Ադրբեջանում ձգտում են օրենքից դուրս դնել իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակությանը. HRW
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտնոը մտահոգված է հասարակական կազմակերպությունների վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրական նոր ուղղումների կապակցությամբ, քանի որ դա ազդելու է Ադրբեջանում ամերիկյան ծրագրերի իրագործման վրա:
Հասարակական կազմակերպությունների ֆինանավորումը սահմանափակող օրենսդրական ուղղումներն Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունվել են դեռևս նախորդ տարվա վերջին ու նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատվել են նախորդ շաբաթ:
Ամերիկացի դիվանագետները վերջին երկու ամսում քանիցս Ալիևին կոչ են արել օրենքներ ընդունել հասարակական կազմակերպությունների գործունեության ու ֆինանսավորման կարգավորման վերաբերյալ՝ համաձայն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների:
ԱՄՆ պետդեպարտամենտը ցայժմ հրապարակավ չի մեկնաբանել այդ հարցը: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ավագ գիտաշխատող Գիորգի Գոգիան գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ իրենք մեծապես մտահոգ են ոչ վաղ անցյալում Ադրբեջանում իրականացված ուղղումների կապակցությամբ:
Գոգիայի խոսքերով՝ այդ ուղղումները բացասական լուրջ հետևանքներ կունենան երկրում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ. «Մենք կարծում ենք, որ այդ ուղղումները հանդիսանում են կառավարության համաձայնեցված ջանքերի մասնիկը՝ սահմանափակելու համար իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության գործունեությունը.
Այդ ուղղումները նոր սահմանափակումներ են մտցնում տեղի ու օտար ՀԿ-ների գործունեության նկատմամբ և հաստատում են պատժիչ տուգանքներ՝ ներառյալ դրանց գործունեության դադարեցումը: Օրենսդրական ուղղումները միտված են քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին օրենքից դուրս դնելուն՝ առավելագույն կերպ սահմանափակելով նրանց իրավունքները»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի սկզբին հրապարակված ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի հոդվածում նշված էր, որ ամերիկյան NDI-ը երկու միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու համար: