Որքա՞ն կաշառք են պահանջում Հայաստանի դատարաններում. բացահայտում է ՄԻՊ-ը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց է հրապարակել ՀՀ-ում արդար դատաքննության վերաբերյալ:

«Եթե վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այս երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»,- իր զեկույցում նշել է Կարեն Անդրեասյանը:

Զեկույցում նշված է, որ հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզնմներ: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների դեմ: Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև»,- նշված է զեկույցում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ներկայացելով հարցումների արդյունքներն, ասաց, որ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: «Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում, առաջին ատյաններում՝ 500-10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս