Պուտինը Փաշինյանի հավեսը չունի. ո՞ւմ ընտրությունն էր Ռուբինյանը, ինչո՞ւ է շտապում Թուրքիան. խաբվողը հայերն են. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այս ընտրական պրոցեսում շատ բաներ կային, որ նախկինում չեն եղել, այդ թվում՝ ընտրությունների գիշերը, ձայները հաշվելու գործընթացի ժամանակ հայտարարել, թե ՔՊ-ն հաղթել է (Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին ՔՊ գրասենյակից հայտարարեց, թե հաղթել են, այն դեպքում, երբ քվեների ընդամենը 10 տոկոսն էր հաշվարկվել,- խմբ.): Օտարերկրյա պետությունները, հատկապես՝ Թուրքիան, ուր պետականապաշտության զգացում կա, պետք է հետևեին ֆորմալությանն ու չշնորհավորեին Ռուբեն Ռուբինյանին մի բանի համար, որը չկա: Ռուբեն Ռուբինյանն ընդամենը ԱԺ նախագահի թեկնածու է, նախագահ չէ: Կարող ենք ասել, որ նրա թեկնածությունն առնվազն ընդունելի է:
Հիշեցնենք, Ռուբեն Ռուբինյանին հաջորդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու հայտարարելուց մեկ-երկու ժամ անց նրան ջերմորեն շնորհավորեց երկկողմ հանձնաժողովում իր գործընկեր, Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
Նաև հիշեցնենք, տարիներ առաջ Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ լայն քննարկման առարկա դարձավ Ստամբուլում նրա «գիտական ուսումնասիրությունների» պատմությունը: Ռուբինյանն այդ ժամանակ խոստովանեց, որ «Հրանտ Դինքի» անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս շարունակ ուսումնասիրություններ է կատարել Թուրքիայում։ Հետագայում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ նա սկզբում ԵՊՀ-ում է սովորել, այնուհետև՝ Լոնդոնում և Լեհաստանում, իսկ 2018-ի գունավոր հեղափոխությունից առաջ՝ 2017-2018 թվականներին, «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստանի և Թուրքիայի միջև փորձի փոխանակման» նախագծի շրջանակներում Սաբանջի համալսարանին կից «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» որոշ ուսումնասիրություններ է կատարել։
Ուշագրավ է նրա ուսումնասիրությունների թեման՝ հասարակական կազմակերպությունների ազդեցությունը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացների վրա։ Ըստ ԶԼՄ հրապարակումների, է՛լ ավելի ուշագրավ է բուն համալսարանը։ Դրա հիմնադիրը թուրք գործարար, ազգայնամոլ Հաջի Օմերն է, որը 1934թ. Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջի ազգանունը և նույն Աթաթուրքի օգնությամբ զավթել Ադանայի հայերի անձնական և եկեղեցական գույքը՝ ընդհանուր հաշվարկով 100 մլրդ դոլարի արժողությամբ:
Համալսարանը հիմնադրվել է Սաբանջիի զավակների կողմից, իսկ դրա հիմնական նպատակը քարոզչական աշխատանքն է եղել օտարերկրացի ուսանողների հետ՝ նրանց թուրքական ազդեցության գործակալների վերածելու համար: Ըստ ԶԼՄ-ների՝ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

- Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի այս ընտրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կապ ունի հայ-թուրքական կարգավորում կոչված գործընթացի հետ: Այս ընտրությունն էապես պայմանավորված է Թուրքիայի գործոնով:
- Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանը, տեսանք, որ սկսեց ջերմ վերաբերմունք ցուցաբերել ՌԴ Պետդումայի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նկատմամբ: Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանն իրեն չի արդարացրել հայ-ադրբեջանական խորհրդարանական տրեկի ընթացքում, թեպետ նա շատ մեծ խանդավառությամբ էր մտել այդ թեմայի հետ: Չենք էլ կարող բացառել, որ Սիմոնյանն ինքն էլ, հասկանալով, որ ադրբեջանական ու թուրքական տրեկներում չի կարողանում բավարարել սպասումները, հատուկ է տեղավորել իրեն ռուսական գծի մեջ:
- Ընդդիմությունը երբեք որևէ առիթով իրավիճակն ապակայունացնելու մտադրություն չի ունեցել: Բայց իրավիճակը կարող էր ձայների հաշվարկի ընթացքում փոխվել, և դա անհանգստացրեց այն կենտրոններին, ովքեր շահագրգռված չէին Հայաստանում որակական փոփոխությամբ: Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է շահագրգիռ լիներ այդ փոփոխությամբ՝ դրանով իսկ ազատելով ծուղակից իրեն էլ, Հայաստանն էլ, բայց նա դա չարեց:
- Հիմա պարզապես Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի հավեսն ու ժամանակը չունի: Մենք տեսնում ենք՝ ուկրաինական ճակատում իրավիճակը լարված է, և չեմ կարծում՝ առնվազն Պուտինի մասով Հայաստանի խնդիրներն էական են Ռուսաստանի համար, եթե անգամ եղել է պայմանավորվածություն Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներին, պնդում եմ՝ դա աշխատել է Փաշինյանի օգտին, և նրա էլեկտորատի այն հատվածը, որն անգամ չէր գնալու ընտրության, մոբիլիզացվեց նրա շուրջ՝ «ելակը մեր ինքնիշխանության հետ չենք փոխի» տրամաբանության շրջանակում: Կարծում եմ՝ դա է նպաստել, որ հաշվի առնելով նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված գործընթացները, Փաշինյանը հավաքի 3/5: Չեմ կարծում ՝Ռուսաստանում սա չէին հասկանում, սակայն ես չեմ կարող ասել՝ ի՞նչն է իրենց համար առաջնահերթություն: Բայց էլի եմ ասում՝ ես տպավորություն չունեմ, որ Ռուսաստանն իր առաջ Փաշինյանին փոխելու խնդիր է դրել: Եթե մենք մտածում էինք հակառակը, ուրեմն մենք միամիտ ենք: Հակառակ դեպքում նա չէր օգնի, չէր օժանդակի Նիկոլ Փաշինյանին՝ դե ֆակտո մոլորեցնել հայ ժողովրդին: Ինչո՞ւ Պուտինի կողմից հայտարարվեց Ռուսաստանի բարեկամների մասին, որը թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ուժգնացնի իր հակաքարոզչությունն ընդդիմության նկատմամբ՝ նրանց անվանելով ռուսամետ ուժեր: Դա հայ ժողովրդին ի՞նչ տվեց:

- Ռուսաստանի հետագա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է լինելու ուկրաինական ճակատում զարգացումներով: Իրենց համար հիմա առաջնայինը Հայաստանի հարցում մանևրել կարողանալն է: Այդ հարցում Փաշինյանը նրանց այդ հնարավորությունը տալիս է՝ հենց թեկուզ իր բարձրաձայնվող հակառուսականությամբ:
- Կարծում եմ՝ Փաշինյանն առանձնապես մտահոգ չէ, որ Պուտինն իրեն չի շնորհավորել: Բայց առաջիններից մեկը շնորհավորել է Ղազախստանը, որը ռուսական, նաև թուրքական ու բրիտանական կոմունիկացիոն ուղղություն է եվրասիական գոտում: Էս տեսանկյունից իրավիճակը բարդ է, և ես կարծում եմ՝ Պուտինի չշնորհավորելն իրական քաղաքականության հետ կապ չունի:
- Պետք չէ գերագնահատել Փաշինյանի՝ որևէ երկրին խաբելու հնարավորությունը: Եթե կա խաբվող, դա հայ հասարակությունն է: Եվրոպական շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային: Զոհաբերվում է հայկական տնտեսությունը: Հայաստանի տնտեսությունը վերածվում է սպասարկող կամ ծառայություն մատուցող տնտեսության Միջին միջանցքի շրջանակում: Եվ քաղաքական հաշվարկների համար հարվածի տակ դնել տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, հարված է տնտեսությանը, հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ է:
- Եվրամիությանն այլ բան պետք չէ Հայաստանից, քան հնարավորինս արագ Ադրբեջանի պահանջները բավարարելը՝ նույն Միջին Միջանցքի հետ կապված պատկերացումները կառուցելիս: Գործող իշխանությունն իր քաղաքական խնդիրները լուծելու համար զոհաբերում է Հայաստանի տնտեսությունը:
- Էական է այն, երբ շուրուպը հայտարարում է, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանի ինքնիշխանությունը խլել, և այդ հարցում Հայաստանն ապավինում է Եվրամիության աջակցությանը: Այստեղ Եվրամիության համար դժվար է հրաժարվելը, ու ինչ-որ տեղ նա հայտնվում է իր պատասխանատվության ներքո: Իսկ սա Ռուսաստանին ձեռնտու է:

- Մեր տարածաշրջանն ապակայունացնելու շահառուներին թվարկելիս չպետք է մոռանալ Իսրայելի մասին:
- Եվրոպան մեծ կախվածություն ունի Թուրքիայից, և այստեղ նորություն չկա: Հատկանշական է, որ Ստամբուլում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թրամփն էլ ռևերանսներ արեց Թուրքիայի և Էրդողանի հասցեին: Փոխվում է նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների բնույթը, և սա նույնպես բարդ գործընթաց է լինելու:
- Այսօր պրոցեսներն ունեն այն տրամաբանությունը, որ նժարները թեքվում են դեպի Թուրքիա, և տակտիկական տեսանկյունից, իհարկե, այսօր Հայաստանում Թուրքիայի ազդեցությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանինը: Ցավոք, մենք այսօր էլ սպասում ենք, թե ով է գալու ու մեզ տիրություն անի: Հայաստանը, որպես պետություն, ցավոք, այսօր գործնականում բովանդակություն չունի: Էդ «խաղաղությունը» բովանդակություն չէ, և բովանդակազուրկ պետությունն առհասարակ չի կարող ընտրություն կատարել՝ ինքը գնում է Ռուսաստա՞ն, Թուրքիա՞, թե՞ Ադրբեջան: Իր հանդեպ են ընտրություն կատարում՝ միմյանց հետ մրցակցելով: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որ անձնատուր է եղել:
- Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն իր ներկայությունը որևէ պրոցեսում ձևակերպում է քարոզչության մակարդակով: Քարոզչությունից զատ, չկա քաղաքականություն, և սա է ծանրացնում մեր վիճակը:
- Երբ որևէ ներդրող տեսնում է, որ վարչապետի մակարդակով ԱԱԾ աշխատակիցներն օժտվում են ինֆորմացիա արտահոսելու լիազորությամբ, դժվար թե նրա համար Հայաստանը ներդրումների համար գայթակղիչ երկիր լինի:
- Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դասական ավտորիտարիզմ: Եվ դա կհաջողի, երբ իշխանության բուրգով կկառուցվի իշխանության ավտորիտարիզմը: Բայց սա երկար գոյատևել չի կարող:

- Մեր հանրությունը գտնվում է ինֆորմացիոն շատ ուժեղ գրոհի ներքո, և այդ առումով դիմադրությունը հաղթահարված է: Սա շատ վտանգավոր հանգրվանի կարող է հասցնել:
- Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավանաբար կփորձի Հայաստանի նկատմամբ Բաքվի պահանջները նվազեցնել, որպեսզի Երևանը հնարավորինս արագ դրանք բավարարի, որ Եվրոպան էլ իր հերթին՝ Կովկասից իր բաժնեմասը ստանա: Եվ եթե դա չստացվի, և Ալիևը չզիջի, իսկ նա հավանաբար չի զիջի, արդեն Հայաստանում նա կփորձի համոզել Փաշինյանին ընդունել Ադրբեջանի պահանջները՝ ավելի շատ ու ավելի ճոխ կարկանդակներ խոստանալով:
- Մակրոնի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի ջրերն այնքան էլ նույն առվով չեն հոսում: Հնարավոր է՝ վերջինիս այցերից առաջ Ֆրանսիան այդ փաստաթղթով, որում Արցախի մասին հայտարարություն կար, պարզապես փորձում է բարդացնել բանակցային միջավայրը նրա համար: Ես չեմ բացառում, որ այս իրավիճակում Մակրոնն ու Ալիևը կարող են գործել նույն տրամաբանության շրջանակում: Բացի դրանից, առաջին անգամ չէ, որ Ֆրանսիայում Գործադիրն ու Խորհրդարանը կարող են տարբեր դիրքորոշում ունենալ: Զարմանալի չէ, որ Խորհրդարանում կարող է այսպիսի բանաձև լինել, որ հետո կառավարությունը դա օգտագործի իր շահերի համար: Բայց սա ավելի շատ հնարավորություն է Ալիևի համար, քան խնդիր:
- Առաջ է բերվում մի խաղաքարտ, որի նկատմամբ զգայուն են ռեգիոնալ մի շարք դերակատարներ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Նեթանյահուին դաշտ բացելու հնարավորություն կտա: Բացի Թուրքիայից, այդ հարցի նկատմամբ զգայուն լինելու են Իրանը, Ռուսաստանը, Եվրոպան: Քնեսեթը կընդունի՞, թե՞ չէ, պայմանավորված է նրանով, թե մինչ այդ հարցն առաջ բերելով՝ Նեթանյահուի արյունոտ ձեռքն ինչ հարցեր կլուծի: Բացի դրանից, կարևոր է՝ ով է ճանաչում:
- Սահմանադրական դատարանում միակ ինտրիգը ԲՀԿ-ի ձայների վերադարձն է: ՍԴ-ն չի չեղարկի ընտրության արդյունքները, և կախված արտաքին միջավայրում եղած դիրքորոշումներից՝ խնդիրը միայն «Բարգավաճ Հայաստանի» ձայների հետ կապված որոշումն է: Բայց ես ուզում եմ մտածել, որ անկախ ՍԴ-ի որոշումից, երկարաժամկետ իմաստով մեր քաղաքական ուժերը գիտեն իրենց անելիքը: Ընդդիմության պարտության մասին չարժե խոսել: Այո՛, ընդդիմությունը չի հաղթել, սակայն չի էլ պարտվել, բայց շատ բան է կարողացել անել: Ընդդիմության առաջատար ուժերին վերջին ամիսներին շատ բան է հաջողվել անել, հիմա պետք է զարգացնել արդյունքը, շարունակել խոսել հասարակության հետ:
- Մանդատները միջոց են, որից պետք չէ հրաժարվել: Ես նախորդ գումարման Խորհրդարանի ժամանակ էլ դեմ եմ եղել, որ ընդդիմությունը վայր դնի մանդատները: Բայց մանդատները վերցնելու պարագայում չպետք է թույլ տալ, որ պրոցեսը տեղափոխվի ընդդիմություն-իշխանություն ռազբորկայի դաշտ, պետք է ձևավորել սեփական օրակարգ, մանդատները ծառայեցնել դրան: Դրա հնարավորությունը կա: Քաղաքականությունը չպետք է թելադրվի ֆեյսբուքյան ստատուսներով ու լայքերով: Եվ այս առումով Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությունը կարևոր էր:
Մանրամասները՝ տեսանյութում:

