաղաքային կուսկազմակերպության գլխավորությամբ, վտանգ էին ներկայացնում: Եվ ընդհանրապես, թերևս Բերիայի ծրագրերում կար ամբողջ ղեկավարությունը փոխելու հարցը: Այդ ժամանակ ձերբակալումները ավելի սաստկացան, կալանավորվեց, իսկ այնուհետև ձերբակալվեց հորաքրոջս ամուսնու եղբայրը՝ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղար Սերգո Արութինովը: ԿԿ բյուրոյի «քննումից» հետո կյանքին վերջ տվեց հայրս, այդ ամենը մեկ շաբաթվա ընթացքում:

Ծանոթներիցս մեկը մայրիկիս հաղորդեց Բերիայի խոսքերը՝ «Արութինովին այնտեղ իրենք՝ հայերը կխժռեն»:

Գրիշան, ես այդպես եմ անվանում հորաքրոջս ամուսնուն, երբ տեղափոխվեց Հայաստան, ընդամենը 37 տարեկան էր: Ներկայիս իրավիճակում ես խորապես զգում էի թե որքան ծանր էր նրա համար անծանոթ հայրենիքում…

Հայաստանում դրությունը շատ ծանր էր՝ հոգևոր ավերածություններ, ողբերգություններ… Օտար հող, անծանոթ լեզու, նոր մարդիկ… Ինչի՞ց սկսել: Ես ցնցվեցի, որ նա գտավ «այդ հարցի պատասխանը»: Առաջին լուրջ քայլը եղավ «Սասունցի Դավիթ» դյուցազներգության հազարամյա հոբելյանի տոնակատարության նախապատրաստությունը, այնուհետև Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստությունները: Երկու իրադարձություններն էլ պետք է տեղի ունենային 1937 թվականին: …Գրիգոր Արութնովին ես տեսնում էի ամեն օր և ամեն օր նրա կյանքը մշտական արարման պոռթկում էր՝ շարժում դեպի առաջ: Նա առաջ էր տանում կյանքի բոլոր բնագավառները՝ տնտեսություն, գիտություն, արդյունաբերություն, մշակույթ և հրատարակչություն: Ակտիվորեն զարգանում էր հանրապետության, քաղաքի ընդհանուր պատկերը: Նրա համար ամեն ինչ կարևոր էր:

Նամիի   նամակը՝ Հարությունյանին, ետմահու

«Ես այսօր քեզ եմ գրում, հայր իմ, այնտեղ, ուր գնացիր ընդմիշտ: Այժմ քեզ առաջին անգամ հայր կոչեցի, Գրիշա, իմ դաստիարակ և ընկեր: Դու ինձ չես ուսուցանել ինչպես ապրել, ասենք, ինքդ էլ չգիտեիր: Քո բարձր մարդկային ոգին, որին ես երջանկություն եմ ունեցել հպվել, ինձ համար դպրոց էր: 1937 թվականին դու բռնադատության ժամանակ ողբերգորեն կորցրիր հարազատ եղբորդ և կնոջդ եղբորը, որ իմ հայրն էր: Դու և Նինան որդեգրեցիք ինձ: Այդ օրվանից մենք ապրում էինք ընդհանուր կյանքով, ես գիտեի, թե դու ինչի մասին էիր մտածում և ինչով էիր ապրում: Ավելի ուշ, դու և Նինան, ոը դարձավ ինձ համար ավելին, քան՝ մայրն է, քո բարեկամը և կինը, քեզնից հետո չկարողացավ ապրել: Դուք ասում էիք ինձ. «37-ը նրանց ուսերին է, ովքեր ողջ են մնացել»…

Ես կրկին անգամ կրկնում եմ. դու ինձ առանձնահատուկ ոչինչ չես սովորեցրել, բայց այն ամենը, ինչ դու անում էիր և ինչպես էիր անում՝ ինձ համար կյանքի դպրոց դարձավ, այո, հակահարված տվեց համարյա բոլորին, ովքեր եթե ոչ այն ժամանակ, ապա գոնե հետագայում ինչ-որ բան գիտակցեցին: Կարելի է կյանքը կրճատել (այդպես էլ արեցին), կարելի է փոխել տունը, որտեղ ապրել ես (այդպես էլ արեցին), սակայն չի կարելի ոչնչացնել այն ամենը, ինչով դու ապրել ես: Ես նայում եմ կանաչով պատված քաղաքին, այն դու ես, ես տեսնում եմ դեղին վարդեր, ծաղիկներ, որոնք դու ընտրում էիր, նրանք չկային նախկինում՝ այն դու ես, ես տեսնում եմ Մատենադարանը՝ հնագույն ձեռագրերի պահոցը, որքան էիր դու մտածում նրա մասին, տեղ էիր ընտրում և դեռևս 40-ականներին, պատերազմի ժամանակ սկսեցիր կառուցել: Ես մտնում եմ մարշալ Բաղրամյանի փողոցի հիանալի զբոսայգին, նստում եմ ուռենու տակ և կարծես նստած եմ քո շիրմի առջև:

Այդ զբոսայգու յուրաքանչյուր ծառը տնկված է քո նախագծով: Մենք միասին գնացել էինք դիտելու Սևանա լճի մոտ գտնվող Ծովագյուղի կանաչ քարը, դու երազում էիր քաղաքում այդ գույնի քարով կառուցել գոնե մեկ շենք: Մենք մեկնում էինք Արագածի հնագույն վիշապների մոտ, Ջերմուկի հանքաղբյուրները, այնտեղ դու արձակուրդ էիր անցկացնում, ապրում էիր գետնափոր տանը, որպեսզի հետևեիր առողջարանի շինարարությանը: Դու սիրում էիր Հայաստանը իմաստնորեն՝ այդպիսին էիր դու քո էությամբ: Դու երբեք այդ մասին չես խոսել: Պարզապես մշտապես մտածել ես դրա մասին, կառուցել ես, արարել, հոգատար էիր նրա զավակների հանդեպ, տաղանդներին «կանաչ լույս» էիր տալիս:

Դու երազում էիր ուժեղ Հայաստանի մասին, Շվեյցարիային նմանվող հարմարավետ քաղաքների մասին, ոլորապտույտ այգիներով ու պայծառ տուֆից առանձնատներով Երևանի մասին, այն Երևանի, որի ճարտարապետական գլուխգործոցը գրանիտե Մատենադարանն է: Դու երազում էիր դեպի հեռուներ ձգվող կամուրջների, ապագա տանող ճանապարհների, երաժշտության, գեղանկարչության գլուխգործոցների մասին, հոգևոր մշակույթի մասին, որը կվերականգներ, կամրապնդեր և կլուսավորեր Հայաստանը:

Դու գիտեիր, թե որքան անարդարացի է կառուցվել կյանքը, սակայն ստորությունը միշտ էլ խոցում է հոգին: Երբ քեզ աշխատանքից հեռացնում էին, մարդկային ստոր կրքերը շիկանում էին քո շուրջը, ես սկեսրայրիս՝ Ա.Միկոյանի հետ լեզվակռիվ տալուց հետո, որը չէր թողնում ինձ, Մոսկվայից շտապ Երևան եկա՝ կողքդ լինելու համար: Քո հեռացման օրը ճաշասեղանի շուրջը նստած էին իմ դպրոցական ընկերները, որոնք նաև ձեր՝ հարազատների համար միշտ էլ բարեկամներ էին: Դու բոլորի բաժակը կոնյակ լցրեցիր, որը դու երբեք չէիր խմում և ասացիր. «Խմենք Հայաստանի կենացը: Թող իմ հեռանալը նրա օգտին ծառայի: Ժամանակը փոխվել է և այդպես էլ պիտի լինի»: Խոնարհվում եմ քո առջև բարոյական այդ դասի համար: Ոչ մի վիրավորանք, հանդիմանություն, միայն ոգու դրսևորում, ես կասեի՝ համարյա սրբազնագույն: Եվ երբ աշխատանքի ուղարկեցին ետ մնացող սովխոզ, քո արտահայտությունն է. «Ես հո չեմ ծնվել ԿԿ քարտուղար: Գլխավորը աշխատանքն է»: Եվ մահացար դու, երբ աշխատանքդ դադարեց, այդպես էլ բարձրաձայն չարտահայտեցիր հանդիմանանքի խոսքեր:

…Եվ այսօր, ես, երախտապարտ լինելով հարազատ հողի նկատմամբ քո տարած սիրո դպրոցի համար, չփորձելով երբեք հասնել քեզ, ցանկանում եմ քեզ նման արտասանել. «Հայաստանի կենացը», միայն ավելացնեմ, ցանկանում եմ նրա զավակներին ոչինչ չխանգարի սիրել միմյանց: Աստված իմ, պահպանիր նրանց, տուր եռանդ ու ուժ՝ գոյատևելու դիմագրավել և «կրկին հառնելու…»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս