Դիտավորյա՞լ, թե՞ անզգույշ կրակոց. Ընկերոջը որսի ժամանակ վնասվածք պատճառած Կարենի դատավճիռը չի փոխվել
Փաստաբան Արա Զաքարյանը բողոքում է, որ իր պաշտպանյալ Կարեն Անանյանի գործով դատաքննությունը արդար չի իրականացվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, որ 2011-ին իր պաշտպանյալ Կարեն Անանյանը, իմանալով, որ երրորդ անգամ հայր է դառնալու, որոշել է որսի գնալ: Երրորդ անգամ հայր դառնալու մասին տեղեկությունը հայտնել է նաև իր ընկերոջը՝ Արսեն Պեպանյանին (ով հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել) և միևնույն ժամանակ նրան խնդրել իր հետ որսի գնալ: Ըստ Արա Զաքարյանի՝ դրանից հետո ընկերները հանդիպել են, Կարեն Անանյանը ցանկացել է ավտոմեքենայից հանել իր հրացանը, այն ցույց տալ ընկերոջը, սակայն քանի որ ոգելից խմիչք է օգտագործած եղել, ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, հրացանը կրակոց է արձակել. փամփուշտը դիպել է ավտոմեքենային, այնուհետև Արսեն Պեպանյանին: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի մեղադրանք է առաջադրվել քրական օերնսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Դեպքից անմիջապես հետո, Արա Զաքարյանի խոսքով, Կարեն Անանյանը Արսեն Պեպանյանին տեղափոխել է հիվանդանոց:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել Կարեն Անանյանի մեղքը, նրան դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, սակայն այն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, որ գործով անարդար դատաքննություն է ընթացել. եթե դատաքննությունն արդար ընթանար, ապա նրա արարքը վերաորակվելու էր, նրան մեղադրանք էր առաջադրվելու անզգուշությամբ միջին կամ ծանր վնասվածք պատճառելու համար և նա ազատ էր արձակվելու: «Ես ենթադրում եմ, որ իշխանությունները մտածում էին, որ եթե Կարեն Անանյանի հոդվածը վերաորակվի, և Կարեն Անանյանը հայտնվի ազատության մեջ, ապա նա նաև դիմելու է պետության դեմ համապատասխան հայց հարուցի, ամիսներ շարունակ ապօրինի կալանքի տակ փոխհատուցում ստանալու համար: Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, որ դատարաններն ամեն ինչ արեցին, որպեսզի Կարեն Անանյանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար դատապարտվի, նաև սա էր»:
Արա Զաքարյանն ասաց, որ գործում առկա են անհայտ կեղծ փորձագիտական եզրակացություններ. դրանցից մեկը, փաստաբանի խոսքով դատաձգաբանական փորձաքննություն է: «Ըստ դատաձգաբանական փորձաքննության՝ իբր կրակոցի պահին հրացանի փողի առաջնային կտրվածքը ուղղված է եղել դեպի տուժողը և կրակելուց հետո 16 մանրագնդակից ընդամենը 8-ն են դիպել տուժողին, այն պայմանում, որ որևիցե գնդակ թափանցող չի եղել»,- ասաց Արա Զաքարյանը: Նա նշեց, որ այս հանգամանքները հերքելու համար իրենք բազմաթիվ փաստարկներ են ներկայացրել, սակայն դատարանների կողմից դրանք անտեսվել են, իսկ նոր փորձաքննություն նշանակելու մասին իրենց միջնորդությունները դատարանները մերժել են: Այժմ վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան. եթե այն վարույթ չընդունի կամ անփոփոխ թողնվի վճիռը, իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ասուլիսին ներկա որսորդ Զարզանդ Հայրապետյանն ասաց, որ եթե գնդակը կրակվեր 4-5 մետրից, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, այն ավելի մեծ վնասվածք կառաջացներ:
Լրագրողների հարցին՝ ինչու՞ են դատարանները նման վճիռ կայացրել, Արա Զաքարյանը պատասխանեց. «Երևի թե սա խորհրդային միության այն արատավորված մտածելակերպն է, որ եթե մեղադրական եզրակացությամբ գործը գնում է դատարան, ապա դատարանը պետք է, որ կայացնի մեղադրական դատավճիռ: Երկրորդ հանգամանքն այն է, որ մեր դատարանները, ցավոք սրտի, բավարար չափով անկախ չեն, բավարար չափով անաչառ չեն, որպեսզի հնարավորություն ունենան արդար դատաքննություն իրականացնելու: Իհարկե, կան դատավորներ, ովքեր որ իրականացնում են արդար դատաքննություն, բայց նրանց քանակը, ցավոք սրտի, քիչ է»: Արա Զաքարյանն ասաց նաև, որ գործով տուժող ճանաչված Արսեն Պեպանյանը հոգեպես և ֆինանսապես օգնություն է տրամադրել Կարեն Անանյանի ընտանիքն այն ժամանակվանից սկսած, երբ նա կալանավորվել է: