
Փաշինյանի արածը բերելու է նրան, որ ունենանք Չպետություն՝ Հայաստան անունով. Հովհաննես Ավետիսյան
Այն բանից հետո, երբ Կովկասի մուսուլմանների գրասենյակն ավագանու նիստ հրավիրեց, որին մասնակցեց Կովկասի մուսուլմաների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և հայտարարեց՝ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան տարածաշրջանային բոլոր երկրների համար», դրանից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ուղիղ եթերում անդրադարձավ հայկական եկեղեցիներին՝ հայտարարելով.
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված: Մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ»։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս արշավը Փաշինյանի և Փաշազադեի կողմից արդյո՞ք պատահական զուգադիպություն է, թե՞ ուղղակի պատահական համընկնում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք Պետական կառավարման փորձագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանի հետ։
Նրա դիտարկմամբ՝ ներկայիս հակաեկեղեցական մարտերը 2018 թվականին սկսած արշավի շարունակությունն են, որովհետև ինչպես նույն Փաշազադեին, այնպես էլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարումը հանգիստ չի տալիս։
Ըստ Հովհաննես Ավետիսյանի՝ քանի որ եկեղեցին մեր պետականության պահպանման առաջին հիմնասյունն է, հետո Արցախն էր, որը հանձնեցին, ապա Ցեղասպանության հարցը, Արարատը, Հայաստանի զինանշանը, Անկախության հռչակագիրը, ուստի Փաշինյանը նպատակ է դրել հենց այդ կարևոր համակարգը քանդել։
«Եկեղեցին խոսում է Արցախի, արցախահայության վերադարձի, ազգային շահերի մասին. խնդիրը հենց այստեղ է։ Այս իշխանությունը եկեղեցուն թիրախավորում է նրա համար, որ եկեղեցին ազգային ինստիտուտ է՝ վերջինը, բայց շատ ուժեղ։
Այս իշխանությունն էլիտաների՝ որոշակի որակներ ունեցող մարդկանց դեմ է, այդ էլիտան ձևավորված է նաև եկեղեցում։ Փաշինյանը ջախջախել է բոլոր ոլորտների էլիտաներին. մնացել է եկեղեցին։ Նա բոլորին ստրկացրել է, հերթը հասել է եկեղեցուն, որը չի համակերպվում կորուստների և հայի շահի նսեմացման հետ»,- շեշտեց Հովհաննես Ավետիսյանը։
Վերջինիս խոսքով, այն, ինչ անում է փաշինյանական իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բերելու է նրան, որ հաջորդ իշխանությունը՝ աշխարհիկ գործիչները, նույն Փաշինյանից պահանջելու են հերքել իր ադրբեջանցի լինելը։
«Կարող են պահանջել, որ Փաշինյանը ԴՆԹ թեստ հանձնի՝ ադրբեջանցի չլինելն ապացուցելու համար, իսկ եթե պարզվի, որ, օրինակ, Փաշինյանը 60 տոկոսով ադրբեջանցի է, ապա նրան կձերբակալեն՝ որպես այլ ազգի գործակալ։ ՔՊ-ականներին կկալանավորեն՝ որպես այդ գործակալին սպասարկող։ Հետևապես, ՔՊ-ն հասկանո՞ւմ է, թե իրենց առաջնորդն ի՞նչ է անում»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով՝Փաշինյանը հակաեկեղեցական արշավով լուծում է իրեն հակադիր դաշտում կանգնած մարդկանց մեջ կասկածի որդը գցելու և այդ շարքերը նոսրացնելու խնդիրը։
«Այն, ինչ անում է Փաշինյանը, բերելու է նրան, որ մենք ունենալու ենք Չպետություն՝ Հայաստան անունով»,- խոսքը եզրափակեց փորձագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։