Հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել ավելի ինքնիշխան պետություն. Փաշինյան

Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել էր մի խումբ դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

Ավելի ուշ ԵՊՀ ուսանող Հովհաննես Շամրիկյանը ներկայացրել էր Փաշինյանի հետ իր հարցուպատասխանից որոշ հատվածներ:

Այսօր էլ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցուպատասխանի տեսանյութը, որտեղ ուսանողի դիտարկմանն իր իշխանության թույլ լեգիտիմության մասին, Փաշինյանը պատասխանել է.

«Ես ճիշտ լսեցի՞՝ թույլ լեգիտիմություն: Սա այն թեզն է, որը չի կարող բացարձակապես արդարացվել: Ես չեմ կարծում, թե 1991-ից էս կողմ ՀՀ-ում եղել է ավելի լեգիտիմ իշխանություն: Ընդ որում, ես ձեզ հետևյալը ասեմ. 2021-ին գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև ես զգում էի, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունն առնվազն հարցականի տակ է դրված, և ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս: Եվ հենց այդ լեգիտիմությունը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների»:

Կարդացեք նաև

Այնուհետև նա ներկայացրել է այն, ինչ հասկացել և արձանագրել է 44-օրյա պատերազմից հետո:

«Ես, գիտե՞ք, ինչ եմ հասկացել և ինչ եմ արձանագրում, որ հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, որն ավելի անկախ է, որն ավելի ինքնուրույն է։ Ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես գեղեցիկ ձևակերպված նախադասություն, այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասել. 2025թ. մարտի 1-֊ն այն օրն է, որի դրությամբ ՀՀ սահմանային բոլոր անցման կետերում ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։ Այդ որոշումը ես կայացրել եմ 2024 թվականին։ Ես կարո՞ղ էի այդ որոշումը կայացնել 2019-ին, երբ թվում էր՝ քաղաքականապես և բոլոր առումներով շատ ավելի ուժեղ և շատ ավելի պինդ եմ։ Ոչ։ Ես չէի կարող էդ որոշումը կայացնել 2018-ին, 2019-ին, 2020-ին։ Չէի կարող պարզապես, մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա էդպիսի բան տեղի ունենա։ Իսկ 2024-ին ես կարող էի և կայացրել եմ այդ որոշումը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս