«Այլ պետությունների գործը չէ Ուկրաինայի կառավարության կազմը որոշելը». Քաղաքագետը՝ ԱՄՆ դիվանագետների գաղտնալսման մասին

Բեռլինի Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի գաղտնալսված խոսակցությունը, ասաց, թե Եվրոպայում դրա վրա չեն զարմացել:

«Այստեղ Եվրոպայում շատ մարդիկ ասում էին, որ զարմացած չեն, որ Եվրամիության հանդեպ բացասական են տրամադրված, որովհետև ակնհայտ է, որ ԵՄ-ն մեծ դժվարություններ ունի որոշակի միասնական արտաքին քաղաքականության ձևավորման առումով, քանի որ ԵՄ-ում 28 անդամ երկրներ կան, և նրանց կողմից որևէ հարցի շուրջ համաձայնության  գալը երկար ժամանակ է պահանջում: Ուստի, ԵՄ-ն չի կարող շատ արագ պատասխանել: Այդ պատճառով, կարծում եմ` այդքան էլ զարմանալի չէր, բայց ինձ ավելի շատ անհանգստացնում են Միացյալ Նահանգների կողմից նման որոշումները, թե ո՞վ պետք է լինի Ուկրաինայի կառավարությունում, ով՝ չպետք է լինի: Լավ, հասկանալի է, որ նրանք մտորում են այդ հարցի շուրջ և չէին կարծում, թե այդ զրույցը կարող է հրապարակվել, բայց, ամեն դեպքում, թեկուզ մասնավոր ձևով օտար պետությունների գործը չէ Ուկրաինայի կառավարության կազմը որոշելը, սա ուկրաինացիների խնդիրն է, և ուկրաինական ժողովուրդը պետք է որոշի»,- նշեց Սյուզան Ստյուարտը:

Հիշեցնենք, որ ամերիկացի դեսպանի հետ Նուլանդի հեռախոսային զրույցի ձայնագրությունը Youtube-ում էր հայտնվել փետրվարի 4-ին:  Այդ զրույցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը հայհոյել էր Եվրամիությանը` «կորչի ԵՄ-ն գրողի ծոցը» («F…k the EU») արտահայտությամբ: Բացի այդ, խոսակցության ընթացքում երկու դիվանագետները քննարկել էին ուկրաինական ընդդիմության ղեկավարների` Յացենյուկի, Կլիչկոյի, Տյագնիբոկի դերակատարությունը շարունակվող հակաիշխանական գործընթացներում և նախագահ Յանուկովիչի առաջարկը Յացենյուկին և մյուս ընդդիմադիրներին` ստանձնելու գործադիր մարմնի ղեկավարությունը:

Ամերիկացի դիվանագետի արարքը դատապարտեցին եվրոպական ղեկավարները, ինչից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Վիկտորիա Նուլանդը  ներողություն է խնդրել  եվրոպացի գործընկերներից:

Կարդացեք նաև

Քաղաքագետ Սյուզան Ստյուարտը  մեզ հետ զրույցում  չհամաձայնեց այն դիտարկմանը, թե այդ խոսակցությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները, փաստորեն, ԱՄՆ-ի մարիոնետներն են: Նրա խոսքերով` դա ընդամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում շատ հստակ են Ուկրաինայի դերակատարների վերաբերյալ պատկերացումները, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակետները կարևոր դեր են խաղալու Ուկրաինայի հետագա գործընթացներում: «Եթե Ուկրաինայում նոր իշխանություն ձևավորվի, գլխավոր դերակատարություն կունենան ոչ թե արտաքին, այլ ներքին գործոնները»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Իսկ մեր հարցին, թե այս միջադեպը կարո՞ղ է վնասել ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններին, Սյուզան Ստյուարտը պատասխանեց. «Կարծում եմ` երկարաժամկետ հեռանկարում` ոչ, սա ընդամենը մեկ աննշան միջադեպ է: (ԱՄՆ-ի,-Ա.Ս.) Ազգային անվտանգության գործակալության դերակատարությունը, Սնոուդենի փաստաթղթերը և տվյալների պաշտպանության խնդիրները, սրանք ավելի կարևոր դերակատարություն են ունենալու ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերությունների զարգացման մեջ»:

Ի դեպ, Սպիտակ տան ներկայացուցիչները և, մասնավորապես, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել էին, թե Մոսկվան կարող է մասնակցած լինել Նուլանդի և Պայետի գաղտնալսմանը, ինչը հերքել էր  ՌԴ վարչապետի տեղակալ Դմիտրի Ռագոզինը: Մեր հետաքրքրվեցինք ծնունդով ամերիկացի Սյուզան Ստյուարտից, թե ինքն էլ է կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն են կազմակերպել այդ գաղտնալսումը, ինչին ի պատասխան` նա ասաց.  «Կարծում եմ` դա Ռուսաստանից է դուրս եկել: Բայց չեմ կարող իմանալ` ռուսական հատուկ ծառայություններն կազմակերպել, թե ուրիշները»:

Տեսանյութեր

Լրահոս