
Թուրքիայում այսօր ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքական ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետի է ձերբակալել, հաղորդվում է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 17 այլ ներկայացուցիչների բերման ենթարկման մասին, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների՝ անցնում են կոռուպցիոն գործերով։
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժի բանտարկված քաղաքապետերի ընդհանուր թիվն այսպիսով հասել է 9-ի՝ նրանց թվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է։
Մարտ ամսին Իմամօղլուի ձերբակալությունը Թուրքիայում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենազանգվածային բողոքի ցույցերի։
Թուրքիայի խոշորագույն քաղաքի արդեն նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ։ Իմամօղլուն հերքում է բոլոր մեղադրանքները։