Բիշքեկյան հանդիպում. ի՞նչ նորություն բերեց Պուտին-Փաշինյան բանակցության այս փուլը. Մարկեդոնով
«Բիշքեկի կուլիսներում. Այն մասին, թե ինչի շուրջ (չ)համաձայնության եկան Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է նախօրեին Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներին:
Մարկեդոնովը գրում է, որ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Բիշքեկում ավարտվեց մոտավորապես մեկ ժամ տևած բանակցություններից հետո, իրադարձության նկատմամբ հետաքրքրությունը միանգամայն սպասելի էր։ Նրա որակմամբ, երկու երկրների հարաբերությունները վերապրում են համակարգային ճգնաժամ. դաշնակցության նախկին մոդելն արդեն չի աշխատում, իսկ նորը դեռևս ստեղծված չէ։
«Եվ թեև երկու կողմերն այս կամ այն չափով արդեն ազդարարել են «խաղաղ ամուսնալուծության» մասին, դրա ալգորիթմը նույնպես մշակված չէ։ Ե՛վ Մոսկվայում, և՛ Երևանում զգացվում է գործընկերոջից վճռական քայլով հեռանալու վախը։ Դա տեսանելի է այն հանրային, ցուցադրաբար քաղաքական կոռեկտ հռետորաբանությունից, որը հնչում է Ռուսաստանի առաջին դեմքերի շուրթերից միմյանց հետ անձնական շփման ժամանակ, այլ ոչ թե դեմ առ դեմ ելույթներում»,- նշում է Մարկեդոնովը:
ՌԴ-ն, նրա խոսքով, այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի դաշնակից։ Այնուամենայնիվ, Մարկեդոնովը հիշեցնում է, որ հետընտրական առաջին այցը (եթե չհաշվենք Իսլամական Հանրապետության հեռացած հոգևոր առաջնորդին հրաժեշտ տալու նպատակով Իրան կատարած ուղևորությունը) Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին կատարեց Եկատերինբուրգ, որտեղ բանակցություններ վարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, իսկ մեկ ամիս անց կառավարությունների երկու ղեկավարները մասնակցում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Չոլպոն-Աթայում։ «Եթե ընդլայնենք շփումների հասկացությունը և դրանցում ներառենք հեռախոսազրույցները, ապա կավելանան ևս երկու կարևոր դրվագ։
Հուլիսի 1-ին Փաշինյանը Միշուստինի հետ զրուցել է առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և հումանիտար համագործակցության մասին, իսկ հուլիսի 27-ին կայացել է նրա երկխոսությունը Պուտինի հետ։
Այսպիսով, ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած բանակցությունները նրանց առաջին դեմառդեմ հանդիպումն են Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդ որում՝ ՌԴ նախագահին ուղեկցում էր կառավարության և պետության գլխավոր աշխատակազմի պաշտոնյաների ներկայացուցչական թիմը։ Ի՞նչ նոր բան ենք տեսնում բովանդակային առումով՝ համեմատած 2026 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած նախորդ փուլի հետ:
Բիշքեկյան կուլիսներից շատ մեկնաբաններ սպասում էին որոշակիության և, հավանաբար, ինչ-որ «վերջնական փաստացի թղթի»։ Սակայն արդյունքներով՝ նորությունը կարելի է համարել հարաբերական։ Պուտինի կրեդոն է՝ Երևանն ազատ է ընտրելու ԵՄ-ն կամ ԵԱՏՄ-ն, դա Հայաստանի ինքնավար իրավունքն է։
Բայց ընտրությունը պետք է կատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում (ASAP): Ավելին, Ռուսաստանի նախագահը Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը մեկնաբանեց՝ որպես փաստացի հայտարարություն ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ շարժվելու մասին։ Եվ այս կետը նա հատուկ ընդգծեց՝ հրապարակայնորեն չհամաձայնելով հայկական վարչապետի տարբերակի հետ։ Ռազմավարական ընտրության մասին հանրաքվեն անվանվեց սուր հարցը փակելու լավագույն միջոց։ Նախկին գիծը պահպանված է»,- մեկնաբանում է Մարկեդոնովը:
Սակայն, Մարկեդոնովի համոզմամբ, Փաշինյանը ևս հավատարիմ մնաց իր հին մոտեցումներին։
Փորձագետի արձանագրմամբ, Փաշինյանն ընդունեց ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը, բայց կրկնեց, որ եվրաինտեգրման ներկա փուլը դիտարկում է որպես նախապատրաստական և առայժմ իրավական հակասություն չի տեսնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ու ԵԱՏՄ-ում նրա ստանձնած պարտավորությունների միջև։
«Եվ բուն գլխավոր կետը՝ հանրաքվեն։ Ըստ Փաշինյանի վարկածի՝ Հայաստանը 2025 թվականին ընդունել է եվրաինտեգրման մասին օրենք և դրանով իսկ հրաժարվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեից։ Համաժողովրդական կամարտահայտության «ջրումը», կարծես թե, դառնում է Նիկոլ Վովաևիչի ֆիրմային քաղաքական ոճը։
Հիշեցնեմ, որ 2020 թվականին Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեղարկեցին Սահմանադրական դատարանի հարցով նշանակված համաժողովրդական քվեարկությունը և փոփոխություններ ընդունեցին խորհրդարանի միջոցով։ Այն ժամանակ «օգնեց» COVID-19-ը։ Այսօր օգնության է հասնում երկրի ներքաղաքական տարածության համասեռացումը (հոմոգենացումը)»,- կարծում է Մարկեդոնովը:
Շարունակելով՝ նա արձանագրում է. «Մի խոսքով՝ խոսեցին։ Ղրղըզստանի մայրաքաղաքում լիակատար խզում տեղի չունեցավ։ Սակայն վերադարձը հին իրավիճակին անհնար է թվում: Բիշքեկը չմոտեցրեց Մոսկվային և Երևանին, բայց և վերջնականապես չփակեց հնարավոր մանևրելու պատուհանը:
Որպես հետգրություն։ Ղրղըզական մայրաքաղաքում Հայաստանի վարչապետը նախ օգոստոսի 31-ին հանդիպեց Իլհամ Ալիևի հետ (քննարկեցին խաղաղության և TRIPP-ի հեռանկարները), այնուհետև սեպտեմբերի 1-ին՝ Մոնտանա նահանգից ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսի հետ (նույնպես խոսեցին «Թրամփի երթուղու» մասին) և միայն դրանից հետո բանակցություններ վարեց Պուտինի հետ»,- այսպես է ավարտել թեմային անդադարձը Մարկեդոնովը:

