
Թուրքիայից սկսվում են կանոնավոր թռիչքներ դեպի Դամասկոս

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ AJET ավիաընկերությունը Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն և Անկարայի Էսենբողա օդանավակայաններից կսկսի ուղիղ չվերթներ դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը հայտնել է, որ առաջին չվերթը դեպի Դամասկոս կկայանա հունիսի 16-ին՝ Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից։ Հունիսի 17-ից կսկսվեն նաև չվերթներ Անկարայից դեպի Դամասկոս։
Ստամբուլ-Դամասկոս չվերթները կիրականացվեն շաբաթական 4 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ, իսկ Անկարա-Դամասկոս չվերթները՝ շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։
Ուրալօղլուն հավելել է, որ հուլիսից սկսած նախատեսվում է Ստամբուլից դեպի Դամասկոս չվերթների հաճախականությունը մեծացնել՝ դարձնելով ամենօրյա։