ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՆՉԻ՞ ՄՏՆԵՄ ԴՐԱ ՄԵՋ, ՀԵՏՈ ՄԻ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՔԵՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Կամերային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյանն է:

Խոսելով իր մանկության ու մասնագիտական ճանապարհի մասին՝ նա խոստովանում է, որ դերասան դառնալու գաղափարը երկար ժամանակ իր համար նույնիսկ անհասկանալի է եղել։

«Դպրոցում լավ էի սովորում, միշտ ուսուցչուհիներն ասում էին՝ դու դերասան ես դառնալու։ Չէի հասկանում՝ դա ի՞նչ է, ընդհանրապես չէի հասկանում՝ դերասանն ի՞նչ է։ Մինչև 10-րդ դասարան տենց էլ չհասկացա։ Բայց ես մանկուց երազել եմ դառնալ անասնաբույժ, որովհետև շատ էի սիրում կենդանիներ, ու հիմա էլ եմ սիրում կենդանիներ, մինչև կյանքիս վերջ եմ սիրելու»,- ասում է դերասանը։

Կարդացեք նաև

Խոսելով ինքնավստահության մասին՝ Մխիթար Ավետիսյանը նշում է, որ մարդը կարող է ներսում կասկածներ ունենալ, բայց երբեք չպետք է թույլ տա, որ դրանք դառնան իր թուլությունը։

«Թերահավատությունը քո մեջ լավ է՝ պահիր, բայց ցույց մի տուր, որպեսզի առիթից չօգտվեն, որովհետև, եթե դու քեզ չհավատաս, քեզ որևէ մեկը չի հավատա, քեզ հետ որևէ մեկը ճանապարհ չի գնա, եթե դու վստահ չես»,- ընդգծում է նա։

Անդրադառնալով 90-ականների ծանր տարիներին՝ դերասանն ընդգծում է՝ որքան դաժան էր, այնքան էլ յուրահատուկ ջերմություն ու հաղթանակի զգացողություն ուներ։

«Երանելի ժամանակներ էին։ Մեկ-մեկ համեմատական ես տանում ու մտածում՝ իսկապե՞ս ապրել ենք էդ մութը, ցուրտը։ Սոսկալի սառը ձմեռները, կտրող ցուրտը… անտառներ կտրվեցին, այգիներ վերացվեցին, որովհետև տաքանալ էր պետք։ Բայց 2 ժամով լույս էին տալիս, ընդամենը 2 ժամ։ Մի տեսակ քաղցրություն կար էդ ամեն ինչի մեջ։ Հետո դրանից հետո մի տեսակ ոգևորություն կար»,- հիշում է նա։

Միևնույն ժամանակ դերասանը չի թաքցնում, որ պատերազմի ցավն ամեն օր մարդկանց աչքի առաջ էր։

«Անընդհատ մեքենաներով, ծաղիկներով զինվորներ էին բերում՝ զոհվածներ… դա դժվար էր տեսնել, ցավոտ էր։ Բայց էդ հաղթանակի բերկրանքը վայելելը գժվելու բան էր, խենթանալու բան էր, և գուցե դա էլ մեզ հետո ավելի մեծ ստիմուլ տվեց»,- ասում է նա։

Խոսելով մրցանակաբաշխությունների և արտիստների գնահատված լինելու թեմաների մասին՝ Մխիթար Ավետիսյանն անկեղծանում է, որ տարիների ընթացքում կորցրել է հետաքրքրությունը թատերական մրցանակների նկատմամբ։

«6-7 տարի է, մեծ հաշվով, չեմ հետաքրքրվում որևէ թատերական իրադարձությամբ։ 2000-2004 թվականներից անդադար ներկայացրել են տարբեր մրցանակների, բայց մի պահ գալիս է, որ ասում ես՝ օքեյ, ի՞նչ կա։ Վայելեք, ես այլևս չեմ ուզում դրան մասնակից լինել»,- նշում է դերասանը։

Մխիթար Ավետիսյանը նաև խոստովանում է, որ այսօր անգամ դժվարությամբ է ներկայացումներ դիտում։

«Ես ներկայացում չգիտեմ՝ ինչ պիտի լինի, որ կարողանամ նայել»,- ասում է նա։

Գնահատված լինելու թեմային անդրադառնալով՝ դերասանը շեշտում է, որ երբեք չի փորձել ինքն իրեն առաջ մղել կամ ուրիշների հետ համեմատել։

«Ես երբեք չեմ բախում դռներ, երբեք չեմ ասում՝ գիտե՞ս, ես ավելի լավն եմ, քան ինքը։ Դա իր ժամանակին տեղի է ունենում։ Հաշտ եմ ու հանգիստ։ Բայց եթե իմանամ՝ թատրոնում քասթինգ են անում, դրսից ռեժիսոր է եկել, ու իմ անունը չեն տալիս, դա զարհուրելի բան է։ Եվ նման դեպքեր եղել են»,- ասում է նա։

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին՝ Մխիթար Ավետիսյանը խոստովանում է, որ երբեք չի ցանկացել խոսել այն թեմաների շուրջ, որոնցից չի հասկանում։

«Ես դրա մասին չեմ էլ ուզում պատկերացում կազմել, որովհետև դրա ժամանակը չունեմ։ Իհարկե, գիտակցում եմ իմ քաղաքացիական պարտքը, բայց էն ժամանակը չունեմ մտածելու՝ սա՞ ընտրվի, թե՞ նա։

Ես մեծ հաշվով թեկնածուներին էլ չեմ ճանաչում։ Զբաղվես այն գործով, ինչից հասկանում ես։ Եթե ես չեմ հասկանում այդ գործից, ինչի՞ մտնեմ դրա մեջ, արի խոսենք շան ցեղատեսակից կամ խորովածի մսի բաստուրմա դնելուց, դա կարող եմ ասել։ Բայց եթե մի բանից չեմ հասկանում, ինչի՞ իմ կարծիքը փաթաթեմ մարդկանց վրա, հետո դրանից մի մեծ պատմություն սարքեն»,- ասում է դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031