
Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին՝ սրբազանները վստահ են, որ Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին. ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։
Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։
Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։
Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը։
Հատկապես ազդեցիկ հոգևորականներին կալանավորելով՝ իշխող խմբակը փորձում է ավելի հեշտությամբ հասնել այդ նենգ նպատակին։
Մի բանում համոզված ենք․ մեր ժողովրդի անսասան հավատն ու սերը ազգային եկեղեցու նկատմամբ դա թույլ չեն տալու»,- գրել է Գառնիկ Դանիելյանը: