Առնվազն մի քանի քայլ առաջ պետք է ձեռք մեկնած և ներած լինեիր քո քաղաքական հակառակորդներին և, այսպես կոչված, «նախկիններին». Նարեկ Մանուկյան

Բարև, սիրելի հայրենակիցներ:

Ես Նարեկ Մանուկյանն եմ: Մասնագիտությամբ բժիշկ եմ: Ձեզանից որոշներն ամենայն հավանականությամբ ճանաչում են ինձ, քանի որ մոտ հինգ ու կես տարի ղեկավարել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

Տեսաուղերձով դիմում եմ ձեզ, քանի որ որոշել եմ հիմնել և առաջնորդել քաղաքական մի շարժում, որի ստեղծման նպատակներն ու ծրագրերն ուզում եմ ներկայացնել ձեզ:

Տեսաուղերձը բաղկացած է չորս մասից. ինչո՞ւ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ և հիմնել այս շարժումը, որը, ի դեպ, անվանել եմ «Արմենիա 2026», իմ վերաբերմունքն ու պատկերացումները մեր անցյալի վերաբերյալ` սկսած 1988 թվականից, իմ վերաբերմունքը ներկա գործընթացներին, ապագայի հետ կապված իմ պատկերացումները և ծրագրերը:

Կարդացեք նաև

Մի փոքր ուզում եմ անդրադառնալ անվանը, թե ինչո՞ւ «Արմենիա 2026», այնուհետև շարժման բովանդակությանը, նպատակին, ծրագրերին և գործողությունների պլանին:

Ինչո՞ւ «Արմենիա», որովհետև երբ մտածում ես, թե ինչ անուն դնես այս շարժմանը, առաջին պայմանը, որ գալիս է մտքիդ, այն է, որ անունը պետք է ամբողջությամբ բնորոշի շարժման էությունը և որոշակիորեն սիմվոլիզմ պարունակի: Բայց, ցավոք, այս բոլոր պայմանները հաշվի առնող բոլոր բառերն ու բառակապակցություններն այս կամ այն ձևով անցնող 34 տարվա ընթացքում մեր քաղաքական հանրույթի կողմից օգտագործված են եղել: Հետո մտածեցի, որ շարժման վերջնանպատակը ո՞րն է. ունենալ երազանքի Հայաստան, որը գրեթե բոլորս նույն ձևով ենք պատկերացնում:

Իսկ ո՞ր բառն ամենալավը կբնորոշի և սիմվոլիզմ կպարունակի իր մեջ, եթե ոչ՝ մեր միջազգային ընդունված անունը` Արմենիա: Իսկ ինչո՞ւ 2026: Որովհետև հասարակության մեջ գրեթե բոլորի մոտ կա ներքին կոնսենսուս, որ 2026 թվականն առանցքային կետ է մեր պետության համար, և եթե 2026 թվականի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա գրեթե 100% հավանականությամբ Հայաստանը կկորցնի կամ տարածքների մի մասը, կամ ինքնիշխանությունը, կամ երկուսը միասին:

Ինչո՞ւ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ: Իրականում չեմ կարող ասել, որ երեկ կամ դրա առաջին օրն առաջացավ այդ միտքը: Նման ցանկություններ և մտքեր ինձ մոտ եղել են դեռ պատանեկան տարիքից, քանի որ, տեսնելով շրջապատումս և երկրումս առկա խնդիրները, միշտ իմ մեջ լուծումներ եմ մտածել և հուսացել եմ, որ կգա մի օր, որ ինձ հնարավորություն կընձեռվի այդ խնդիրները լուծել: Բայց մտածել եմ, որ դեռ ժամանակը չէ:

Նախ՝ մարդ պետք է իր կյանքի որոշակի ճանապարհ անցնի, և առաջին հերթին ինքն իր համար հասկանա, թե ինչ ունակություններ ունի: Եվ երկրորդ, պետք է տեսանելի անցյալ ունենաս, որպեսզի մարդիկ քեզ լսելիս հավատան խոսքերիդ` հիմնվելով անցյալիդ վրա: Եվ երրորդ, երկիրը պետք է քո նման մարդու և առաջնորդի կարիք ունենա: Եվ այսպիսով, ես գտնում եմ, որ ներկայումս այդ երեք կետն առկա է:

Հայաստանում գրեթե բոլորս եկել ենք եզրահանգման, որ մենք կարիք ունենք, առաջին հերթին, մեզ միասնական դարձնող, սև ու սպիտակ չբաժանող, մեզ բոլորիս իր ընտանիքի անդամների պես սիրող, երկիրն իր սեփական տան պես սիրող և յուրաքանչյուր կտորի համար պայքարող, մարդկային ռեսուրսն իր ամենաթանկ կապիտալը համարող ու կադրային քաղաքականությունը ոչ թե իր կամ իր կուսակցության հարմարությամբ որոշող, այլ մարդու ունակություններով ու պրոֆեսիոնալիզմով որոշող և, վերջապես, մեծահոգի առաջնորդի կարիք:

Շարժման բովանդակային հիմքը պետք է լինի մենքի զգացումը: Այս գաղափարն այն գաղափարներից է, որ ասում են գրեթե բոլորը, բայց կարողանում են իրագործել շատ քչերը: Եվ քանի որ մեր երկրում մոտ 98%-ը հայեր են, երկրի 98%-ը քրիստոնյա է, ուրեմն մենքի առանցքը հայն է, որը խոսում է հայերեն, քրիստոնյա է, կապված է միմյանց անցյալով, նախկինների ավանդույթով, պատմությամբ, բազմադարյա մշակույթով. ամենայն հարգանքով մեզ հետ հավասար իրավունքներ ունեցող, Հայաստանում ապրող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգային փոքրամասնություններին: Եվ երբ այս գաղափարական դաշտց գալիս ես դեպի իրական կյանք, ուզում ես մարդկանց բացատրել, թե երկրի ղեկավարության կողմից ոնց պետք է կիրառվի մենքի զգացումը, հանգում ես հետևյալ մի քանի կետին:

Կետ համար մեկ. գերադասելով և ելնելով երկրի շահից` պետք է սկսվի միմյանց համընդհանուր ներելով, ու պետք է ժողովրդին բացատրվի, որ անկախ իրենց ենթադրյալ և իրական կանխավարկածներից նախկին և ներկա պաշտոնյաների կատարած հանցագործությունների վերաբերյալ, միակ ճանապարհը միասնական լինելու այդ ամենը ստորադասելն է միասնության գաղափարին, քանզի դա է մեր միակ հնարավորությունը պետություն ունենալու և զարգանալու:

Իմիջիայլոց, եթե դու, լինելով երկրի ղեկավար, պատրաստ ես հաշտության ձեռք մեկնել և ներել Ալիևին, ուրեմն առնվազն մի քանի քայլ առաջ պետք է ձեռք մեկնած և ներած լինեիր քո քաղաքական հակառակորդներին և, այսպես կոչված, «նախկիններին»: Հակառակ դեպքում դու ոչ թե ձեռք ես մեկնում ու ներում ես Ալիևին, այլ վախից հնազանդվում ես:

Կետ համար երկու. անկախ մարդկանց կուսակցական և խմբային պատկանելությունից՝ պետք է մոբիլիզացվեն բոլոր ունակ, խնդիր լուծող կադրերն և հստակ հանձնարարականներով, ըստ ոլորտների, նշանակվեն համապատասխան պաշտոններում: Այլ ոչ թե պաշտոններ տալ կամ միայն կուսակցականներին, կամ նրանց մտերիմներին, կամ գոնե առերևույթ կուսակցական գաղափարներին հարող մարդկանց, և բազմաթիվ պաշտոններում լինեն ոչ պրոֆեսիոնալներ, իսկ բազմաթիվ պրոֆեսիոնալներ կամ երկրից գնան, կամ զբաղվեն ոչ այն գործով, որում պրոֆեսիոնալ են, կամ տենչան իշխանափոխության՝ ինքնադրսևորվելու համար, կամ հակառակ իրենց գաղափարներին՝ դառնան ձեր կուսակցականը:

Կետ համար երեք. յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մենք բոլորս գտնվում ենք նույն նավի վրա, և յուրաքանչյուրիս ձախողումը բոլորի ձախողումն է: Եվ եթե նավավարները նավը վատ են վարում, ուրեմն նրանք պետք է մի կողմ քաշվեն ու նավի վարելը թողնեն նրանց, ովքեր ունեն ավելի լավ տարբերակ: Քանզի լավ արդյունքների դեպքում օգտվելու են բոլորը հավասարաչափ:

Կետ համար չորս. իշխանությունը, լինելով բոլորի համար պատասխանատու, պետք է հիմնականում լինի ոչ թե մեղադրողի կամ պատժողի դերում, այլ հակաօրինական գործընթացները կանխարգելողի, օրինախախտներին սովորեցնողի, նրանց պոտենցիալը հանուն պետության օգտագործողի դերում: Քանզի մեր մարդկային ռեսուրսն առանց այն էլ փոքր է, և մենք այն շռայլել չենք կարող:

Կետ համար հինգ. մենք պետք է գնահատենք մեր ունեցածը և պետք է սիրենք մեր միջի ուժեղներին ու ունակներին մեր ներկա ժամանակում, այլ ոչ թե մեր վախերի պատճառով համախմբվենք նրանց դեմ և կորցնենք մեր ուժեղ կողմերը: Մենք պետք է ունենանք կենդանի հերոսներ, ովքեր կառաջնորդեն և օրինակ կծառայեն մեզ:

Այժմ շարժման բովանդակային հենքը, մենքի զգացումը սահմանելով և դրա գործնական կիրառության կետերը ներկայացնելուց հետո` պետք է մարդկանց բացատրենք մենքի առաջացման կարևորության աստիճանը, և, որ ամենակարևորն է` դրա իրագործելի լինելը, քանի որ բազմաթիվ մարդիկ այդ գաղափարի կրողն են, կարևորությունը հասկանում են, բայց համարում են անիրագործելի: Իսկ միակ ձևն այս ամենի կյանքի կոչելու, դա գաղափարը ներկայացնողների կողմից անկեղծ լինելն է և իրականում այդ գաղափարի կրողը լինելը:

Այս ամենն անելուց հետո պետք է առանձնացնենք մեր երկրի առջև ծառացած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները: Սահմանենք առաջնահերթությունները և լուծման հստակ ժամանակացույցն ու անցնենք լուծմանը:

Շարժման նպատակն է՝ ունենալ իշխանություն, որն առաջնահերթ կյանքի կկոչի հետևյալ քայլերը. Հայաստանը կդարձնի անվտանգ և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգերը կբերի այնպիսի մակարդակի, որ Հայաստանի անկախությանը վտանգ չի սպառնա: Երկրի տնտեսական վիճակը և սոցիալական ծրագրերը կբերի այն վիճակի, որ աղքատության մակարդակը 10%-ից ներքև կլինի, իսկ ծայրահեղ աղքատներ ընդհանրապես չեն լինի: Չլինի Հայաստանում քաղաքացի, ով ունենա առողջական խնդիր և որևէ պատճառով, ներառյալ՝ ֆինանսականը, չկարողանա օգտվել առողջապահական ծառայություններից: Մշակվի դեմոգրաֆիկ ցուցանիշները լավացնող հստակ և իրատեսական ծրագրեր, կնշանակվի պատասխանատուներ և կսահմանվի ժամանակացույց:

Մի քանի կետով ներկայացնեմ Հայաստանում տիրող ներկա իրավիճակը: Ժողովրդի մի մեծ զանգվածի կողմից ատելություն իշխանությունների նկատմամբ, և մի մեծ զանգվածի կողմից ատելություն նախկինների նկատմամբ և մերժում նրանց վերադարձը: Դեմոգրաֆիկ վատ ցուցանիշներ: Խնդիրներ դաշնակիցների հետ, կամ այս իշխանությունների հետ իրական դաշնակիցների գրեթե բացակայություն: 2018 թվականի հետ համեմատած՝ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, բայց ոչ տնտեսության համամասնության էական փոփոխություն: Բանակի մարտունակության նկատմամբ ժողովրդի հավատի կորուստ, կադրային վատ քաղաքականություն, հնազանդների իշխանություն, կարգապահության ցածր մակարդակ ամբողջ կառավարման համակարգում և երկրում, առհասարակ: Լուրջ միջազգային ներդրումների գրեթե բացակայություն:

Մի քանի կետով էլ ցանկանում եմ անդրադառնալ անցյալի կարևորագույն իրադարձությունների, երևույթների, որոնք մեզ համար եղել են շրջադարձային: 1991 թվականի անկախության ձեռքբերում, սոցիալիստական համակարգից անցում ազատ շուկայականի, Արցախյան պատերազմում հաղթանակ, 1995 թվականից հետո երկրի բոլոր ղեկավարների օրոք երկրի տնտեսական իրավիճակի լավացում, իհարկե, տարբեր տեմպերով, բայց այնուամենայնիվ լավացում: 1996 թվականից սկսած բազմաթիվ կեղծված ընտրություններ, մեծաքանակ արտագաղթ, հոկտեմբերի 27, մարտի 1, 2018 թվականի հեղափոխություն, մեծ հույսեր, 2020 թվականի պատերազմ, Արցախի կորուստ, խորը հիասթափություն մինչ օրս:

Այս ամենին և անցյալի հետ կապված այլ հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում այլ ձևաչափով:

Այժմ կոչով դիմում եմ ձեզ և հրավիրում եմ բոլոր այս գաղափարները կիսող մարդկանց միանալ մեր շարժմանը` «Արմենիա 2026»-ին: Եվ հիշեցնում եմ, որ սա մի վերկուսակցական հարթակ է, որի նպատակն է՝ 2026 թվականին իշխանության բերել այս գաղափարները կրող մարդկանց, ովքեր կստեղծեն մենքն առաջնահերթ համարող մեր երազանքների Հայաստան:

Բոլորս՝ հանուն Հայաստանի:

Տեսանյութեր

Լրահոս