Հայաստանը կանգնեցրել են խոշոր տուգանք վճարելու փաստի առաջ

Հայաստանի իշխանավորները, հատկապես՝ իշխանության որոշ շրջանակներ, իրենց բացահայտ անպատժելի են զգում։ Թաքնվելով իշխանության լծակների հետևում, կարող են աջ ու ձախ ոտնահարել օրենքներն ու քաղաքացիների իրավունքները, բռնանալ նրանց սեփականությանը, արհամարհել անգամ միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտադիր կատարման ենթական պահանջները։

Իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ ժամանակին անտեսեցին ՀԷՑ-ի սեփականատերերի իրավունքները ոտնահարելուց զերծ մնալու Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանի պահանջ-հորդորներն ու հիմա երկիրը կանգնեցրել են մեծ տուգանքներ վճարելու վտանգի առաջ։

Երբ պարզվեց, որ իշխանությունները, տարբեր պատրվակներով, հրաժարվում են կատարել պարտադիր կատարման ենթակա միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը, Սամվել Կարապետյանի ընտանիքը, իր սեփականությունը իշխանությունների կամայականություններից պաշտպանելու այլ տարբերակ չունենալով, նախաձեռնել է ներդրումային արբիտրաժ՝ պահանջելով պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը հատուցել ՀԷՑ-ը խլելու գործընթացում արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։

Խոսքը խոշոր գումարի մասին է։ Նախնական վնասի չափը գնահատվել է 500 միլիոն դոլար, որը դեռ ենթակա է վերջնական ճշգրտման։

Կարդացեք նաև

Օրերս տարածած հայտարարությամբ, Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության թիմը տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» պայմանների  հիման վրա։ Վեճի առարկան Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնես շահերի նկատմամբ սկսված բռնաճնշումներն են, որոնք ծագել են գործարարի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանելուց անմիջապես հետո։

Ըստ պաշտպանական թիմի, հետևելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին՝ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Կարապետյանի տանը և ձերբակալել նրան՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Նույն օրը վարչապետը հայտարարել է, որ ՀԷՑ-ը կանցնի պետական կառավարման։ Այնուհետև կառավարությունը հաշված օրերի ընթացքում մշակել և Ազգային ժողով է ներկայացնել ընկերության կառավարումը վերցնելու օրենքի նախագծերը։

Այդ օրենքների հիման վրա էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ անմիջապես վարչական վարույթ է նախաձեռնել և ընկերության կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

«Կարապետյանների ընտանիքը, իրենց իրավունքների պաշտպանության համար, ստիպված եղավ դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։

Չնայած այս որոշումներին՝ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն մերժեցին այդ որոշման պարտադիր բնույթը և շարունակեցին ՀԷՑ-ի դեմ ուղղված գործողությունները. Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է ընկերության առանցքային ղեկավարներին և այլ աշխատակիցներին»,- իր հայտարարության մեջ նշել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Վերջինս պնդում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել սեփականատերերին ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։

Ելնելով ստեղծված վիճակից՝ ՀԷՑ-ի սեփականատերերը պահանջում են, որպեսզի հատուցվեն իշխանությունների կամայականությունների հետևանքով իրենց հասցված վնասները, որոնք դեռևս ենթակա են վերջնական ճշգրտման։

Եթե արբիտրաժային տրիբունալը որոշի, որ խախտվել է սեփականատերերի իրավունքները, ինչի հավանականությունը գրեթե կասկած չի հարուցում այն ամենից հետո, ինչ ցուցադրաբար ու սեփականատերերի իրավունքները բացահայտ ոտնահարելով արեցին Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի սեփականության նկատմամբ, ապա Հայաստանը պարտավոր է լինելու փոխհատուցել հասցված վնասը։

Որ այս ամենից կառավարությունը պարտված է դուրս գալու, կասկած չունի նաև միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, ով միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին:

«Արբիտրաժի պարագայում սկզբունքը հետևյալն է, որ ժամանակ առ ժամանակ կառավարություններն արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են: Ուստի, ժամկետների խնդիրն է այստեղ կարևորվում:

Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է. պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, և վնասը կկրի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարությունը»,- ասում է Ռոբերտ Ամստերդամը:

Փոխհատուցումը, բնականաբար, վճարելու են ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցներից։ Սա զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները որոշել են իրենց ուժեղ տղու տեղ դնել, իշխանության լծակները կիրառելով՝ պատժել ՀԷՑ-ի սեփականատիրոջը և խլել նրա սեփականությունը, թքած ունենալով այն բանի վրա, թե ով է պատասխանատվություն կրելու դրա հետևանքների համար։

500 միլիոնը, որ դեռ կարող է ավելանալ, հսկայական գումար է պետական բյուջեի համար։ Այդ գումարը վճարելու ենք բոլորս։ Վճարելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն իրենց լավ զգան, որպեսզի բավարարեն իրենց քմահաճույքները, անկաշկանդ քաղաքական հաշվեհարդարներ կազմակերպեն ու բռնանան մարդկանց սեփականությանը։

Ի դեպ, սա բոլորովին էլ առաջին կամ միակ արբիտրաժային վեճը չէ, որի առաջ այս իշխանությունները կանգնեցրել են երկիրը։ Հայաստանի դեմ այս պահին քննարկվում են մի շարք այլ արբիտրաժային վեճեր, որոնց ֆինանսական պահանջը հասնում է միլիարդավոր դոլարների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս