Բաժիններ՝

Ազգայնական մոտեցումների «օգուտը»

Նախորդ շաբաթն Ազգային ժողովում նույնպես բուռն անցավ։ Այս անգամ մթնոլորտի «քեֆ-ուրախությունն» ապահովում էր «Որոտան ՀԷԿ» համալիրի վաճառքի թեման։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին կնքվեց համապատասխան պայմանագիր, և համալիրը հանձնվեց «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ամերիկյան ընկերությանը։ Գործարքի ընդհանուր արժողությունը 180 միլիոն դոլար է, ինչն այն դարձնում է Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը:

Գնորդը` «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, Նյու Յորքում տեղակայված լուրջ ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատտ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում` Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում։ Այն պատրաստվում է առաջիկա 6 տարիների ընթացքում ներդնել շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում։
Ահա հենց այս գործարքը դարձավ ԱԺ անցած քառօրյայի գլխավոր թեման։ Խորհրդարանական ընդդիմությունը կառավարությանը հարցաքննեց բոլոր մանրամասների առումով։

Ընդ որում, քննադատության դոզան սպասվածից ավելի շատ էր, քանի որ գնորդը ոչ թե ռուսական ընկերություն էր, այլ ամերիկյան։ Իսկ արևմտյան ընկերությունների հետ նման գործարքների առատությամբ ՀՀ-ն պարծենալու տեղ չունի։

Կարդացեք նաև

Սակայն, խորհրդարանական ընդդիմությունից բացի` գործարքը շտապեցին «դատապարտել» ոչ խորհրդարանական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները` հաճախ առանց լուրջ հիմնավորումների և պարզապես ազգայնականության դիրքերից։ Արդյունքում ստացվեց, ինչպես մաքսային միությունում են ասում, «պերեբոռ»։

Իհարկե, կարելի է քննադատել գործարքի մանրամասները։ Օրինակ, շատ բնական ու նաև դրական է, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում գործարքի օրինականությունը, հարցեր բարձրացնում, թե ինչու է Որոտանի վաճառքն իրականացվել առանց Ազգային ժողովի համաձայնության, չի՞ խախտվել արդյոք ՀՀ օրենսդրությունը, կամ արդյոք համալիրը չի՞ վաճառվել ավելի էժան գնով, քան դրա իրական գինն էր։

Անկախ նրանից` այդ հարցերը որքանով են հիմնավորված, դրանք անհրաժեշտ են, որովհետև գոնե ինչ-որ չափով զգաստ ու հաշվետու են պահում կառավարությանը (որը սովոր է գաղտագողի գործարքներ կնքել)։

Կարելի է քննարկման առարկա դարձնել նաև ընդհանրապես համալիրի վաճառքի նպատակահարմարությունը. արժե՞ր արդյոք գործող և եկամտաբեր կառույցը վաճառել մասնավորին։

Սակայն վերջին շրջանում հնչող որոշ տեսակետներ առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքն այն դոգմատիկ տեսակետների մասին է, որ չի կարելի պետական սեփականությունը վաճառել օտարերկրացիներին։

Այս տեսակետը նույնպես որոշ դեպքերում արդարացված է, սակայն` ոչ վերին ատյանի ճշմարտություն։ Նախ` վաղուց ապացուցված է, որ պետությունը վատ կառավարիչ է։ Եթե գործարքը կատարվում է թափանցիկ ձևով, արդար գնով, և գնորդը պարտավորվում է լուրջ ներդրումներ կատարել, ապա օտարերկրյա կապիտալի դեմ կատեգորիկ հանդես գալը սխալ է։ Մանավանդ` այսօր, և հատկապես` Որոտանի ՀԷԿ-ի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է։

Նախ` հիշեցնենք, որ վերջին 2 տարիներին օտարերկրյա ներդրումները շեշտակի անկում են ապրել։ Նախորդ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով` Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է մեկ երրորդով, իսկ այդ թվում` ուղղակի ներդրումները` ավելի քան երկու երրորդով։ Նման պայմաններում, օտարերկրյա ցանկացած ներդրողի մուտքը (մանավանդ, եթե խոսքը արևմտյան լուրջ ընկերության մասին է) պետք է չափազանց մեծ կարևորություն ձեռք բերի։

Ընդ որում, խոսքը միայն տվյալ ընկերության կողմից ներդրվող գումարի մասին չէ։ Հայաստանն այսօր քարտեզի վրա գրեթե չի նկատվում` որպես ներդրումային ուղղություն։ Դրսի, հատկապես` արևմտյան կապիտալը հետաքրքրություն չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Իսկ նման գործարքներն աշխարհի ուշադրությունը գոնե փոքր-ինչ շեղում են դեպի մեր կողմը։

Բացի այդ, արևմտյան լուրջ ընկերությունները նպաստում են, որպեսզի հայաստանյան բիզնեսը գոնե փոքր-ինչ մոտենա արևմտյան չափանիշներին։
Եվ վերջապես, պետք է նկատի ունենալ ևս մի կարևոր հանգամանք։ Էներգետիկ սեկտորն այսօր մեծ մասամբ գտնվում է ռուսական կապիտալի վերահսկողության տակ։ Որոտանի գործարքը թեպետ չի հավասարակշռում այս վիճակը, սակայն, գոնե որոշ չափով թուլացնում է կախումը ռուսական կապիտալից։

Ու նաև պետք չէ մոռանալ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը` որպես ներդրումային ուղղություն, կորցնելու է իր` առանց այն էլ ցածր գրավչությունն արտասահմանյան ընկերությունների համար։ Դրա համար անհասկանալի է, երբ ազգայնական ձևակերպումներով միանգամից փորձ է արվում դեմ գնալ նման նախաձեռնություններին։

Ի դեպ, գրեթե նույնպիսի վիճակ էր` Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ կապված, որը բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլը» ցանկանում է շահագործել։ Այս դեպքում նույնպես հասկանալի է, երբ բնապահպանները մտահոգվում են շրջակա միջավայրի վրա հանքի շահագործման հնարավոր ազդեցությամբ։ Սակայն կոչերը, թե` ավելի լավ է` տեղացի գործարարը շահագործի, քան օտարերկրացին, հիշեցնում են կոմունիստական ժամանակների դասագրքերը` թալանչիական իմպերիալիստական կապիտալի մասին։

Իսկ ի՞նչ տարբերություն` հանքն ով է շահագործում` տեղացի օլիգա՞րխը, թե՞ արտասահմանյան լուրջ ընկերությունը։ Թեպետ տարբերություն, ամեն դեպքում, կա։ Լուրջ ընկերությունը, որպես կանոն, ավելի պատասխանատու վերաբերմունք ունի իր աշխատանքի և շրջակա միջավայրի նկատմամբ։ Բացի այդ, լուրջ օտարերկրյա ընկերությունների դեպքում գոնե գիտենք, թե շահույթն ուր է գնում։ Իսկ հայաստանյան օլիգարխների դեպքում ընդամենն իմանում ենք, որ եղել են հսկայական շահույթներ, և դրանք գնացել են անհայտ ուղղությամբ։

Կարճ ասած, ազգայնական երանգներով կոչերից ՀՀ տնտեսությունը հաստատ չի շահում։ Իսկ եթե կան կասկածներ` գործարքի արդյունավետության կամ օրինականության հարցում, ապա դրա հասցեատերն իշխանությունն է։ Պետք է կառավարությանը ստիպել ամեն ինչ անել հնարավորինս թափանցիկ և ոչ թե` ինքնանպատակ հանդես գալ յուրաքանչյուր նախաձեռնության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս