
British Petroleum-ը չի բացառում «Ղարաբաղ» հանքավայրում գազի պաշարների յուրացման հնարավորությունը

Բրիտանական BP plc նավթագազային անդրազգային ընկերությունը Ադրբեջանում նավթի արդյունահանումից բացի հեռանկարում նախատեսում է դիտարկել նաև «Ղարաբաղ» հանքավայրի գազի պաշարների յուրացման հնարավորությունը: Այս մասին Բաքվի էներգետիկ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանում ֆինանսների գծով փոխնախագահ Քոլին Ալանը։
«Չնայած այս պահին հիմնականում կենտրոնացած ենք այս հանքավայրի նավթային պաշարների յուրացմանը, բայց այստեղ հայտնաբերվել են նաև գազի պաշարներ, որոնց յուրացման հնարավորությունները կդիտարկենք ապագայում»,- նշել է նա:
Ավելի վաղ BP-ի արտահանման և շահագործման հարցերով գործադիր փոխնախագահ Գորդոն Բիրելը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է 2029 թվականին սկսել «Ղարաբաղ» հանքավայրում նավթի առաջին արդյունահանումը: Այս հանքավայրում նավթի երկրաբանական պաշարները գնահատվում են ավելի քան 60 միլիոն տոննա, իսկ արդյունահանվողը՝ 21 միլիոն տոննա նավթ և 13 միլիարդ խորանարդ մետր գազ։
British Petroleum-ը ձեռք է բերել 35-ական տոկոս բաժնեմասով «Ղարաբաղ» հանքավայրի և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի հեռանկարային հանքավայրերի յուրացման նախագծերին մասնակցելու իրավունք: Մնացած 65 տոկոսի իրավունքը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR): Գործարքը վավերացնող համաձայնագրերը կողմերը ստորագրել են այս տարվա հունիսի 3-ին՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» շրջանակներում։ Երկու նախագծերի կառավարիչն էլ բրիտանական ընկերությունն է:
«Ղարաբաղ» հանքավայրի մասով բրիտանական ընկերությունն ընդգրկվել է ռիսկերի սպասարկման գործող պայմանագրում, իսկ Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆիի՝ 2018 թվականին կնքված արտադրանքի բաշխման համաձայնագրում:
2024 թվականի սեպտեմբերի 20-ին SOCAR-ը և BP-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ծովային երկու հարթակների՝ «Ղարաբաղ» նավթային հանքավայրի և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի կառույցի վերաբերյալ։
«Ղարաբաղ» հանքավայրը գտնվում է Բաքվից 120 կմ արևելք, Կասպից ծովի Գյունեշլի հանքավայրից 20-25 կմ հեռավորության վրա և 150-200 մետր խորության վրա։ Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի կառուցվածքը գտնվում է Բաքվից 90-110 կմ հյուսիս-արևելք, 80-180 մետր խորության վրա։