NDI-ը երկու միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացման համար. Էյնուլա Ֆաթուլաև
Ադրբեջանական Haqqin.az կայքում հրապարակվել է այն ղեկավարող, նախկին քաղբանտարկյալ, չորս տարի բանտում անցկացրած ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածը, որում նշված է.
«2011 թվականի մարտի 7-ին՝ «Արաբական գարնան» թեժ ժամանակ, ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևը հրավիրվում է Ադրբեջանի արդարադատության նախարարություն, ուր նրան տրվում է նամակ՝ Ադրբեջանում իր գլխավորած ներկայացուցչության փակման պահանջով:
Պաշտոնական իշխանությունները դա ձևականորեն պատճառաբանեցին նրանով, որ Ադրբեջանում տվյալ ինստիտուտի գործունեությունն ապօրինի է՝ ազգային օրենսդրությունում արված ուղղումների համաձայն: Չնայած Ադրբեջանի կառավարությանը ինստիտուտի գրանցման մասին NDI-ի բազում դիմումներին՝ մեր իշխանությունները 2006 թվականից հրաժարվում են գրանցել այն, և գրանցման հասնելուն ուղղված ԱՄՆ դեսպանատան, USAID-ի ու NDI-ի ղեկավարության բոլոր փորձերը ձախողվեցին:
Ներկայացուցչության փակումից անմիջապես անց ԱՄՆ դեսպանատունն ակտիվ խորհրդակցություններ է սկսում կառավարական չինովնիկների հետ, տարբեր փաստարկներ է բերում, անում է ամեն հնարավոր բան՝ կառավարության նախորդ որոշումը փոխելու համար, սակայն ապարդյուն: Ավելին, 3 օր անց կառավարությունը կասեցնում է միջազգային ևս մեկ հիմնադրամի՝ նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ներկայացուցչության գործունեությունը:
Մարտի 10-ին Արդարադատության նախարարությունը վերացնում է նաև այդ կառույցի գրանցումը: 2011 թվականի մարտի 22-ին NDI-ի ադրբեջանական բաժանմունքի ղեկավար Ալեքս Գրիգորիևը լքում է Բաքուն և մեկնում է Վրաստան: Սակայն ընդհուպ մինչև ինստիտուտի գործունեության վերսկսումը, Գրիգորիևը չի խզում կապերը Բաքվի հետ: Նա այստեղ է ժամանում և՛ հունիսին, և՛ հուլիսին, և՛ սեպտեմբերին, ինչը վկայում է, որ նա փաստացիորեն շարունակում է կատարել այդ ինստիտուտի ղեկավարի գործառույթները:
2011 թվականի աշնանը NDI-ի ղեկավար, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն անձամբ դիմում է նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով վերականգնել Ադրբեջանում ինստիտուտի գործունեությունը: Պետության ղեկավարը չի կարողանում մերժել մի մարդու, ով որոշակի դեր է խաղացել Վաշինգտոնում ալիևյան կառավարության շահերը լոբբինգի ենթարկելու հարցում:
Մադլեն Օլբրայթը սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի կառավարության հետ դեռևս Հեյդար Ալիևի նախագահության ժամանակաշրջանում: Տվյալ ինստիտուտի գործունեության վերականգնումն անկասկած մտնում էր ամերիկացիների ռազմավարական շահերի շրջանակում, քանի որ դրանից առաջ Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցրել էր ամերիկյան քաղաքական ազդեցության մեկ այլ հենասյուն Հանրապետականների միջազգային ինստիտուտը (IRI):
2011 թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիևը «կանաչ լույս է վառում» NDI-ի գործունեության վերսկսման առջև, որը հանդիսանում է աշխարհի բազմաթիվ երկրներում ամերիկյան քաղաքական ազդեցության գլխավոր լծակներից մեկը: Դա շատ բանով ռիսկային որոշում էր, քանի որ միջազգային մի շարք փորձագետների, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ հենց NDI-ն է մասնակից եղել հետխորհրդային տիրույթում «գունավոր (նարնջագույն) հեղափոխությունների» ֆինանսավորմանն ու կազմակերպմանը: Նորվեգացիներն իրենց խոր զարմանքը հայտնեցին, որ ամերիկացիները, պաշտոնական Բաքվի առջև բարձրացնելով իրենց ինստիտուտի խնդիրների մասին, ոչինչ չասացին NDI-ի հետ միաժամանակ փակված նորվեգական հիմնադրամի կապակցությամբ:
Ադրբեջանի համար մշակված և այստեղ իրականացվող NDI-ի ծրագրերն արմատականորեն տարբերվում են այն ծրագրերից, որոնք իրականացվել են այլ երկրներում և մասնավորապես Ուկրաինայում կամ Մոլդովայում: Նա հրաժարվեց քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու և նրանց համար դասընթացներ անցկացնելու ծրագրերից: Մեծ հաշվով Ադրբեջանի հանդեպ ամերիկացիների նոր դոկտրինան, որի մասին բարձրաձայնվել է տվյալ ժամանակվա դեսպան Էնն Դերսիի կողմից, կայանում է նրանում, որ նրանց վերջին հույսն ադրբեջանցիների նոր սերունդն է՝ ակտիվ ու ստեղծագործ երիտասարդությունը:
Վրաստանում հեղափոխականներն Ալեքսին անվանում էին «հայր», Մոլդովայում՝ «գլխավոր հրամանատար», Ուկրաինայում՝ «ժողովրդավարության ցրիչ», իսկ Ռուսաստանում՝ միտինգային գլխավոր տեսաբան: Որտեղ որ հայտնվում էր այդ ոչ երիտասարդ մարդը, որտեղ որ ոտք էր դնում նա, այնտեղ բարձրանում էին հեղափոխություններ: Ալեքս Գրիգորիևը հայտնի է նաև որպես Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ-ի գծով փորձագետ:
Ալեքսը Բաքվում առաջին անգամ հայտնվեց 2009 թվականի դեկտեմբերի 15-ին՝ որպես NDI-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար: Դա համընկավ հենց այն ժամկետին, երբ ամերիկա-ադրբեջանական հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին: Այստեղ էլ նա հաճախ կրկնում էր իր թևավոր հումորիստական արտահայտությունը. «Ես եկել եմ: Ի՞նչ եք կարծում, կսկսվի՞ հեղափոխություն»: Կարելի է ենթադրել, թե Բաքվի խաղաղ փողոցներում այդ մարդու հայտնվելն ինչ զգուշավորությամբ ու վախով է ընդունել Ադրբեջանի կառավարությունը:
Բաքվում իր երկրորդ հայտնվելուց անմիջապես հետո Ալեքսն իրեն շրջապատեց բողոքավոր (ընդդիմադիր) երիտասարդությամբ: Պատահական չէ, որ NDI-ի գրասենյակում աշխատում են NIDA երիտասարդական կազմակերպության ակտիվիստները, որոնք նախօրեին ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մեղադրվել են Ադրբեջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ:
Իր գործունեության վերականգնումից հետո NDI-ը զգալիորեն ընդլայնել է երիտասարդության հետ գործունեության ոլորտը՝ մշակելով հատուկ ռազմավարություն՝ սոցցանցերն ակտիվ օգտագործելու համար: Ի տարբերություն «թվիթերյան Մոլդովայի», Ալեքսը լրիվ հնարավորություններն ունի Ադրբեջանում «ֆեսյբուքյան հեղափոխություն» պատրաստելու համար, քանի որ Facebook-ն Ադրբեջանում առավել հանրաճանաչ սոցցանցն է, որն ակտիվորեն միավորում է բողոքավոր եիտասարդության խմբերը:
Ադրբեջանի բողոքավոր զանգվածի շրջանում զինվորական մահերի շուրջ բարձրացված աժիոտաժը վկայում է, որ ուղեղային կենտրոններն ընտրել են բողոքավոր զանգվածի ակտիվացման ու համախմբման տեսանկյունից ամենահաջող տարբերակը: Facebook սոցցանցով (հիմնականում անանուն պրոֆիլներից) Ադրբեջանում ուղարկվել է ավելի քան 200.000 (!!!) հրավեր՝ «Շատրվանների» հրապարակում երեկ կայացած զինվորականների մահերի դեմ բողոքի ակցիային մասնակցելու մասին (որն ուժի կիրառմամբ ցրեց Բաքվի ոստիկանությունը): Դրա նախաձեռնողների թվում է հանդես եկել NIDA կազմակերպությունը, որի ներկայացուցիչները մինչև ուշ գիշեր մնում են NDI-ի գրասենյակում:
Վերլուծության ենթարկելով տարբեր երկրների փորձը՝ պետք է նշել, որ անկասկած է մեկ բան. Ադրբեջանում Ալեքսի հայտնվելը պատահական չէ: Նրա գործողությունները կոորդինացվում են ԱՄՆ դեսպանատան հետ: Նա տալիս է այնպիսի հարցեր, որոնք խստապես ցանկանում է տալ դեսպանը, սակայն դիվանագիտական էթիկան նրան թույլ չի տալիս անել դա: Ալեքսը շեշտը դրել է հայրենասեր և կրքոտ երիտասարդության վրա: Ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի՝ ծայրահեղ զգուշավոր Ալեքսը փորձում է չերևալ ԶԼՄ-ներում և ադրբեջանական իշխանություններին չի հուշում, թե ինչպես է պետք ղեկավարել երկիրը և ընտրական գործընթացները:
Ադրբեջանում անցկացրած 3 տարվա ընթացքում Ալեքսն ադրբեջանական բանկերում ունեցած հաշվեհամարներից հանել է մոտ 2 միլիոն դոլար (կանխիկ), առավել ստույգ՝ 1.963.871 դոլար: Ո՞ւր են ուղղվել և ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները: Ահա թե ինչումն է հարցը: NDI-ի կայքում որևէ տեղեկատվություն չկա իր Բաքվի ներկայացուցչի նմանատիպ խոշոր ծախսերի մասին: Որևէ տեղեկատվություն չկա նաև ինստիտուտի կողմից տեղական երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տալու մասին:
Ներկայումս Ալեքսը Բաքվում չէ: Նա փետրվարի 23-ին մեկնել է Թուրքիա և անհայտ է, թե ներկայումս որտեղ է գտնվում: Վերադառնալով Ալեքսի միլիոններին՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2010 թվականին Ալեքսը 27 անգամ կանխիկացրել է ընդհանուր առմամբ 590.770 դոլար, 2011 թվականին՝ 744.556 դոլար, իսկ նախորդ տարի՝ 628.545 դոլար: Բոլորին հայտնի է, որ NDI-ն Ադրբեջանի քաղաքացիական սեկտորին հատկացնում է միայն մանր դրամաշնորհներ, որոնց առավելագույն չափը կազմում է 8-15.000 դոլար, այն էլ միայն կանխիկ:
Ենթադրենք, թե NDI-ն Ադրբեջանում աջակցում է 10 երիտասարդական կազմակերպության գործունեություն (ավելին Ադրբեջանում չես հավաքի) և ենթադրենք, որ նա այդ նպատակով հատկացրել է ընդհանուր առմամբ 100.000 դոլար (Արևմուտքը երիտասարդությանն ավելի շատ գումար չի տալիս): Այստեղից էլ առաջանում է լիովին արդար և ողջամիտ հարց. որտե՞ղ է ծախսվել մնացյալ գումարը, առավել ևս, որ ինստիտուտը հրաժարվել է քաղաքական կուսակցություններին աջակցելու և նրանց հետ համագործակցելու ծրագրերից: Եվ ինչո՞ւ ինստիտուտն իր կայքում չի ներկայացնում ֆինանսական հատկացումների մասին տեղեկատվություն: Մի՞գուցե դրանք ծախսվել են «ֆեյսբուքյան հեղափոխության» վրա:
Այդպես է դա, թե ոչ, սակայն այն օրերին, երբ Ալեքսն իր հաշվեհամարից գումար է հանել, կարելի է տեսնել մեկ բավականին ուշագրավ համընկնում. գումարները հանվել են ընդդիմության միտինգների նախաշեմին: Հնարավոր է, որ դա պատահականություն է, սակայն այդ դեպքում ինչպես բացատրել այն, որ այդ գումարների առյուծի բաժինը հանվել է Եվրատեսիլի նախօրեին ծավալված քարոզչական կամպանիայի ժամանակ: Մի՞թե կարող են լինել այդքան զուգադիպություններ և ընդ որում՝ 3 տարվա ընթացքում:
Առաջանում է ևս մեկ կարևոր հարց: 2009 թվականին ադրբեջանական օրենսդրությունում արված ուղղումների համաձայն, միջազգային կազմակերպությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները (մասնավորապես հատկացվող դրամաշնորհների մասին) ներկայացնել Ֆինանսների նախարարությանը: Արդյոք տեղյա՞կ է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, թե որտեղ են ծախսվել NDI-ի միլիոնները: Ի դեպ, 2009 թվականին Ալեքսը Մոլդովայում իրականացրած «թվիթերյան հեղափոխության» վրա ծախսել է գրեթե նույնքան գումար (2 միլիոն դոլար)»: