Աշխարհը՝ Ալյասկայի հանդիպման սպասման մեջ․ ի՞նչ են քննարկելու Երևանի ու Բաքվի հարցով Թրամփն ու Պուտինը

Այսօր Ալյասկայում սպասվում է տարվա աշխարհաքաղաքական գլխավոր իրադարձություններից մեկը․ հանդիպում են Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում՝ Երևանի ժամանակով՝ 23:30-ին, թարգմանիչների մասնակցությամբ: Այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների կազմով՝ յուրաքանչյուր կողմից հնգական անդամ: Ռուսական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆիննախարար Անտոն Սիլուանովը և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Ամերիկյան պատվիրակության կազմը ևս հայտնի է՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, փոխնախագահ Ջեյ Դի Վենս, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Վերջինս, հիշեցնենք, Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան գործարքի գլխավոր բանակցողն էր։

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հետ հանդիպել էր 2021 թվականին. Ժնևում նա հանդիպեց ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ: Իսկ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի վերջին հանդիպումը եղել է 2018 թվականին՝ Հելսինկիում:

Առաջիկա գագաթնաժողովը հատկանշական է նրանով, որ սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Ալյասկա՝ 1867 թվականին Ռուսական կայսրության կողմից այն Միացյալ Նահանգներին վաճառելուց ի վեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, թե հնարավոր է՝ Ռուսաստանն ու Ուկրաինան տարածքներ փոխանակեն՝ երեքուկես տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու համար, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Ուկրաինայում և Եվրոպայում։

Կարդացեք նաև

Գերմանական BILD-ը գրում է, որ Եվրոպայում և Կիևում անհանգստությունն աճում է. գլխավոր վտանգը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, այն է, որ ճակատագրական որոշումները կարող են կայացվել «նրանց գլխավերևում», ում այդ որոշումներն անմիջականորեն վերաբերում են։

Իտալական La Stampa-ն նկատում է. «Աշխարհաքաղաքականության մեջ կա մեկ հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է»։

Ավստրիական Kleine Zeitung-ն էլ գրում է, որ այժմ «ԵՄ-ի փոխզիջումների մեքենան ստեղծում է միայն վախկոտ նվազագույն կոնսենսուս», որը չի աշխատում «ուժեղ մարդկանց կողմից կառավարվող աշխարհում»։ Լրատվամիջոցների կողմից քննարկվող կարգավորման տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կորեական մոդելն» է՝ հակամարտության սառեցում՝ կողմերի միջև ապառազմականացված գոտի ստեղծելով՝ առանց տարածքային փոփոխությունների իրավական ճանաչման։ Գաղափարն առաջարկել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, սակայն Կիևում այն համարվում է վտանգավոր փոխզիջում, որը կստեղծի «երկաթե վարագույր 2.0», բայց իրական խաղաղություն չի բերի։

Սակայն կողմերը պաշտոնական օրակարգի մասին միայն ընդհանրական հայտարարություններով են հանդես գալիս։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ալյասկայում քննարկման հիմնական թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը: Կքննարկվեն նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության և առևտրի ոլորտում: Գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները:

«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը պատրաստ են խոսել, և նրանք քննարկելու են ամենաբարդ հարցերը»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ կլինի ընկնել առաջ և կանխատեսել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, կողմերը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել։ Նա հավելել է, որ այժմ խոսքը բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, սակայն Թրամփը նախատեսում է հասնել գործարքի, այսինքն՝ մեծ համաձայնության։

Reuters-ը գրում է, որ Պուտինը և Թրամփը, հավանաբար, ընդհանուր «լեզու են գտել» բանակցությունների սկսվելուց առաջ։ Կրեմլի աղբյուրի խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջնորդները նախատեսում են համաձայնության գալ «որոշ պայմանների» շուրջ. «Չենք կարող մերժել Թրամփին, և մենք չենք կարող հրաժարվել. պատժամիջոցների ճնշումը չափազանց մեծ է»։ Պուտինը ներկայացրել է լիակատար հրադադարի կոշտ պահանջներ։ Հրատարակությունը որպես հնարավոր փոխզիջում՝ նշում է օդում փուլային հրադադարը։ Բացի այդ, կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն ոչ միայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, այլև միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագիրը, որը պետք է փոխարինի գործողին, որի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։

Ռուս-ուկրաինական բարձրաստիճան գագաթնաժողովին ընդառաջ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ խաղաղության հարցով որոշումները չեն կարող կայացվել առանց Ուկրաինայի, և բանակցությունները արդյունք կտան միայն հրադադարի հաստատումից հետո։ «Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելին, քան՝ ուկրաինացիները։ Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելին, քան՝ եվրոպացիները։ Սակայն Ռուսաստանն իր գլխավոր նպատակը տեսնում է պատերազմ մղելու մեջ։ Ռուսաստանը նախընտրում է նոր պատեր կառուցել մեր արդար և երկարատև խաղաղության ճանապարհին։ Այն ցանկանում է խլել մեր ազատությունը»,- նշել է Սիբիգան։

Ուղիղ մեկ շաբաթ առաջ նույն ժամին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց գործարք կնքել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ փորձելով ամրապնդել իր գործարք կնքողի (dealmaker) և խաղաղություն հաստատող գործչի համբավը։ Թե ինչ հետևանքներ կունենա Թրամփի գործարքը ռեգիոնի համար, ինչպես կիրագործվեն պայմանավորվածությունները, դեռ հայտնի չէ, սակայն հաջողվեց Թրամփի հարավկովկասյան նախաձեռնությունը վերածել աշխարհաքաղաքական մեծ իրադարձության, այն զուգահեռաբար կապելով այսօր Ալյասկայում սպասվող գագաթնաժողովի հետ։ Փաշինյանի ու Ալիևի հետ գործարքից անմիջապես հետո Թրամփը հայտարարեց Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման մասին։

Ուշագրավն այն է, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը։

ՌԴ-ն այսօր աջակցություն է հայտնել Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է․ «Մենք դիտարկում ենք այդ հարցը։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, կաջակցենք նրանց»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Հարավային Կովկասում այն խաղաղ գործընթացներին, որոնք լիովին համապատասխանում են նրա շահերին: Բացի այդ, նա նշել է․ «Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Առաջիկայում նույնպես մենք նրան սպասում ենք Ռուսաստանում»։

Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը գտնում է, որ Ալյասկայում այսօր սպասվող հանդիպումը վերջին տասնամյակների ամենակարևոր համաշխարհային իրադարձությունն է, որից շատ բան է կախված։ Սակայն նա վստահ չէ, որ հանդիպումը երաշխավորված արդյունքներ է տալու, թեև, նրա տպավորությամբ, կողմերը մշակել են օրակարգ, և կա որոշակի տրամադրվածություն՝ որոշ հարցերի շուրջ հասնել փոխհամաձայնության։

«Մասնատվող աշխարհում տեսնում ենք, որ Արևմուտքում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև կան լուրջ տարաձայնություններ, ուստի ամեն դեպքում ցանկացած հնարավոր ելքի վերաբերյալ Եվրոպան որոշակի անվստահություն է հայտնելու ԱՄՆ նախագահին, քանի որ այս պատերազմում Ռուսաստանի դեմ հանդես են գալիս մեծ ճակատով, որում, սակայն, կան տարբեր դիրքորոշումներ, ու դա շատ էական հարց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լուկիանովը։

Նա ևս գտնում է, որ Թրամփի հարավկովկասյան քայլերը կարող են քննարկվել այս հանդիպմանը։ Ըստ նրա, դրանք, ամենայն հավանականությամբ, քննարկվել են նաև Ուիթքոֆի հետ բանակցությունների ընթացքում, այսինքն՝ որոշակի համաձայնեցում, քննարկում ընթացել էր, և այստեղ ՌԴ-ն կարծես առարկություններ ու կարծր դիրքորոշումներ չունի։

«ՌԴ բոլոր կարծր դիրքորոշումները վերաբերում են ներկայումս ուկրաինական ուղղությանը, իսկ Հարավային Կովկասի հարցում ՌԴ-ն երկխոսության մեջ է և Իրանի, և ԱՄՆ-ի հետ։ Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ խնդիրները, ինչպես նաև կողմերի ցանկությունը՝ գործարք կնքել ԱՄՆ-ում, ապա ՌԴ-ն դա ընդունում է։ Ուստի, եթե քննարկեն այդ պայմանավորվածությունների հարցը, ապա կքննարկեն այն ոգով, որ պետք է պահպանել պայմանավորվածությունները, իրագործել դրանք ու կայունացնել իրավիճակը՝ թույլ չտալով ռեգիոնում սրում»,- նշեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս