«ՀՀ շրջափակումն ավելի է խորանալու. այս գերեզմանը Ռուսաստանն իր ձեռքով է փորել». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը ներկայացված է լինելու ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի միջոցով:

«Սրանք ՌԴ-ի դեմ ուղղված քայլեր են, և այս իրավիճակը ստեղծվել է այդ թվում՝ Ռուսաստանի ձեռքերով, այսինքն՝ այս գերեզմանը Ռուսաստանն իր ձեռքով է փորել: Ես անգամ չեմ պատկերացնում՝ ոնց է նա փորձելու հետողորմյա անել այս իրավիճակը: Հայաստանի միջով անցնող միջանցքը, որը Փաշինյանը պաթոսով կոչում էր «Խաղաղության խաչմերուկ», իրականում «Զանգեզուրի միջանցք» է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ այդ ճանապարհը հիմա կոչվում է «Թրամփի ուղի», նա արձագանքեց.

«Մենք կարող ենք անունը դնել «Ձյունանուշիկ», էությունը դրանից չի փոխվում: Դա ահռելի գումարների և տնտեսական եկամուտների աղբյուր է:  Սկզբից Ռուսաստանն էր ուզում լինել այդ միջանցքի կնքահայրը, և այդ կապակցությամբ նա Ադրբեջանի հետ գնաց բավականին լուրջ բանակցությունների, ֆինանսական ներդրումների, ի վերջո, զիջեց Արցախը և իր դիրքերը Հայաստանում, իսկ ԱՄՆ-ը պատրաստ չէր նման կտորը նվիրել Ռուսաստանին և վերցրեց իր հովանու տակ: Հայաստանը ոչինչ չի շահելու այս գործընթացից: Մինչև մենք չտեսնենք հստակ ճանապարհային քարտեզը, թե որ կողմն ինչ է ներդնում, չենք կարող խոսել այն շահերի մասին, որը Հայաստանը կարող է ստանալ:

Կարդացեք նաև

Սակայն, հաշվի առնելով այն պնդումներն ու պահանջները, որ ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, որ՝ այդ ապրանքները չեն մաքսազերծվելու, Հայաստանը չի վերահսկելու՝ ինչ է մտնում և անցնում ինչ ճանապարհով, դա լինելու է հսկվող ճանապարհ բացառապես ադրբեջանամետ ուժերի կողմից, հաշվի առնելով այն խոստումները, պահանջները, ակնկալիքներն առ այն, որ ևս մի քիչ, և նրանք կոչնչացնեն Հայաստանը և կխեղդեն տնտեսապես, Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկարողանա դուրս գալ այս տնտեսական վիճակից:

Նրանք անում են ամեն ինչ, որ Փաշինյանի ձեռքերով խեղդեն Հայաստանի տնտեսությունը, անվտանգությունը, կրթությունը, և այլն, ինչը խոսում է այն մասին, որ հիմնովին ծրագրել են ՀՀ ոչնչացումը և հայ ժողովրդի ձուլումը թուրքական աշխարհին: Մենք տեսնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի ճաշակները, և հաշվի առնելով, որ պայման թելադրողը նրանք են, նրանց թեզերն են ընդգրկվելու վերջնական փաստաթղթի մեջ, հետևաբար՝ վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանն այդ միջանցքից ոչինչ չի ստանալու՝ ո՛չ տնտեսական եկամուտ, ո՛չ լոգիստիկ հնարավորություններ, և բացի դրանից՝ դժվարանալու են Հայաստանի ներսում փոխադրումները, այսինքն՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը դժվարությամբ են կապվելու միմյանց: Միանշանակ, շրջափակումը շարունակվելու է և ավելի է խորանալու»:

Անդրադառնալով իշխանությունների այն քարոզչությանը, թե իրենք խաղաղություն են բերում, իսկ ընդդիմությունը պատերազմ է տենչում, նա ընդգծեց, որ ինքն ու իր կոլեգաները Փաշինյանի բոլոր քայլերը կանխատեսել են. «Ես կարողանում եմ կանխատեսել Փաշինյանի բոլոր քայլերը, հաշվարկել դրանց ռիսկերն ու հետևանքները և տեսնում եմ միայն կորուստներ: Երբ ինչ-որ մի կիսագրագետ, բառիս բուն իմաստով՝ քուչից հավաքած, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի ասֆալտի վրայից քերած ինչ-որ կիսագրագետ այր, որը հիմա դարձել է պատգամավոր, փորձում է հաշվառել ինձ և ինձ նմաններին, չունենալով ո՛չ բազային կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ո՛չ արդյունավետ աշխատանք… Նրանց աշխատանքի արդյունքը եղել է կոլապս բոլոր ոլորտներում և Հայաստանը ոչնչացման շեմին կանգնեցնելը: Ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում կամ ի՞նչ պատերազմի մասին ենք խոսում:

Այս փաստաթուղթը ոչինչ չի բերելու Հայաստանին: Ալիևը դեռ մի շարք պահանջներ ունի, որոնք Հայաստանին էլ ավելի են մոտեցնելու գերեզմանի շեմին: Նա ունի Սահմանադրություն փոխելու, ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջներ, իր զորքերն այստեղ մտցնելու պահանջ, որ այդ ադրբեջանցիներին պաշտպանի: Նա լիքը ծրագրեր ունի, որոնք ոչ մի պրոհայկական բնույթ չեն կրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս