
Թուրքիայում գնաճը կազմել է 71 տոկոս

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025 թվականի մայիսի գնաճի տվյալները։ Ըստ TÜİK-ի՝ սպառողական գներն աճել են նախորդ ամսվա համեմատ 1.53 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 35.41 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սակայն այս թվերը, թե՛ հասարակության, թե՛ տնտեսագետների շրջանում, մեծ քննադատության են արժանանում՝ «իրական կյանքի թանկացման հետ չհամընկնելու» պատճառաբանությամբ։ TÜİK-ի կողմից օգտագործվող սպառողական զամբյուղի կազմը, գների հավաքման մեթոդաբանությունը և կառույցի ինստիտուցիոնալ անկախությունը լրջորեն կասկածի տակ են դրվում։
Անկախ ակադեմիական մարմին հանդիսացող Գնաճի հետազոտական խումբը (ENAG) մայիսի գնաճը գնահատել է ամսական՝ 3.66%, իսկ տարեկան՝ 71.23 տոկոս։ Այս ցուցանիշները գրեթե կրկնակի գերազանցում են TÜİK-ի տվյալները և համարվում են շուկայում, մասնավորապես՝ սննդամթերքի, վարձավճարների և էներգիայի ոլորտներում տեղի ունեցող իրական գնաճի ավելի ճշգրիտ արտացոլում։
Ստամբուլի Առևտրի պալատը (İTO) նույնպես հրապարակել է մայիսի գնաճի տվյալները։ Ստամբուլի համար հաշվարկված սպառողական գների ինդեքսի համաձայն՝
Ամսական գնաճը կազմել է 2.83 տոկոս,
Տարեկան գնաճը՝ 46.57 տոկոս։
Այս թվերը նույնպես զգալիորեն գերազանցում են TÜİK-ի ներկայացրած ցուցանիշը՝ մոտ 11 տոկոսային կետով։
Քաղաքացիների կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների, բնակարանի վարձավճարների, տրանսպորտի և սննդամթերքի հասանելիության հարցում զգացվող ծանրաբեռնվածությունը հակասում է TÜİK-ի կողմից ներկայացվող «մեղմ» գնաճային տվյալներին։ Անկախ հաստատությունների և պաշտոնական վիճակագրության միջև առկա մեծ տարբերությունը նորից առաջ է բերում TÜİK-ի հաշվարկների վստահելիության հարցը։
Տնտեսագետները շեշտում են՝ պետական վիճակագրական մարմնի՝ քաղաքական ճնշումներից անկախ և թափանցիկ գործունեությունը կարևոր է տնտեսության հանդեպ վստահությունը վերականգնելու համար։