Ռոբերտ Քոչարյանը` իր ադրբեջանցի ընկերների հետ` Թոմաս դը Վաալի գրքում. հեղինակը ներկայացրեց գրքի վերախմբագրված տարբերակը (լուսանկարներ)

Այսօր Մեդիա կենտրոնում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում` նվիրված Կարգնեգի հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա ծրագրի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի «Սև. այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003 թ.) վերախմբագրված տարբերակի հրատարակմանը: Քննարկմանը, ի թիվս մի քանի տասնյակ լրագրողների, մասնակցում էր անձամբ Թոմաս դը Վաալը, ինչպես նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ինչո՞ւ որոշեցի գրել այս գիրքը, մինչ օրս այս (ղարաբաղյան,-Ա.Ս.) հակամարտության վերաբերյալ գրականությունը շատ աղքատիկ է, եթե համեմատում ես Չեչնիայի, Բոսնիայի և այլ հիմնախնդիրների հետ»,-իր գրքի մասին ասաց Թ. դը Վաալը: Նա նշեց, որ կարծես թե մինչ այժմ չկա ղարաբաղյան խնդրին նվիրված մեկ այլ անգլալեզու աշխատություն, որում օգտագործված լինեն և´ հայկական, և´ ադրբեջանական աղբյուրներ:

Tomas de Vaal_media kentron 1

Հեղինակը տեղեկացրեց, որ սկզբնական հրատարակության կորիզը պահպանվել է, պարզապես ավելացվել են երեք նոր գլուխներ և կատարվել են որոշ շտկումներ: Բացի այդ` գրքի ոչ պակաս ուշագրավ նորամուծություններից են քարտեզները և մի քանի նոր լուսանկարները: Շուտով հեղինակն ինքը բացատրեց, թե ինչ լուսանկարների մասին է խոսքը և ինչու են դրանք միայն այժմ հայտնվել «Սև. այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում:

Կարդացեք նաև

Tomas de Vaal_media kentron 1 (7)

«Կան լուսանկարներ, որոնք ես չեմ օգտագործել նախորդ հրատարակության ժամանակ, որովհետև Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ նախագահ էր, և միգուցե անհարմար կլիներ այն ժամանակ դրանք օգտագործելը: Սա նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է` իր ադրբեջանցի ընկերների հետ` Յալթայում, 1986 թվականին: Իմ կարծիքով` սա շատ հետաքրքիր է և հերթական ապացուցում է այն, որ անձնական մակարդակում հակամարտություն չի եղել»,- պատմեց Թոմաս դը Վաալը:

Իսկ գրքում ավելացված գլուխների վերաբերյալ հեղինակը նշեց, որ դրանցում նկարագրվել են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ գործընթացների վերջին տարիները` Պրահայի գործընթացը, Մադրիդյան սկզբունքները, հակամարտող երկրների սպառազինության հարցը, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի իշխանության գալը և այլն:

«Կարելի է ասել` շատ բան է փոխվել, բայց գլխավորը չի փոխվել այն իմաստով, որ հակամարտությունը նույն վիճակում է, և գլխավոր խնդիրը չի լուծվել, և կարելի է ասել` վստահության պակասն ավելի է խորացել: Այսինքն` հիմնախնդրի շուրջ շատ բաներ են տեղի ունենում, բայց բուն հիմնախնդրում, ցավոք սրտի, առաջընթաց չկա, և, իմ կարծիքով, գնում է դեպի վատը»,- ասաց Թոմաս դը Վաալը:

Արդյոք այս գիրքն ինչ-որ կերպ օգնե՞լ է հակամարտության կարգավորմանը: Այս հարցին ի պատասխան` դը Վաալը նշեց, որ այդպես չի կարծում, բայց հույս ունի այն օգնել է խնդիրը հասկանալու և ըմբռնելու առումով:

«Ես փորձել եմ այս գրքով հերքել որոշ առասպելներ այն մասին, թե Սումգայիթի ջարդերը կազմակերպել է ինչ-որ հայ գործակալ` Էդիկ Գրիգորյան անունով, կամ` այս կողմից` Խոջալուի ջարդերը կազմակերպել է Ադրբեջանի ազգային ճակատը, Շուշիի գրավման վերաբերյալ նույնպես կային շատ միֆեր: Կարծում եմ` կարողացել եմ ապացուցել` ինչ է տեղի ունեցել հակամարտության տվյալ դրվագներում»,- նշեց գրքի հեղինակը:

Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, գիրքը դիտարկելով ընդհանուր ղարաբաղյան հակամարտության համատեքստում, նշեց, որ գիտի, թե ինչ արձագանքներ է ստանալու Թոմաս դը Վաալի գիրքը:

«Ահա այդ մարդիկ, գրիչները և մատիտները ձեռքներին վերցրած, կնստեն և շատ ուշադիր ձևով կուսումնասիրեն այն գլուխները, որքն գրել է Թոմը, որից հետո նրանցից ադրբեջանցիները կասեն, որ գրքի այդ մասերն ավելի հայամետ են, իսկ այդ մարդկանցից նրանք, ովքեր հայ են, կգրեն, որ այդ գլուխները գիրքը դարձրել են ավելի ադրբեջանամետ: Սա հակամարտության կողմերի բնական և նորմալ արձագանք է այս բնույթի գրականությանը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկ ընդհանրապես նմանատիպ գրքերի վերաբերյալ քաղաքագետ Ա. Իսկանդարյանի կարծիքը հստակ է` հակամարտությունների մասին պետք է խոսել և խոսել չեզոք դիրքերից:

Ի դեպ, Ա. Իսկանդարյանի կարծիքով` ավելի օգտակար է «Սև. այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի ոչ թե հայերեն, այլ անգլերեն տարբերակը, որը, ինչպես նա փաստեց, «սեղանի գիրք» է դարձել հարավկովկասյան տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար:

Սակայն միաժամանակ քաղաքագետն ավելացրեց. «Հակամարտությունը գրքով լուծելն անհնար է, սկբունքորեն անհնար է: Թերևս հնարավոր է միայն դրսի կարդացողին հակամարտության վերաբերյալ տեղեկացնելը»:

Իսկ բուն հիմնախնդրի վերաբերյալ Ա. Իսկանդարյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գրքում գրված տեղեկությունները գնալով ավելի ու ավելի են դառնում պատմություն և ավելի քիչ են ծառայում գործող քաղաքագիտությանը:

«Օրինակ` Վիլյամ Նվաճողը 1066 թվականին գրավեց Անգլիան: Թե մինչ այդ նա անգլո-սաքսոնների հետ նա ընկերություն անում էր, թե ոչ, չեմ կարող ասել, հետաքրքիր չէ: Նա հանգստացե՞լ  է իր ընկեր անգլո-սաքսոնների հետ Յալթայում, նույնպես չունի նշանակություն: Նա գրավեց Բրիտանիան, և ներկայիս Բրիտանիան այդ գրավման արդյունքն է»,- այսպիսի պատմագիտական համեմատություն կատարեց քաղաքագետ Իսկանդարյանը` ավելացնելով, որ իհարկե 20 տարվա պատմություն դեռևս հավասարազոր չէ 1000 տարվա պատմությանը, և միգուցե մեզ դեռևս հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունեցել 1988-94 թթ. ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս