Շուշիի Կուսանաց վանքն ու բակում գտնվող բացառիկ թնդանոթը, որը ձուլվել էր Իտալիայում

Արցախը դարեր շարունակ եղել է հայկական հոգևոր և մշակութային կյանքի կարևորագույն կենտրոններից մեկը՝ հատկապես Շուշի քաղաքով: Քաղաքն իր բազմադարյա պատմությամբ և հարուստ մշակութային միջավայրով ձևավորում էր Արցախի հոգևոր և մշակութային դիմագիծը։ Պատմական փաստերն իրենց հերթին՝ ընդգծում են Արցախի և Շուշիի կարևորությունը հայկական մշակութային համատեքստում:

1914 թվականի տվյալներով՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմն ուներ 222 գործող եկեղեցի և մոտ 200 սպասավոր: Այդ ընթացքում Արցախում գործող հայկական գյուղերը թվագրվում էին մոտ 220, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում էր 206 հազարը: Արցախի Շուշի քաղաքն իր հերթին՝ յուրաքանչյուր թաղամասում ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Քաղաքի ամենահայտնի եկեղեցիներից էր Կուսանաց վանքը, որն անվանում էին նաև Անապատ կամ Սուրբ Աստվածածին անապատ:

Եկեղեցին կառուցվել է 1816 թվականին՝ Հռիփսիմե Բահդուրյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Վանքի շինարարության համար անհրաժեշտ միջոցները նա հավաքել է անձամբ, իսկ աշխատանքներին աջակցել են նաև նրա եղբայրները՝ Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Բահդուրյանները։ Վանքն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ և կառուցված է եղել սպիտակ քարից։ Ներսի պատերը զարդարված էին Աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով, իսկ հարավային հատվածում վեր էր խոյանում եռահարկ զանգակատունը։ Եկեղեցու վրա պահպանված արձանագրությունը հայտնում է կառուցման մասին մի շարք մանրամասներ.

Կարդացեք նաև

«Շինեցաւ սուրբ եկեղեցիս յանուն Սուրբ Աստուածածնայ արդեամբ ձեռագործ աշխատանց Կույս Սուրբ Հռիփսիմեաց օժանդակութեամբ երից եղբարց Գրիգորեանք Բահադուրեանց ի թիւն 1816 ամի»: («Շուշի», 1999 թվական, N 11-12):

Կան պահպանված նաև եկեղեցու մասին ճարտարապետական մի շարք մանրամասներ, որոնք ընդգծում են վանքի մշակութային արժեքն ու ճարտարապետական առանձնահատկությունները:

«Կուսանաց վանքն ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված գեղեցիկ ու համեստ շինություն է եղել՝ կառուցված սրբատաշ կրաքարերով: Աղոթասրահը (20×9,45 մ) կազմված էր աբսիդից. զույգ ավանդներից և դահլիճից: Վանքը ունեցել է երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից, ինն լուսամուտ: Ներսի կողմից պատերին կային որմնանկարներ: Աղբյուրների վկայությամբ դռները ունեցել են ճոխ հարդարանք՝ Արցախի միջնադարյան եկեղեցիների շքամուտքերի նմանությամբ: Վանքի արևմտյան մասում եղել է եռահարկ, սլացիկ վեղարով զանգակատուն»: (Նույն տեղում):

Վանքն իր ճարտարապետական ու մշակութային առանձնահատկությունից զատ՝ ուներ նաև պատմական հետաքրքիր անցքեր: Վանքի բակում էր գտնվում մի բացառիկ թնդանոթ, որը ձուլվել էր Թուրինում և բացառիկ նշանակություն ուներ քաղաքի և Արցախի պաշտպանության համար: Այլ կերպ ասած՝ այն վանքի և քաղաքի խորհրդանիշներից մեկն էր:

«Կուսանաց վանքն ուներ վերնատուն, ամուր շրջապարիսպ՝ վերին և ստորին դարպասներով, ինչպես նաև օժանդակ այլ կառույցներ: Վանքն ունեցել է մի տնտեսագետ, աբբասուհի, երեք սարկավագուհի և մի միաբանուհի:

Անապատի բակում պահվում էր 1813 թվականին Թուրինում ձուլված մի թնդանոթ: 1826 թ. Շուշիի հերոսական պաշտպանության ժամանակ հայ կամավորները այդ թնդանոթով հետ են մղել պարսից զորքերի հարձակումը Մխիթարաշենի դարպասների ուղղությամբ: Վերջին անգամ այն օգտագործվել է 1905 թ. Շուշիում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ գազազած թաթար խաժամուժին զսպելու համար: Այժմ այդ նույն թնդանոթը ցուցադրվում է Ստեփանակերտի հանրապետական թանգարանում: Նախատեսվում է թնդանոթը բերել Շուշի և նախկին Թոփխանյանի հրապարակում կառուցել փոքր հուշարձան»: (Նույն տեղում):

Սակայն Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը ԼՂԻՄ կարգավիճակն ուներ, Ադրբեջանը ևս շարունակում էր իր հակահայկական և ցեղասպան քաղաքականությունը:

1920 թվականի Շուշիի ավերումից և կոտորածից հետո վանքը կիսաքանդ վիճակում էր, այդ գործն Ադրբեջանը վերջնական ավարտին է հասցնում:

1960-70-ական թվականների ընթացքում Կուսանաց վանքն ամբողջությամբ քանդվում է: Կուսանաց վանքի ճակատագիրը խորհրդանշում է ոչ միայն Շուշիի հայկական մշակութային ժառանգության կորստի ողբերգությունը, այլև Արցախի նկատմամբ իրականացված երկարատև մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։ Ադրբեջանն օկուպացված Արցախում շարունակում է իր քաղաքականությունը նաև հիմա, ամեն օր: Պատմությունը կրկնվում է, թշնամին մնում է անփոփոխ, և ցավալիորեն չենք փոխվում նաև մենք:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031