
Արձանագրվել է հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ. ԿԲ նախագահ

2024–ի ընթացքում արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունը ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են, նման իրավիճակում հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում, թեև տարեսկզբին ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը աստիճանաբար դանդաղել է և տարվա արդյունքում կազմել է 5.9%։
Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովներում 2024–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2024 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է վերջին տարիներին ձևավորված արտաքին բարձր պահանջարկի աստիճանական դանդաղմամբ, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։
Զուգահեռաբար ներքին պահանջարկն աշխուժացել է, ինչը դրսևորվել է և մասնավոր սպառման, և ներդրումների, այդ թվում նաև պետական ներդրումների բարձր աճով։ Միևնույն ժամանակ տարվա արդյունքում արձանագրվել է արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ աճ, հիմնականում պայմանավորված վերաարտահանման բարձր ծավալներով։