
Այսօր տարածաշրջանում իսկապես առկա է էսկալացիայի իրական վտանգ. այդ մասին ազդակներն անտեսելն անպատասխանատու քայլ կլինի. Վիտալի Մանգասարյան

Վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա է ուկրաինական «Սարդոստայն» ռազմական հատուկ օպերացիան, որի թիրախում ռուսական ռազմական օդանավակայաններն էին, և որը բանակցային սեղանին սեփական դիրքերն ամրացնելու նպատակ էր հետապնդում նաև:
Իսկ թե որքան ռուսական ինքնաթիռ է ոչնչացվել իրականում, չենք կարող ասել, քանի որ բուն ռազմական գործողությունների բաղադրիչ է տեղեկատվական պատերազմը, այսինքն, կողմերից յուրաքանչյուրն իրեն հարմար տեղեկությունն է հայտնում:
Օրինակ, ուկրաինական կողմը հայտարարել էր, թե «Սարդոստայն» ծածկանունով գործողության արդյունքում «ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ», ռուսական կողմը, ըստ էության, կոնկրետ թվերի հրապարակումից զերծ է մնացել:
Մի բան հստակ է՝ ուկրաինական այս հատուկ գործողությունը, որի մասին Սպիտակ տունը վստահեցրել է՝ տեղյակ չի եղել, «ջրի երես» է հանել ռուսական կողմի որոշակի բացթողումներ, մյուս կողմից, արդյո՞ք պիտի կարծել, որ սրանով ռուսական կողմին ճակատագրական վնաս է հասցվել:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Այո, ուկրաինական «Սարդոստայն» օպերացիան վերջին օրերին դարձել է համաշխարհային մեդիայի ու փորձագիտական շրջանակների քննարկման թեմա։ Օպերացիայի մանրամասներն ու մասշտաբները դեռ ամբողջությամբ բաց չեն, սակայն արդեն կարելի է արձանագրել, որ այն հետախուզական և կիբեր ռազմավարական քայլ էր՝ ուղղված Ռուսաստանի ներսում թաքնված ու թույլ տեղերը բացահայտելուն։
Այս գործողությունը ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ ռուսական կողմի վրա՝ ցույց տալով, որ նույնիսկ խիստ կենտրոնացված վերահսկման պայմաններում հնարավոր է խոցել առանցքային օղակներ։
Այդ օպերացիան նաև «ջրի երես» հանեց մի շարք լուրջ բացթողումներ՝ ռուսական հակահետախուզության, տեղեկատվական անվտանգության և վերահսկողական համակարգերի մակարդակում։ Մասնավորապես, այն արձանագրեց, որ Ռուսաստանի ներսում գոյություն ունեն խոցելի հարթակներ, որտեղից հնարավոր է հավաքել զգայուն տվյալներ և անգամ պլանավորել ներսից գործողություններ։
Կարծում եմ, սակայն, չպետք է ընկնել վերլուծական էյֆորիայի մեջ և հայտարարել, որ այս մեկ գործողությամբ ռուսական կողմին արդեն իսկ ճակատագրական վնաս է հասցվել։ Նման բնութագրումն՝ անկախ գործողության հաջողությունից, առնվազն ժամանակավրեպ է։ Ռուսաստանը՝ որպես հզոր պետական մեքենա, դեռ ունի ռեսուրսներ, գործիքակազմ և ուժային կարողություններ՝ վերականգնելու վերահսկողությունը և արձագանքելու նման հարվածներին։ Այո, այս գործողության արդյունքում Ռուսաստանի ռազմական հեղինակությունը տուժեց, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ կորսվեցին, և վստահության ճեղքեր առաջացան իշխանության ներսում։ Բացի այդ, բարոյահոգեբանական ճնշումն էլ աճեց, երբ հասարակությունն ականատես եղավ համակարգային թերությունների։ Սակայն բոլոր այս վնասները վերջնական կամ անշրջելի չեն, և ռուսական կողմը դեռ կարող է վերակազմակերպվել և դիմագրավել նման մարտահրավերներին:
«Սարդոստայնը» կարևոր փուլ էր տեղեկատվական և կիբեր պատերազմի դաշտում, ինչը թույլ տվեց Ուկրաինային ամրապնդել իր դիրքերը նաև դիվանագիտական մակարդակով։ Բայց մինչ այդ արդյունքները կոչենք ճակատագրական, կրկնում եմ, հարկավոր է դիտարկել այս ամենն ավելի լայն համատեքստում՝ ժամանակի մեջ գնահատելով ռուսական կողմի վերակազմավորման կարողությունները և ապագա արձագանքները։
– Այս օպերացիան ևս ցույց տվեց, որ ժամանակակից պատերազմները փոխել են իրենց պահանջները:
– Այո, ուկրաինական օպերացիան ցույց տվեց, որ այսօր որոշիչ կարող է լինել ոչ թե զորքերի քանակը, այլ հակառակորդի թիկունք ներթափանցման կարողությունը։ Այսինքն, մի քանի լավ պլանավորված ու համադրված հարված կարող է խոցել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք սովորական ռմբակոծությամբ հնարավոր չէր նույնիսկ մոտենալ։ Այս դեպքում տեսանք, թե ինչպես կարելի է ռազմավարական օգուտ ստանալ՝ ներսից խոցելով ստրատեգիական օբյեկտներ, և առանց զանգվածային ուժի կիրարկման։ ժամանակակից պատերազմները վերածվել են համադրված տեխնոլոգիական բախումների, որտեղ հաղթանակը ձեռք է բերվում ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական, տեղեկատվական և թվային գերակայությամբ։
– Վերջերս ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել էր, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա հակամարտության իրական վտանգ, որն իրենք փորձում են կանխել: Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք, և ո՞ր ուղղությամբ, Ադրբեջանը մարտավարություն փոխե՞լ է, թե՞…
– Այո, այսօր տարածաշրջանում իսկապես առկա է էսկալացիայի իրական վտանգ, և այդ մասին ազդակներն անտեսելն անպատասխանատու քայլ կլինի:
Երբ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարն արձանագրում են լարվածության պահպանումը, պետք է լրջորեն հասկանալ, որ վտանգը տեսանելի է նաև գերտերությունների մակարդակում։ Նման հայտարարությունները սովորաբար վերլուծությունների և այլ աղբյուրների վրա հիմնված գնահատականներ են, հետևաբար՝ դրանք չպետք է ընկալել՝ որպես սովորական զգուշացումներ։
Ինչ վերաբերում է ադրբեջանական մարտավարությանը, եթե նախկինում Ադրբեջանի համար ռազմական ճնշումն ու դիրքային հարձակումներն էին առաջնային, ապա այժմ նրանք փորձում են նախ թուլացնել հայկական պետականությունն ու հասարակական միասնականությունը։ Նրանց նպատակն է խաթարել ներքին համերաշխությունը, որպեսզի հաջորդ հարվածը հնարավորինս հեշտ մարսեն։
Այս նոր մարտավարության մեջ հատուկ տեղ է հատկացվում հայկական ինքնության հիմնասյուների թուլացմանը, և պատահական չէ, որ վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցին հայտնվել է շարունակական քննադատության կենտրոնում։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ խիստ դատապարտելի են։ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող անպարկեշտ բառապաշարը, որը միտված է խոցել եկեղեցու հեղինակությունն ու նվաստացնել նրա դերը, խորապես անհամատեղելի է պետության ղեկավարի վարքագծին։
Երբ իշխանության ներկայացուցիչը՝ իր արտահայտություններով, ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցում է եկեղեցու դեմ քարոզչական արշավին, դա վերածվում է ոչ թե ներքաղաքական տարաձայնության, այլ ազգային արժեքների քայքայման, ինչը, բնականաբար, ձեռնտու է Ադրբեջանին։ Եվ միջին վիճակագրական քաղաքացու մոտ միանգամայն արդարացիորեն կարող է ձևավորվել այն տպավորությունը, որ հայկական կողմը կրկին կատարում է ադրբեջանական պահանջը՝ առանց մարտի, առանց ճնշման, ներսից քանդելով իր հասարակական ու հոգևոր հիմքերը։
– Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է հրթիռահրետանային զորքերի վարժանքները, նաև կարծես թե ակտիվություն կա Նախիջևանի ուղղությամբ՝ պահեստազորի հավաքներ, թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ռազմական կցորդների այցի կազմակերպում: Սրանք զուտ արարողակարգային միջոցառումնե՞ր են, թե՞ ենթատեքստ կա այստեղ, ամեն դեպքում:
– Ադրբեջանի վերջին քայլերը՝ հրթիռահրետանային զորքերի վարժանքների ակտիվացում, Նախիջևանի ուղղությամբ պահեստազորի հավաքներ և թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ի ցույց են դնում ոչ թե զուտ արարողակարգային նախաձեռնություններ, այլ հստակ ռազմական և քաղաքական ուղերձ։ Սա համալրված է նաև դիվանագիտական շղարշով՝ ռազմական կցորդների այցելությունների միջոցով, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին ներքին և արտաքին լսարաններին փոխանցել իր պատրաստակամությունն ու վճռականությունը։
Այս զարգացումները փաստացիորեն վկայում են, որ Ադրբեջանը նոր թափով նախապատրաստվում է Հայաստանի հետ հնարավոր հաջորդ առճակատմանը։
Թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական դաշտում Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման բարձր մակարդակը՝ ստեղծելով այն տպավորությունը, որ իր գործողությունները ցանկացած հարմար պահի կարող են վերածվել հարձակման, սրան նպաստում է նաև Թուրքիայի անմիջական աջակցությունը։
Զորավարժությունների և պահեստազորի հավաքների ֆոնին նրանք նաև լոգիստիկ ենթակառուցվածքներ են պատրաստում՝ ապագա հնարավոր մարտական գործողությունների արագ ծավալման համար։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է որսալ իր համար հարմար պահը՝ տարածաշրջանային ու միջազգային քաղաքական կոնյունկտուրայի ֆոնին ձեռնարկելու նոր ագրեսիա։
Հայկական կողմի ոչ բավարար պատրաստվածությունը, ներքին պառակտումները և արտաքին քաղաքական անորոշությունը միայն մեծացնում են այդ ռիսկերը։ Մինչդեռ իրավիճակի սրացումը կանխելու միակ ճանապարհը կայանում է վտանգի պատշաճ գնահատման, պետական համակարգի վերակազմակերպման և անվտանգության նկատմամբ խիստ պատասխանատու վերաբերմունքի մեջ։
– Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իրեն և հանրությանը փորձում է համոզել, որ պատերազմ չի լինելու, և Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից: Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս տրամաբանության մեջ հայտարարել է՝ եթե հայկական կողմը պատասխանի մի քանի ամիս շարունակվող ադրբեջանական կրակոցներին, էսկալացիա կլինի, և ոչինչ, որ հոգեբանական ճնշում է գործադրվում սահմանամերձ բնակիչների վրա: Այսինքն, հարցը չի կարգավորվում նաև ոչ ռազմական հարթությունում:
– Այսպիսի մոտեցումը փաստացի նշանակում է միակողմանի զսպվածություն այն պարագայում, երբ հակառակ կողմը նպատակային է արձակում կրակոցներ՝ ոչ միայն մարտավարական, այլև հոգեբանական ճնշման նպատակով։ Սահմանամերձ բնակիչների վրա այդ ճնշումը դարձել է մշտական ուղեկից՝ մթնոլորտ ստեղծելով անվստահության և անկայունության։ Իսկ հայկական կողմը մինչ այսօր հստակ չի սահմանել այն կարմիր գծերը, որոնց անցումը կդառնա պատասխան գործողությունների պատճառ։
Անորոշությունը ոչ միայն նախաձեռնությունն ադրբեջանական կողմի ձեռքում է թողնում, այլև ազդում է բանակի և բնակչության մարտական ու հոգեբանական վիճակի վրա։ Այս իրավիճակում սահմանապահ զինծառայողը կամ հրամանատարը չունի հստակ արձանագրած սահման՝ ե՞րբ ունի իրավունք պատասխանելու, երբ՝ ոչ։ Իսկ սա սպառնալիք է ոչ միայն պետական սահմանների պաշտպանությանը, այլև ազգային արժանապատվությանը։ Անհանգստացնող է նաև այն փաստը, որ անգամ հնարավոր կարմիր գծեր սահմանելու դեպքում՝ դրանց պահպանումը երաշխավորված չէ։
Պատմությունը ցույց է տվել, որ նույն Արմեն Խաչատրյանը, իր քաղաքական ղեկավարության հետ միասին, բազմիցս փոփոխության է ենթարկել իրենց իսկ կողմից հռչակված կարմիր գծերը։
Երբ կարմիր գծերը, այսպես ասած, հոծ չեն կամ հեշտությամբ մաքրվում են, ապա դրանք իրականում դադարում են գոյություն ունենալ:
Ադրբեջանը դա զգում է, ընկալում՝ որպես թուլություն, և նոր թափով շարունակում է ճնշումը։ Իսկ այդ ճնշումը ոչ միայն կրակոցների կամ զորավարժությունների տեսքով է դրսևորվում, այլ նաև՝ հոգեբանական, որը պատերազմի մաս է կազմում, և որի թիրախում ոչ միայն զինված ուժերն են, այլև՝ Հայաստանի հասարակությունը։ Առանց որոշակիության և հաստատակամության, Հայաստանը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր անվտանգությունն ու պետականությունը՝ որքան էլ փորձ արվի զերծ մնալ էսկալացիայից։
– Վերադառնանք Սյունիքի շուրջ իրավիճակին: Ինչո՞ւ Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն՝ Գորիսում պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց, իսկ ՌԴ հյուպատոսությունն էլ դեռ բացված չէ: Սա ինչի՞ մասին է վկայում:
– Ֆրանսիայի կողմից Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը, ի տարբերություն գլխավոր հյուպատոսության հիմնման, նախևառաջ պայմանավորված է տարածաշրջանում դիվանագիտական ներկայության ամրապնդման քաղաքական որոշմամբ՝ առանց լիարժեք հյուպատոսական գործունեության։ Պատվո հյուպատոսությունը, որպես կանոն, չունի նույն ծավալի իրավասություններ, ինչ գլխավոր կամ ընդհանուր հյուպատոսությունը, և այն ղեկավարում է ոչ դիվանագիտական անձ՝ որոշակի համայնքային գործառույթներով։
Հասարակության շրջանում թյուր ըմբռնում կա պատվո հյուպատոսի և պաշտոնական հյուպատոսության տարբերությունների վերաբերյալ։ Շատերն այս գրասենյակի բացումն ընկալում են՝ որպես լիարժեք հյուպատոսական ներկայացվածություն, ինչն առնվազն կարող է առաջացնել անհիմն սպասումներ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Սյունիքում հյուպատոսության հիմնմանը, ապա նշեմ, որ ռուսական կողմի հետ տարբեր մակարդակներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան, և կարծում եմ, որ այդ հյուպատոսությունն առաջիկայում կբացվի։
– Եվ վերջում չանտեսենք իշխանական պատգամավորի՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթը, դրա շուրջ զարգացումները: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել՝ այս նախագիծն ինչո՞ւ վատ ընդունվեց նաև ՔՊ–ականների շրջանում, և ի՞նչ ազդակներ եք ստանում Պաշտպանության նախարարության ղեկավարությունից հնչող ձևակերպումներից:
– Այդ նախագիծը, եթե ընդունվի, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի պաշտպանական կարողության և հասարակական համերաշխության վրա։ Օրինագծի քննարկման փուլում Պաշտպանության նախարարության կողմից տրված նախնական դրական գնահատականը ինձ մոտ, մեղմ ասած, զարմանք է առաջացրել։
Բանակը ոչ միայն ռազմական կառույց է, այլև հասարակական համերաշխության և ազգային ինքնության կարևոր բաղադրիչ։
Եթե հնարավորություն տրվի որոշակի գումարի դիմաց ազատվել ծառայությունից, դա կհանգեցնի սոցիալական անարդարության խորացմանը և հասարակության բևեռացմանը։Բանակի ծառայությունը պետք է լինի բոլորի պարտականությունը՝ անկախ սոցիալական վիճակից։
Բանակը պարզապես զենքն ու զորքը չէ, բանակը սոցիալական, հոգեբանական և պետական անվտանգության համակարգ է։ Եթե հնարավորություն ենք տալիս գումար ունեցող երիտասարդներին խուսափել ծառայությունից, նշանակում է՝ խորացնում ենք անարդարությունը, խթանում սոցիալական բևեռացումը և քայքայում զորակոչային մշակույթը։
Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ապառազմականացման պահանջների ֆոնին նման նախաձեռնություններն ընկալվում են՝ որպես հերթական զիջում և թուլություն։ Հույս ունեմ, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում կգտնվեն խելամիտ և պատասխանատու պատգամավորներ, որոնք կհասկանան այս օրինագծի վտանգավորությունը և դեմ կքվեարկեն։