Նուլանդը մանրամասնել է, թե որ դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի տնտեսության ամբողջական ճյուղերի նկատմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի տնտեսության ամբողջական ոլորտների դեմ, եթե Մոսկվան իր գործողություններով նպաստի Ուկրաինայում նախագահական ընտրությունների տապալմանը կամ էլ ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի հանրաքվեները և իր զորքերը մտցնի այդ մարզեր:
Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: Նրա խոսքերով՝ առաջիկա կիրակի Դոնեցկում ու Լուգանսկում սպասվող հանրաքվեների սցենարները հայելային կերպ հիշեցնելու են Ղրիմի դեպքերը, երբ Ռուսաստանը ճանաչեց նրա հանրաքվեի արդյունքները և «խաղաղապահներ» ուղարկեց՝ դրանք պաշտպանելու համար:
Նուլանդը չի բացառել, որ Ռուսաստանը «խաղաղապահներ» կուղարկի նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր՝ կապված մայիսի 11-ի հանրաքվեի հետ: