Բաժիններ՝

24 մասնակից՝ 11 երկրից. մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամը։

Տաղանդավոր երաժիշտների միջազգային այս ստուգատեսն արդեն երկու տասնամյակից ավելի աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։

Հունիսի 6-ին՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը երաժշտասերները կունկնդրեն կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրաճանաչ բալետներից։ Մրցույթին այս տարի կմասնակցի հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 24 թավջութակահար աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Ճապոնիա, Դանիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և Հունգարիա։

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչներ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա):

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10 մեծ կոմպոզիտորի տուն թանգարանում, իսկ երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նշենք, որ մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։

Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում, որը կրկին կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հաղթող թավջութակահարը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան, գործընկերներ՝ VISA և Ակբա բանկ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031