Ով է փչացրել շինարարության ոլորտի ցուցանիշը
Այն, որ այս տարվա վերջին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշը չի գերազանցի 4.2-4.3%-ը, այլևս ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։
Նախ` միջազգային կառույցները վերանայեցին 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, իսկ հետո արդեն ՀՀ կառավարությունը ստիպված եղավ խոստովանել, որ տարվա վերջին կունենանք 4.1% տնտեսական աճ։ Կարելի՞ է սա արդյոք տապալում համարել։ Բանն այն է, 2013թ. պետբյուջեի հիմքում դրված էր տնտեսական աճի 6.2%-անոց ցուցանիշ։ Այսինքն` կանխատեսումը չի իրականացել։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինակ, «168 Ժամի» հետ զրույցում այս կապակցությամբ ասել էր. «Դա չի նշանակում, որ կառավարությունը տապալվել է: Դե, կանխատեսում է, կանխատեսումները, բնականաբար, որոշակի չափով իրականանում են, որոշ առումով` ոչ: Եղել են տնտեսական փոփոխություններ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների աճ, որոնք պետք է բացատրվեն հասարակությանը, Ազգային ժողովին, բոլորին»: Իհարկե, կանխատեսումները հենց նրանով են կանխատեսում, որ դրանք կարող են փոխվել։ Սակայն կա մի հանգամանք, որը կարող է տագնապի մեջ պահել ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի պատասխանատուներին։
Դեռ այս տարվա մարտին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել էր. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքով չի ապահովի 7-տոկոսանոց տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Իսկ մինչ այդ հնչած ելույթներում Ս.Սարգսյանը նշել էր, որ ձախողման համար բացատրություններ չեն ընդունվելու։
Իսկ հրաժարական կտա՞ կառավարությունը։ Այս հարցին մեր նախարարները խուսափում են ուղիղ պատասխանել` փոխարենը խոսելով տնտեսության վրա ազդող բազում գործոններից` եվրոյի գոտու ճգնաժամ, վառելիքի գներ և այլն։ Կոնկրետ այն պատճաբանությունը, որ ՀՆԱ-ի աճի վրա ազդել է գազի թանկացումը, փոքր-ինչ ազնիվ չէ։ Գազի գնի թանկացումն, իհարկե, ազդում է տնտեսության վրա։ Խոսքը վերաբերում է նրան, որ կառավարությունը դեռ 1 տարի առաջ գիտեր` մոտավորապես ինչ փոփոխության է ենթարկվելու կապույտ վառելիքի գինը, և կարող էին դա հաշվի առնելով` ավելի ճշգրիտ կանխատեսում անել։
Իսկ ո՞ր ոլորտն է «մեղավոր» ՀՆԱ-ի ցուցանիշի ձախողման համար։ Այս հարցի պատասխանը երեկ Ազգային ժողովում հնչեցրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հայտարարել է, որ շինարարության ոլորտում անկում կա, ինչն էլ տնտեսական աճի տեմպերի դանդաղման հիմնական պատճառներից մեկն է դարձել: Իրոք, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներն աճ են գրանցել` բացի շինարարության ոլորտից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` շինարարության ծավալները կրճատվել են 9.2%-ով և կազմել 244.9 միլիարդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ մինչև ճգնաժամը` 2008թ. հունվար-սեպտեմբերին, շինարարության ծավալը 604.2 միլիարդ էր։ Այսինքն` որպեսզի հասկանանք, թե ինչու է ՀՀ տնտեսական աճը դանդաղել, նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ` ինչո՞ւ է շինարարությունն անկում ապրում։ Հենց այդ հարցն էլ պատգամավորը երեկ ուղղել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին։
Նախարարը, չկորցնելով լավատեսությունը, նախ` հիշեցրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին, այսինքն` միայն տարեվերջին հստակ հնարավոր կլինի ասել` անկում կա՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է արդեն փաստացի ցուցանիշներին, Ս.Թադևոսյանը պատասխանել է. «Այս թվերը փոփոխվելու են, բայց, ամեն դեպքում, տնտեսական անկում կա, ու դա պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ»: Այսինքն` ՀՀ տնտեսական աճի դանդաղման մեղքը մեր իշխանությունները փորձում են բարդել միջազգային կառույցների վրա։ Ինչպես ասում են, տեղ հասանք։ Նախ ճշտենք` իրո՞ք միջազգային վարկերն էական ազդեցություն են ունեցել շինարարության ոլորտի ցուցանիշների վրա։
Ինչպես երևում է ԱՎԾ-ի տեղեկանքից` միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազել են 33.5%-ով և կազմել 15.8 միլիարդ դրամ: Հատկապես զգալի չափով նվազել են Համաշխարհային բանկից ստացված միջոցների հաշվին շինարարության ծավալները` 41.8%-ով (ծավալը` 6.2 միլիարդ դրամ):
Չնայած սրան` միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 6.5%։ Դժվար չէ հաշվարկել, որ, եթե միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները չնվազեին, այլ մնային նախորդ տարվա մակարդակին, ապա ցուցանիշն ավելին կլիներ` շուրջ 23 միլիարդ։ Այսինքն` 7 միլիարդով շատ։ Սակայն դա բավարար չէր լինի ամբողջ շինարարության ոլորտի 9.8%-անոց անկումը ծածկելու համար: Կարճ ասած, միջազգային վարկերը թեպետ ազդել են շինարարության ոլորտի վրա, սակայն այս ոլորտի խայտառակ պատկերի «գլխավոր մեղավորը» չեն։ Իսկ ո՞ւմ պատճառով է շինարարությունն անկում ապրել։
Շինարարության ծավալների առյուծի բաժինը` 45.3%-ը, բաժին է ընկնում կազմակերպություններին (կառուցապատող ընկերություններին)։ Իսկ նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 17.2%-ով։ Ամենաէական ազդեցություն ունեցել է հենց այս ցուցանիշը։ Շինարարության մի զգալի մաս էլ իրականացվում է պետական բյուջեի և համայնքային միջոցների հաշվին (միասին` նրանց բաժին է ընկնում շինարարության 17.5%-ը)։ Այստեղ նույնպես ունենք էական նվազում։ Պետբյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները կրճատվել են
11.7%-ով, իսկ համայնքներինը` 13.1%-ով։
Մինչդեռ, որքան էլ զարմանալի լինի, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 19.4%-ով և կազմել 69.2 միլիարդ դրամ։ Իսկ դա նշանակում է, որ ոլորտի անկումն ավելի խորը կլիներ, եթե Հայաստանի բնակիչները կառուցելու հետ սեր չունենային։ Այսինքն` շինարարության անկումը, ու դրա հետևանքով` տնտեսական աճի ցածր ցուցանիշը չի կարելի պայմանավորել միջազգային վարկերով։ Այլ կերպ ասած` պետք չէ մեղքը գցել միջազգային վարկատուների վրա։
«168 Ժամ»