
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը մահափորձ է պլանավորել Ալիևի դեմ

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջման փորձ է պլանավորվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից շատ առաջ․ նման հրապարակում է արել Вести Баку-ն՝ հղում անելով անանուն աղբյուրից ստացված տեղեկատվությանը։
Աղբյուրի պնդմամբ՝ այդ գործողության կենտրոնական դեմքը նույնականացվել է Ռամիզ Մեհդիևի հետ, որը տասնամյակներ շարունակ վերահսկել է երկրի վարչական մեքենան։ Ըստ տեղեկության՝ Մեհդիևը դեռևս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա՝ խորհրդարանում ունենալով նաև հավատարիմ պատգամավորների խումբ, որոնք պատրաստ են եղել աջակցել «ժամանակավոր կառավարությանը» ճգնաժամի դեպքում։ Սցենարի հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով գործողության սկիզբը։
2024 թվականի դեկտեմբերին պլանավորվել էր Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, խուճապահար և վախեցած արտաքին սպառնալիքից, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ Աղբյուրի խոսքով՝ պլանը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։
Սակայն գործողությունը ձախողվել է։ Հանցագործները սխալ են թույլ տվել․ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Սխալը ճակատագրական էր։ Կառավարվող ճգնաժամի փոխարեն՝ երկիրն ու աշխարհը բախվեցին ողբերգության և միջազգային սկանդալի։
Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան արագ փորձել է վերաշարադրել սցենարը՝ շրջել պատմությունը, ներկայացնել այն որպես տեխնիկական սխալ և «մասնակիորեն փոխանցել տվյալները»։ Ամենադրամատիկ դրվագը, ըստ նույն արտահոսքի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ, ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը «խափանել է մահափորձը» և փոխանցել օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանի ներսում գործող գործակալի անունը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի է ենթարկվել՝ պետական դավաճանության, բռնի ուժով պետությունը տապալելու փորձի և փողերի լվացման մեղադրանքներով: Բաքվի դատարանը 87-ամյա Ռամիզ Մեհդիևի համար չորս ամսվա տնային կալանք է նշանակել՝ հաշվի առնելով նրա տարիքը։ Մեղադրանքները, ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, նախատեսում են առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում։