Ժապավենային գեղարվեստական լուսանկարչությունը մահացած չէ
Հոկտեմբերի 15-ին Նկարիչների միությունում բացվեց ռուս և ուկրաինացի լուսանկարիչների «Art Raccord» կոչվող գեղարվեստական լուսանկարի ցուցահանդեսը:
Ներկայացված ժամանակակից լուսանկարչությունը բավականին բազմաշերտ էր` սկսած որոշ աշխատանքների գեղարվեստականությունից, վերջացրած հեղինակների վարպետությամբ: Հասարակական գիտակցության մեջ լուսանկարչությունն առավել ամրագրված է` իբրև փաստագրության արտացոլում, նույնատպություն, մինչդեռ լուսանկարի ընկալումը անմիջականորեն փոխվում է, երբ հեղինակը կադրը կամ դիմանկարը որսում և մատուցում է` պատկերին տալով ստեղծագործական սեփական բովանդակությունը: Ցուցահանդեսում ներկայացված հեղինակային լուսանկարները հատային ստեղծագործություններ են, և, որ ամենաուշագրավն է՝ լուսանկարներն արված են լուսանկարչական ժապավենով, այլ ոչ թե՝ թվային սարքերով:
Ներկայացված են ավելի քան 50 հեղինակային ստեղծագործություններ, իսկ աշխատանքների հեղինակները ՌԴ-ում և Ուկրաինայում հայտնի են` որպես գեղարվեստական լուսանկարչության վարպետներ՝ Միխայիլ Կալամկարով, Ալեքսանդրա Շոնովիչ, Մարգարիտա Ֆեդինա, Ալեքսանդր Օվեչկին-Լեբեդև, Սվետլանա Միսլիվեցի, Դմիտրի Կուկլին, Մաքսիմ Ժելեզնյակով: Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում Միխայիլ Կալամկարովը կանցկացնի վարպետության դասեր, իսկ «Raccord» ամսագրի գլխավոր խմբագիր Վ. Սամարինը նաև սեմինար կվարի:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Raccord group»-ի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության և Նկարիչների միության հետ համատեղ: Ցուցահանդեսի համադրող Հայկ Ասլիյանը նշում է, որ ՌԴ-ում հայտնի այս կազմակերպության նպատակը դասական լուսանկարչության շուկայի վերականգնումն է: Կազմակերպությունը դասական լուսանկարչությամբ (ժապավենով աշխատելու սկզբունքով) հետաքրքրված մարդկանց հնարավորություն է տալիս յուրացնել այն` սկսած համապատասխան տեխնիկայի ձեռքբերումից, վերջացրած խորհրդատվություններով, վարպետության դասերով, ցուցահանդեսներով, մրցույթներին մասնակցություն ապահովելով, և այլն:
«Raccord» ամսագրի գլխավոր խմբագիր, ցուցահանդեսի կազմակերպիչներից` Վլադիմիր Սամարինն` առաջին անգամ լինելով Հայաստանում, այնուամենայնիվ, անհամբեր է, թե ինչպես կարձագանքեն հայ այցելուներն այս աշխատանքներին: «Սովետական Միության փլուզումից հետո, երբ մենք մշակութային ընդհանրություններ ունեինք, այդ կապերը ինչ-որ իմաստով խզվեցին: Որքան տեղյակ եմ` վերջին 20 տարիներին ռուսական լուսանկարչության շնորհանդեսներ Հայաստանում չեն եղել: Անկեղծ ասած՝ հայ լուսանկարիչներից շատ տեղեկացված չեմ, բայց շատ կցանկանայի ծանոթանալ նրանց աշխատանքներին, կամ հետաքրքիր է՝ ինչով են նկարում, ինչպես են ապրում»,- նշեց Վ. Սամարինը՝ հույս հայտնելով, որ ցուցահանդեսը հասարակական հետաքրքրություն կառաջացնի, քանի որ այն բավականին երկարատև աշխատանք է պահանջել կազմակերպիչներից:
Ի դեպ, վերջինս նաև հավելեց, որ արդեն միջազգային շուկա մուտք գործած «Raccord» ընկերությունը Հայաստանում նույնպես հիմնել է այդ ընկերության «Raccord-Հայաստան» մասնաճյուղը, որը լուսանկարչության ոլորտում բավականին մեծ ծրագրեր է իրականացնելու: Հայաստանում առաջին անգամ լինելով` Վ. Սամարինը նշում է, որ բարենպաստ եղանակի շնորհիվ` հասցրել է տեսնել Արարատ լեռը և հիանալ «Կասկադի» տարածքում գտնվող` Բոտերոյի հրաշք քանդակներով, «Գաֆեսճէան» կենտրոնի արժեքավոր կոլեկցիայով: Նա վստահեցնում է, որ ցուցահանդեսի բացմանը հաջորդող օրերին անպայման կայցելի Հայաստանի թանգարաններ, մասնավոր գալերեաներ՝ հայ արվեստին մանրամասն ծանոթանալու նպատակով:
Լուսանկարիչ, նկարիչ, ցուցահանդեսի մասնակից Դմիտրի Կուկլինն անդրադառնալով ցուցահանդեսին՝ նշեց, որ այն արտացոլում է Ռուսաստանի և Ուկրաինայի լուսանկարչական արվեստը: «Գեղարվեստական լուսանկարչությունը ստեղծագործություն է, և այս ցուցադրությունը նաև նպատակ ունի վերացնել այն միֆը, ըստ որի՝ ժապավենը մահացել է, լուսանկարչական պրոցեսներն այլևս ակտուալ չեն, և ամենալավը ժամանակակից թվային լուսանկարներն են: Ինչպես նկատում եք՝ դա այդպես չէ. լուսանկարիչները շարունակում են աշխատել ձեռքերով, պայքարել նյութի հետ»,- ասում է Դ. Կուկլինը:
Վ. Սամարինն, իր հերթին` ավելացնում է, որ դասական լուսանկարչությունն այն արվեստներից է, որ ստեղծվում է երկու փուլերից որակ ստանալու արդյունքում, քանի որ նախ` պետք է լուսանկարել, այնուհետև` ժապավենի մակերեսի հետ աշխատանքը, տպագրությունը, որից մեծապես կախված է այն հանգամանքը, թե որքանով այն կլինի գեղարվեստական ստեղծագործություն: Լուսանկարիչ Դ. Կուկլինը Հայաստանում արդեն հասցրել է բավականին հետաքրքիր տեսարաններ որսալ: Նա ընդգծում է, որ ժապավենով լուսանկարելու աշխատանքի մեջ գաղտնիք կա, քանի որ պատկերների ստեղծման և պահպանման պրոցեսի ընթացքում լուսանկարիչը կադրերի հետ զրուցում, երկխոսում է, և երկարատև այդ պրոցեսի արդյունքում ծնվում է ստեղծագործությունը:
«Դա թվային աշխատանք չէ, որը պետք է ստանաս, տեսնես, տպես և տեղադրես սոցիալական ցանցի էջերում: Ժապավենային աշխատանքը շատ բարդ է և անկանխատեսելի, քանի որ երկարատև աշխատանքի ընթացքում, հնարավոր է` ամբողջ լուսազգայուն մակերեսից ոչինչ էլ չստանաս, և, բնականաբար, կարող ես մի այնպիսի ստեղծագործություն ստանալ, որը մարդկանց կհուզի»,- ասում է լուսանկարիչը՝ շեշտելով, որ ժապավենային կադրն աշխատանքային բոլորովին այլ ռիթմ է պահանջում:
Մեր զրուցակիցներն անդրադառնալով ֆոտոլրագրությանը՝ հետաքրքիր դիտարկումներ արեցին: Վ. Սամարինն ընդգծում է, որ ռեպորտաժային լուսանկարչության ոլորտ այսօր մուտք են գործում ոչ միայն ոչ պրոֆեսիոնալները, այլև՝ սիրողական մակարդակի, բջջային հեռախոսներով լուսանկարողները, ինչը տարածված է ողջ աշխարհում:
«Օրինակ՝ ամիսներ առաջ ԱՄՆ մի քանի նահանգների տեղական թերթերում աշխատանքից ազատեցին մեծ թվով թղթակիցների, ովքեր ipone-ով նկարած կադրերը տպագրության են ուղարկել խմբագրություն: Ինձ համար նույնպես այդ մոտեցումն անընդունելի է, որովհետև լուսանկար անելու համար անհրաժեշտ է լուսանկարիչ, ով զինված է համապատասխան տեխնիկայով, այլ ոչ թե՝ ipone-ով:
Վերջին տարիներին ռուսական մամուլում ի հայտ եկավ «մոբիլագրաֆիա» հասկացությունը: Այն, բնականաբար, իրավունք ունի գոյություն ունենալ, եթե դա դուր է գալիս մարդկանց, կազմակերպվում են մրցույթներ, ֆիքսվում են ընտանեկան, ընկերական կադրեր և այլն, որը հրաշալի է: Մինչդեռ լրատվության մեջ լուսանկարչությունը պետք չէ այդքան որակազրկել, քանի որ գոյություն ունի լուսանկար մեծատառով, որտեղ ipone-ները չպետք է կիրառվեն»,- ասում է «Raccord» ամսագրի խմբագիր Վ. Սամարինը, ում միտքը շարունակելով` ցուցահանդեսի համադրող Հ. Ասլիյանը հավաստիացնում է, որ լուսանկարչական ոլորտի անորակության դեմ պետք չէ պայքարել, քանի որ արվեստի բոլոր ոլորտներում միշտ էլ եղել է։
«Օրինակ, մի հրաշալի, որակյալ քանդակի ֆոնին` եղել են հազարավոր անորակ, բրոնզաձույլ, էժանագին քանդակներ: Դա եղել է հին Հռոմում, միջնադարում, հիմա էլ: Պետք է հասկանալ, որ ոմանք զբաղվում, հետաքրքրվում են արվեստի ստեղծագործություններով, որոնք հիմա գտնվում են թանգարաններում, իսկ ոմանք էլ՝ կրկնօրինակում և այդ փոքրիկ անորակություններն արագ վաճառում են: Ի վերջո, գրագետ հանդիսատեսը, դիտողը, ընթերցողը փնտրում է որակյալ լուսանկար, արվեստի ստեղծագործություն: Գրագետ հանդիսատեսի համար կան գալերեաներ և մարդիկ, որոնք նրան հնարավորություն են տալիս դիտելու որակյալ լուսանկարչություն, արվեստի ստեղծագործություններ»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, ցուցահանդեսի մասնակիցները նշում են, որ Հայաստանի քաղաքային մշակույթը, հասարակական կյանքի առանձնահատկությունները հետաքրքիր են` որպես ֆոտոլրագրության նյութ, իսկ ընդհանուր առմամբ՝ հնագույն Հայաստանն` իր պատկերներով, բավականին հետաքրքիր է գեղարվեստական լուսանկարչության համար:
Հ.Գ. Նշենք նաև, որ «Hi-artonline» (Hi-artonline.com) նախագիծն այս ցուցահանդեսին ներկայացրել էր քանդակագործ Արման Համբարձումյանի քանդակները: Գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի էքսպոզիցիան քանդակների հետ անչափ արտասովոր ու հետաքրքիր էր: