Մի սադրանք… ու թուրք-ադրբեջանական բանակները կմտնեն Հայաստան. Թուրքիային մտցնում են եվրոպական անվտանգային միջավայր. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի հարձակումը Եկեղեցու նկատմամբ մի քանի պատճառ ունի՝ նախընտրական տրամաբանություն, արքետիպային թշնամու ստեղծում՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու, և «նախկինների» ավանդական թեման։
  • Թիրախավորելով եկեղեցին՝ թիրախավորվում է ազգային ինքնության հնարավորինս լայն տարրերի խումբը, որը թելադրված է Ադրբեջանի կողմից։ Բացի դրանից, սա հնարավորություն է՝ կոծկելու Հայաստանում առկա մնացած բոլոր օրհասական խնդիրները, մասնավորապես՝ Սյունիքի հարցը։
  • Այսօրվա իրավիճակը շատ նման է 2020թ․օգոստոս ամսին, երբ այդ ժամանակ էլ իշխանությունը դաշտ նետեց հնարավոր բոլոր թեմաները, միայն թե չխոսի իրական վտանգի՝ պատերազմի սպառնալիքի մասին։
  • 2018թ․ հեղափոխություն կոչվածից հետո հարձակումների ժամանակ իշխանազավթումը կազմակերպողների համար անսպասելիորեն Եկեղեցին, բարեբախտաբար, ամուր գտնվեց։ Միայն այն, որ երկրում կա կառույց, որն անվերապահորեն չի կատարում այս դե ֆակտո իշխանությունների բոլոր պահանջները, արդեն իսկ պրոբլեմ է նրանց համար։
  • Այս հարձակումը կանգ չի առնելու․Եկեղեցին շարունակաբար թիրախավորվելու է։ Եթե Աստված չանի, սրանց հաջողվի որպես իշխանություն վերարտադրվել ու ունենալ սեփական Սահմանադրությունը, ապա ոչ միայն նրանում խոսք չի լինելու Եկեղեցու մասին, այլև այնպիսի դրույթներ են լինելու, որոնք վտանգելու են Եկեղեցու շարունակականությունը։ Եթե հաջողեն տապալել Հայոց վերջին ինքնիշխան գահը, հնարավոր բոլոր խախտումների գնով բերելու են, դնեն մեկին, ով անունով լինելու է կաթողիկոս, բայց լինելու է Բաղրամյան 26-ի հերթական աշխատող։ Եկեղեցին որևէ ազգային նպատակ այլևս չի հետապնդի։
  • Ամենօրյա կյանքում մենք եկեղեցու կարևորությունը՝ որպես ազգային ինստիտուտի, երբեմն չենք նկատում, բայց մեր թշնամիները դա լավ գիտեն։
  • Թուրք-ադրբեջանական ակնհայտ ճնշում, հետևողական աշխատանք կա հայկական Սփյուռք ունեցող երկրների վրա, աշխատանք՝ չեզոքացնելու ամար հայ համայնքի՝ նախկինում բավականին նշանակալից ազդեցությունը։ Օրինակ՝ վերջերս ես Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ականատես եմ եղել իրավիճակի, որ թույլ չեն տվել Արցախի մասին ֆիլմ ցուցադրել։ Եթե ինձ ասեին, որ նման բան հնարավոր է, 5 տարի առաջ, դա նոնսենս կլիներ։ Հայկական պետության հակազդեցություն ընդհանրապես չկա։
  • Հայաստանի սահմանների պաշտպանությունը շատ ժամանակ սկսվում է Սփյուռքից։ Սփյուռքը վահանի այն առաջին շերտն է, որը պակաս կարևոր չէ։ Դրա համար էլ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, և՛ դե ֆակտո իշխանությունները թիրախավորում են Սփյուռքը։
  • Երուսաղեմի հայկական թաղամասի վրա աչք ունեն բոլորը, որովհետև այն այդ տարածաշրջանում մեր ներկայության պատմական առհավատչյան է։ Դա ժառանգության կտակ է ու միևնույն ժամանակ՝ անձնագիր։ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումներն ակտիվացել են 2020թ.-ից հետո։ Մենք գուցե չենք պատկերացնում դրա կորստի մասշտաբները, բայց Երուսաղեմի հայկական թաղամասը կորցնելով՝ մենք զրկվում ենք դիվանագիտական անձնագրից։

Կարդացեք նաև

  • Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ լինի տպավորություն, որ լավ ու երջանիկ ապրելը հակասում է ազգային պետություն ունենալուն։ Հիմա տանում են բանակը լուծարելուն, հորինել են հակագիտական, հակաբարոյական կոնցեպտ, որտեղ լավ ապրելը հակասում է ազգայինին, և սա այն դեպքում, երբ ողջ աշխարհը վերադառնում է ազգայինի կոնցեպտին։ Մինչդեռ ազգային պետությունն ամենաէֆեկտիվ ձևն է տվյալ համայնքի համար կառուցելու բարեկեցիկ պետություն։ Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը այսօր ամենաազգային պետություններն են։
  • Իրենց կառուցած մոդելի մեջ մեր բանակը դեկորատիվ բանակ է, ինչպես արհեստական ծաղիկը, որից հնարավոր չի, չէ՞, մեղր քամել, թեպետ այն գեղեցիկ է։ Խոսքը մեր սպաների, զինվորների մասին չէ, ովքեր պատրաստ են պայքարի, այլ բանակի ՔՊ-ական մոդելի մասին։
  • Հիմա խոսում են ադրբեջանցիների վերադարձի մասին, վաղը կխոսեն ինքնավարության մասին, մյուս օրը մի սադրանք կանեն, ու թուրք-ադրբեջանական բանակները կմտնեն Հայաստան։
  • Պատահական չէ, որ երբ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայ Առաքելական եկեղեցին սրբադասեց Ցեղասպանության զոհերին, կտավի մեջտեղում հոգևորական էր՝ որպես առհավատչյա, որ հայոց հոգևոր դասը կտտանքների է ենթարկվել այդ ժամանակ։
  • Նույնիսկ բոլշևիկների տարիների ավերված եկեղեցիների պատկերները ժողովուրդը պահում էր, Երևանի պայթեցված եկեղեցիների ամեն մի քարի պատկերը սրբությամբ պահում էին, պատկերը հանում, աղոթում։ Ու այսօր նույն բանը կրկնվում է։ Քրիստոնյայի համար դա դաժան բան է։ Անիի եկեղեցիներից բեկորներ բերելու համար մասնագետներ են հրավիրել։ Ո՞նց կարելի է նման կերպ վարվել Եկեղեցու հետ։
  • Մեր ժողովուրդը փայլուն, ֆանտաստիկ ժողովուրդ է։ Մեր ժողովուրդն ապացուցել է, որ հավատարիմ է իր եկեղեցուն, իր կարմիր գծերին։ Մեր տեր Հիսուս Քրիստոսն ասել է՝ թող քար նետի նա, ով մեղք չի գործել։ Ո՞վ են սրանք, իրենք վաստակել են հայ ժողովրդին ինչ-որ բան ասելու, բարոյագիտական քարոզ անելու իրավո՞ւնք․․․ Իհարկե ո՛չ։ Եկեղեցին մենք ենք, և մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին, ումից որ այդ վտանգը գա։ Մեր հոգևոր հայրերն էլ մեզ աջակից պիտի լինեն։
  • Ցավոք սրտի, Հայաստանի և Սյունիքի հանդեպ սպառնալիքները չեն չեզոքանալու Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացմամբ։ Մեկ պատվավոր հյուպատոսից տասնյակներով ավելի ԵՄ դիտորդներ կան․ կանգնեցնո՞ւմ են Ադրբեջանին։ Իհարկե ո՛չ։ Ֆրանսիան ոչինչ անել չի կարող։ Չեմ ասում՝ լավ է կամ վատ։ Այսպես է։ Ասում էին՝ թուղթ ստորագրենք՝ լավ կլինի։ Էս աշխարհում թղթով ոչ մի անվտանգություն չի ապահովվում։ Այնպես որ, քարոզչական բնույթի հայտարարություններ են՝ առանց որևէ օգուտի։ Հայ–ֆրանսիական հարաբերություններն այսօր դեկորատիվ բնույթ են կրում։ Իրական աշխատանք է տարվում Իրանի հյուպատոսության կողմից, ընդհուպ՝ զորավարժության կազմակերպում։
  • Քանի որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Իրանի և անգամ ԱՄՆ-ի միջև փոխհամաձայնություն կա՝ թույլ չտալ Սյունիքի նվաճումը, թուրքերը փորձում են դա անել աստիճանական քայլերով։ Իրենք հիմա դրա համար ստեղծում են իրավական հիմքեր, լուծում վերաբնակեցման հարցը, ռազմական հարցեր են լուծում միլիմետրերով առաջ գալով։ Հենց լինի իրավիճակ, որ չլինի Իրանի աշխարհաքաղաքական հովանոցը Սյունիքի վրա, այն շատ արագ նվաճվելու է։

  • Պայմանավորված ռուս-ուկրաինական զարգացումներով՝ եվրոպական շատ երկրներ վերանայում են իրենց արտաքին քաղաքականությունը։ Դա բերել է նրան, որ վերջին ամիսներին ակտիվ դիվանագիտական երկկողմ աշխատանք է տարվում Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Թուրքիայի միջև։ Հնարավորություն կա թույլ տալ Թուրքիային մտնել եվրոպական անվտանգային միջավայր։ Բայրաքթարներն Իտալիայի միջոցով մտնելու են եվրոպական շուկա։ Սրանք քաղաքական որոշումներ են։ Լինելու են նոր պրոթուրքական համաձայնություններ, աչք է փակվելու Թուրքիայում զարգացող ցանկացած ավտորիտար տենդենցի վրա։ Վառ օրինակ է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի օրինակը, ով 3 ամիս է՝ առանց մեղադրական վճռի՝ նստած է բանտում, ու որևէ արձագանք դրսից չկա։ Եվրոպան, իր շահերից ելնելով, աչք է փակելու Թուրքիայի հակաօրինական գործողությունների վրա։
  • Սյունիքի շնորհիվ այսօրվա Հայաստանի կարևորությունն այնքան մեծ է Իրանի համար, որ իսկապես դա իր համար կարմիր գիծ է։ Այս պահին Իրանը՝ տեսնելով, որ Թուրքիան Սիրիայից հետո իր դիրքերն ավելի է ամրապնդել, Զանգեզուրի միջանցքի հարցն իր համար հինգերորդական նշանակություն ունենալուց բարձրացել է առաջին հորիզոնական։ Իրանի վրա ճնշումը, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի միջոցով, լինելու է շատ մեծ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս