Բաժիններ՝

Այս տարի աշխարհի առաջնությունն ավելի բարդ ստացվեց. Վարազդատ Լալայան

Այս տարի աշխարհի առաջնությունն ավելի բարդ ստացվեց. Վարազդատ ԼալայանՍպորտ
Մարզիկների սպորտային կյանքը երկար չէ. քեզ հիշում են անցած ճանապարհի, նվաճած մեդալների, մրցանակների ու տիտղոսների շնորհիվ: Կմնա՞ս արդյոք մարդկանց հիշողության մեջ, կմնա՞ս արդյոք սպորտի պատմության մեջ՝ բացառապես կախված է նրանից, թե որքան հոգի, նվիրում կդնես գործիդ մեջ: Կամք. ահա այն հատկանիշը, որը միջին վիճակագրական մարզիկին առանձնացնում է սպորտի պատմության մեջ իր հետքը թողնել ցանկացող մարզիկից:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը եղել ու մնում է համաշխարհային ծանրամարտում իր ծանրակշիռ դերն ունեցող թիմերից մեկը: 2025 թվականը ոսկե տարի էր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու արդեն Եվրոպայի ու աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը, խոսել Եվրոպայի առաջնության, Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող հայ ծանրորդ Գոռ Մինասյանի հետ ընկերության մասին (խմբ. Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը հանդես են գալիս նույն քաշային կարգում):

-Վարազդատ, նախ ընդունեք իմ շնորհավորանքներն աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ և շնորհակալությունը՝ հպարտության պահերի համար: Ինչպիսի՞ն էր աշխարհի այս առաջնությունը Ձեզ համար։

-Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի աշխարհի առաջնությունն ավելի բարդ ստացվեց: Վնասվածք ունեի ու ուշ վերականգնվեցի, սակայն կարողացա բավականին շուտ ինձ կարգի բերել ու տրամադրվել աշխարհի առաջնությանը: Նախորդ տարի, որն օլիմպիական էր, խոչընդոտներն ավելի քիչ էին: Փարիզ-2024-ից հետո էլ լավ մարզավիճակում էի: Նախորդ տարվա համեմատ` մրցակցությունն այս անգամ ավելի թույլ էր: Ինքս էլ ուժեղ մրցակցության ակնկալիք ունեի: Գոռ Մինասյանը լավ չմասնակցեց, իսկ Իրանի մարզիկների հետ էլ մի բան այն չէր: Գուցե, դիմացինի աչքի համար այս տարին ավելի հեշտ էր, սակայն ինձ համար այն ավելի դժվար էր:

-Իսկ զգացողությունները նո՞ւյնն էին:

-Գիտեք, ես յուրաքանչյուր մրցաշարի նախապատրաստվում եմ նույնությամբ, ինձ համար երկրորդական մրցաշարեր չկան:

-Այս տարին ոսկե տարի էր Ձեզ համար: Դուք նաև տարվա սկզբին դարձաք Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Սակայն Եվրոպայի առաջնությունում բոլորն ավարտեցին իրենց ելույթները, հետո միայն Դուք սկսեցիք: Ինչպիսի՞ն էր այդ առաջնությունը Ձեզ համար:

-Եթե անկեղծ, Եվրոպայի այս առաջնությունն էլ իրականում բարդ էր ու դժվար: Եվրոպայի առաջնությունից առաջ էլ դաստակի վնասվածք ունեի: 2024 թվականին 5 մրցման էի մասնակցել ու չէի հասցրել վերականգնվել: Դժվարությամբ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա այն թույլ էր, իսկ կիլոգրամներն էլ ավելի ցածր էին:

-Վարազդատ, աշխարհի այս առաջնությունում Դուք նաև ռեկորդային քաշ էիք պատվիրել` 261 կգ: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Հիմա, երբ փոխվել են քաշային կարգերը, միջազգային ֆեդերացիան սահմանել է ստանդարտ ռեկորդներ: Ու, քանի որ երկրորդ մոտեցմամբ արդեն իսկ մրցաշարն ավարտված էր` հաղթանակն ապահովված, ինձ մնում էր միայն գնալ աշխարհի ռեկորդի: Այս անգամ չստացվեց, բայց հույս ունեմ, որ այդ կիլոգրամներն ապագայում կբարձրացնեմ:

-Չեմ կարող չխոսել Գոռ Մինասյանի ու Ձեր ընկերության մասին, որը բնավ չի անդրադառնում մրցաշարերում մրցակցության վրա: Գիտեմ նաև, որ երկուսդ էլ այն կարծիքին եք, որ ձեր մրցակցությունը միմյանց դեմ չէ, այլ ծանրաձողի հետ է: Ի՞նչ առանձնահատկություն ունի Ձեզ համար Գոռ Մինասյանի հետ ընկերությունն ու մրցակցությունը:

-Ուզում մի բան առանձնացնել. երբ մուտք գործեցի մեծահասակների հավաքական թե՛ Ռուբեն Ալեքսանյանը, թե՛ Գոռ Մինասյանն իրենց ճիշտ խորհուրդներով ինձ շատ են օգնել գերծանր քաշային կարգում կայանալու համար: Նրանցից շատ բան եմ սովորել: Գոռն իմ ընկերն է, շատ եմ հարգում ու շատ ավելի շատ սիրում եմ նրան: Նա այնպիսի բարձրակարգ մարզիկ է, որը միշտ պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա ու արժանի է միայն լավագույնին: Նա իսկական մարզիկի բնավորություն ունի` պայքար տվող է, համառ է, նվիրված է մարզաձևին: Աշխարհի այս առաջնությանը պատրաստվել ենք միասին, մինչև վերջին վայրկյանն իրար կողքի կանգնած ենք եղել: Անկեղծորեն ուրախանում եմ Գոռի հաջողություններով ու առավել քան վստահ եմ` նույնն էլ ինքն է անում ինձ համար:

-Վարազդատ, գերծանր քաշային կարգում լեգենդար մարզիկ էր վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Թեպետ նա ավարտել է կարիերան և Դուք էլ ջերմ ու ընկերական փոխհարաբերություններ ունեք միմյանց հետ, սակայն ի՞նչ եք սովորել նման լեգենդար մարզիկից թե՛ մրցահարթակում, թե՛ դրանից դուրս:

-Լաշա Տալախաձեն ծանրամարտում ամենակայուն մարզիկներից մեկն է եղել մինչև իր կարիերայի ավարտը: Դուք շատ հազվագյուտ դեպքում կգտնեք մրցաշարեր, որտեղ նա մի քանի մոտեցում տապալել է: Անհնար է, որ նրանից գոնե դա չուզենաս սովորել: Նա հրաշալի անձնավորություն է ու շատ լավ մարզիկ: Հիմա էլ կապի մեջ ենք, ընկերներ ենք:

-Այս հարցը դեռևս նախորդ տարվանից էի ուզում Ձեզ տալ ու հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է: «Փարիզ-2024»-ի պարգևատրման ժամանակ, երբ արդեն ստացել էիք Ձեր արծաթե մեդալը, մի պահ այն առաք ձեր ձեռքերի մեջ, նայեցիք ու համբուրեցիք: Ինչո՞ւ: Միթե դա Ձեր իսկ շնորհակալությո՞ւնն էր տարիների աշխատանքի համար:

-Ինձ համար օլիմպիական մեդալը մեծագույն նպատակ էր: Եթե անկեղծ, հենց այդ պահին մի քիչ հիասթափված էի, որ այդքան մոտ էի ոսկուն, սակայն չունեի այն: Գիտեք, երբ մեդալն արդեն ինձ մոտ էր, իմ անցած ամբողջ ճանապարհն անցավ աչքերիս առջևով: Մտքումս մի բան էր` Աստված ինձ համար այս պահին սա էր նախատեսել ու ես ընդունեցի այն՝ հարգելով այդ մեդալը, թեկուզ արծաթե: Բոլոր օլիմպիական մեդալները, անկախ գույնից, միշտ էլ հարգանքի են արժանի: Իհարկե, ուզում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն, ու հույս ունեմ կգա այդ օրը:

-Խոսելով բուն մրցելույթներից՝ սովորաբար ի՞նչն եք լսում կամ տեսնում, երբ դուրս եք գալիս մրցահարթակ:

-Երբ մրցահարթակում ես, ուզում ես մենակ մնալ ծանրաձողի հետ: Ծանրաձողն անշունչ առարկա է, ու դու անկարող ես նրան ինչ-որ բանով համոզել, խոսել: Քեզ մնում է միայն տրամադրվել այնպես, որ այլ տարբերակ չկա, ծանրաձողը պետք է բարձրացնել: Ինձ շատ է օգնում լռությունը, որ կարողանամ կենտրոնանալ: Ինձ չեն խանգարում մարզիչների ու հավաքականի անդամների ձայները, որոնց ծանոթ եմ: Խանգարում են միայն դահլիճից լսվող ձայները:

-Վարազդատ, գիտեմ նաև, որ սովորաբար չեք նայում թիմակիցների ելույթները ու հազվագյուտ է լինում, որ մրցաշարերից հետո նայեք Ձեր իսկ մոտեցումները: Ինչո՞ւ:

-Այո, շատ քիչ եմ նայում, երբեմն ստացվում է, որ մրցաշարից հետո իմ մոտեցումները նայում եմ, ու այն էլ այն պատճառով, որ դրանք տարածվում են սոցիալական հարթակներում: Հնարավոր է, որ այս կամ այն մրցաշարերի ժամանակ մեկի մրցմանը միայն ներկա լինեմ: Ես ավելի շատ լարվում եմ թիմակիցներիս ելույթների ժամանակ, քան իմ ելույթների ընթացքում: Ու դա երևի նրանից է, որ ես տեսնում եմ, թե մարզումների ընթացքում մարզիկներն ինչպես են տանջվում, ու ամեն անգամ ինչ-որ մոտեցման ձախողման ժամանակ, կարծես, սրտիցս մի բան պոկվի:

-Երկուական ոսկի ունեք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Ի՞նչ է պետք Ձեզ Օլիմպիական խաղերի ոսկին ունենալու համար:

-Հաջորդ տարի ունենք թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություն: Առավել պատասխանատու տարի կլինի 2027 թվականը, քանի որ Հայաստանում կկայանա աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար: Ես գիտեմ, որ աշխատանքի իմ բաժինն ունեմ անելու, ու այդ աշխատանքի չափը շատ մեծ է: Ամեն կողմ իր բաժին աշխատանքը պետք է կատարի` ես իմ կողմից, ֆեդերացիան` իր, Ազգային օլիմպիական կոմիտեն`իր: Ու ամենակարևորն այն է, որ բոլորիս նպատակը մեկն է:

-Վարազդատ, անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս