Եթե Ռուսաստանը սպառնալիք զգաց, ոչ միայն կխփի, այլև կջնջի. ԵԱՏՄ-ում հիմար չեն, քեզ կուլ կտան, և դու կվերջանաս. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրամիություն մտնելը ծխածածկույթ է այն իրական ծրագրերի համար, որոնք դրված են Հայաստանի այս իշխանությունների վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում:
  • Հայաստանի՝ Եվրամիություն մտնելը ո՞րն է հենց թեկուզ աշխարհագրական տեսանկյունից: Դա հնարավոր չէ ո՛չ տնտեսական, և ո՛չ էլ քաղաքական, անվտանգային առումով: Այդ ճանապարհը մեզ համար փակ է: Դեպի Եվրամիություն գնալու քարոզը նախընտրական քարոզարշավի ընթացքում սոսկ ժողովրդի աչքին թոզ փչել էր:
  • Ո՞ր եվրոպացի քաղաքական գործիչը կուզի, որ այսօրվա Ուկրաինան կամ Մոլդովան լինեն Եվրամիության անդամ: Այնպես որ, Եվրոպան Հայաստանի տեղը չէ: Եվրոպացիները դա չեն ուզում: Նրանց ուզածը Հայաստանից հակառուսականությունն է:
  • Հայաստանի կուրատորը Թուրքիան է, և իրական ծրագիրը թուրք-ադրբեջանական ծրագիրն է, որը դրված է Հայաստանի առաջ և որը 8 տարի հետևողականորեն իրականացնում են: Հայաստանին Թուրքիայից և այլ երկրներից թելադրվում են այս ու այն քայլերը, և Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դա անում են:

Կարդացեք նաև

  • Եթե դու հոգիդ ծախել ես սատանային, դու այլևս չես մտածում քո երկրի շահերից բխող պետական քաղաքականություն վարելու մասին: Եթե դրված է պլանը, դու պետք է դա անես: Դա անում է Զելենսկին, արել է Սահակաշվիլին: Արևմուտքին հետաքրքրում է միայն հակառուսականությունն ու հակաիրանականությունը, որ տվյալ երկրները դառնան հիբրիդային ուժ Ռուսաստանի դեմ, և Թուրքիայի ծրագրերը՝ պանթուրանական նպատակի համատեքստում:
  • ՆԱՏՕ-ի Ստամբուլյան վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Թուրքիան շարունակում է մնալ հակառուսական պետություն:
  • Եվրոպան ատում է Ուկրաինային. նրանց համար ուկրաինացին նույն ռուսն է: Պուտինը որ ասում էր՝ մենք նույն ազգն ենք, պատահական չէր ասում: Նրանք իրենց առաջ նպատակ են դրել հյուծել ու վերացնել Ուկրաինան ու Ռուսաստանը:
  • Նախապատրաստում են, անում են ամեն ինչ, որ ռուսները մի ձևով հարված հասցնեն կամ զորք մտցնեն մասնավորապես Մերձբալթյան երկրներ, որովհետև Եվրոպայում ամեն օր գրում են՝ հես ա-հես ա Ռուսաստանը հարձակվելու է…
  • Ես կասկածներ ունեմ արդեն, որ Ռուսաստանն արդեն կարող է միջուկային հարված հասցնել: Եթե դու ռուսների առաջ դնում ես էքզիստենցիալ խնդիր, ոչ միայն կխփեն, նաև կջնջեն: Եվրոպացիները սադրում են մի կողմից՝ անընդհատ ասելով՝ Ռուսաստանը հարձակվելու է, մյուս կողմից՝ վստահ լինելով, որ միջուկային հարված չի լինի: Դրանք լուրջ մարդիկ չեն: Սա շատ վտանգավոր խաղ է, ու ես այս պայմաններում չեմ կարող բացառել, որ հարցը կհասնի միջուկային զենքին:
  • Եվրամիության չինովնիկները մասնակից են ուկրաինական կոռուպցիային: Նրանք շատ լավ գիտեն՝ Ուկրաինական վերնախավում ինչ կոռուպցիա է տիրում, բա ինչո՞ւ ձեն չեն հանում, որովհետև «ատկատ» ունեն: Ու էդ մասին Թրամփն ակնարկեց:
  • Հայաստանի այս իշխանությունները հլու-հնազանդ ծրագիր կատարողներ են, խնդիր չունեն հավատալու՝ Եվրոպան կտա՞, թե՞ չի տա փող: Սրանք շատ լավ գիտեն, որ Եվրոպան հայկական ապրանքի կարիքը չունի: Մեր պետության կուրատորները՝ Թուրքիան և Ադրբեջանն են ասում, թե որ տնտեսական համակարգի մեջ պիտի ինտեգրվի Հայաստանը: Մասնավորապես՝ ուզում են Հայաստանի տնտեսությունն ինտեգրել թուրք-ադրբեջանական տնտեսական համակարգի մեջ: Վաղը մեզ կթելադրեն՝ ինչ արտադրել, ինչ անել: Ստեղծվում է տնտեսական նոր համակարգ, և մենք դուրս ենք մղվում ԵԱՏՄ և ԵվրԱզԷՍ-ի (Եվրասիական տնտեսական համայնք) կապերից: ԵԱՏՄ-ում հիմար չեն, ամեն ինչ հասկանում են՝ ինչ է կատարվում և ինչ նպատակով, ով է թելադրողը:

  • Եթե քեզ Ադրբեջանից պարտադրում են Սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ «պատերազմի հանցագործներին» հանձնել՝ ի դեմս նախկին նախագահների, մոռանալ սեփական պատմությունդ, ապա տնտեսական նոր համակարգ պարտադրելն այլևս խնդիր չէ:
  • Հայաստանի նախկին նախագահների հետ բանակցելիս Ալիևը ստորացվել է: Նա այդ բանակցություններից դուրս էր գալիս կարմրած, հետևաբար՝ նա ատելություն ունի նախկին նախագահների նկատմամբ ու վրեժ է լուծում նրանցից ու Հայաստանի ժողովրդից: Նախկին նախագահների հետ բանակցելիս նա ստորացված է եղել: Ալիևն Էրդողան չէ: Էրդողանը մեծ մասշտաբի գործիչ է, իսկ Ալիևը՝ նարցիս: Շատ հնարավոր է նաև, որ Փաշինյանի առաջ կդնի նախկին նախագահներին Բաքվին հանձնելու պահանջը:
  • Այն, ինչ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում, կարող է տեղի ունենալ այստեղ: Քեզ կուլ կտան, և դու կվերջանաս:
  • ՀԱՊԿ-ում, մասնավորապես՝ Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանը կսթափվի և դուրս կգա այս շրջապտույտից: Փաշինյանը հիմա պատրաստվում է ասել՝ տեսեք, ռուսները մեզնից ձեռք են քաշել, և մեր միակ ճանապարհը Թուրքիան ու Ադրբեջանն են:
  • Հիշենք Ալեքսանդր Երկրորդի խոսքը՝ որտեղ ռուսական դրոշը բարձրացված է, այն այլևս չպետք է իջնի։ Երբ ժամանակին Արցախը թուրքերից ու պարսիկներից ազատագրում էին, մի՞թե Արցախի համար հազարավոր զոհեր չեն տվել ռուսները և նվաճել։ Նրանք բոլշևիկները չեն, որ իրենց նվաճած Ղարսը, Արդահանը և այլն, նաև Արևմտյան Հայաստանը տան թուրքին:

Այսօր ասում են՝ խաղաղապահները ոչինչ չարեցին Արցախում… Չարեցին, որովհետև դուք չթողեցիք և չուզեցիք։ Խաղաղապահը ո՞նց պետք է գործի, երբ դու ինքդ՝ որպես Հայաստանի իշխանություն, հայտարարում ես, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է։

Դա քո երկրի ներքին խնդիրն է, Ռուսաստանն այնտեղ որպես ի՞նչ պետք է լիներ, երբ դու այն ճանաչում ես Ադրբեջանի մաս։ Ալիևն էլ Ռուսաստանին ասում է՝ ախպեր ջան, դու այստեղ ի՞նչ գործ ունես, ինչի՞ ես եկել, ի՞նչ խաղաղապահ, ո՞ւմ միջև։ Եթե Արցախն Ադրբեջանի մաս է, և Հայաստանն էլ դա ճանաչել է Պրահայում, վե՛րջ, դու էնտեղ դառնում ես ավելորդ, կամ էլ, եթե զոռով մնում ես այդ տարածքում, ուրեմն դու ագրեսոր ես ու հիմա էլ եկել, ադրբեջանական հողն ես գրավել…

Պետք չէ շատ միամիտ լինել՝ այս ամեն ինչը չհասկանալու համար։

  • Վաղը կասեն՝ ի՞նչ Մեսրոպ Մաշտոց, Նարեկացին ո՞վ է… Սրանք ազգային, պետական հիմնասյուներ են քանդում: Այսպես որ գնա՝ 10-20 տարի հետո մահմեդականություն էլ կընդունեն:
  • Ամենակարևորն անվտանգության հարցերն են, ու այսպես հիմարացնել սեփական ժողովրդին, չմտածել, թե ուր է գնում այս ամեն ինչը, երբ արդեն գիլիոտինն են գլխներիս կախել… 
  • Թուրքիան դեռ իր դեմքն ու ատամներն է ցույց տալիս, ինչը ռուսները հինգ մատի պես գիտեն ու տեսնում են: Բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգները երբեք թույլ չեն տա, որպեսզի Թուրքիան դառնա հզոր, տարածաշրջանային տերություն. նրանք միշտ խառնվելու են և չեն թողնելու Թուրքիայի նպատակներն իրականանան Միջին Ասիայում։

  • Այսինքն՝ բոլորը մտածում են իրենց անվտանգության ու ժողովուրդների պաշտպանության մասին, իսկ Հայաստանում իշխող այս մարդիկ կամավոր հրաժարվում են այն ուժերից ու ուժային կենտրոններից, որոնք կարող են իրենց պաշտպանել կործանումից։ 
  • Պակիստանն իր նախագահների բերանով բազմիցս հայատարարել է՝ Հայաստանը սեպ է մահմեդական աշխարհի միջև, և այն պետք է վերացնել: Մեքքայի համաձայնագիրը վտանգավոր է՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, և մահացու վտանգ՝ Իսրայելի համար: Էրդողանը խաղում է: Պուտինն էլ իր խաղն է տանում, և ինձ թվում է՝ այս ամենն առանց պատերազմի չի ավարտվելու: Վաղ թե ուշ Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ բախվելու են: Երբ ռուսները հաջողացնեն կանգնեցնել ուկրաինական փորձանքը, անցնելու են կովկասյան փորձանքին: Թուրքիան տեսնում է, որ ուշանում է իր նպատակների իրականացումը, ու պետք է բախվի Ռուսաստանի հետ: Եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, թուրքերը միանգամից կմտնեն Ղրիմ: Եթե Պորոշենկոն մնար Ուկրաինայի նախագահի պաշտոնում, պատերազմ չէր լինելու, ռուսներն առնելու էին Ղրիմը: Բոլոր երկրների համար իրենց շահերի տարածքները կենսական տարածքներ են, բացի Հայաստանից: Այս իշխանության համար մեկ է՝ կմնա՞ Հայաստանը, թե՞ կտան ուրիշի:
  • Ես միշտ ան կարծիքի եմ, որ Ամերիկային շատ շուտով այդ TRIPP-ն ընդհանրապես չի հետաքրքրելու: Հետաքրքրված կլինի, եթե միայն կարիք լինի Իրանին վնաս հասցնել այդ տարածքից: Այդ դեպքում միանգամից իրանական հրթիռները կսկսեն պտտվել Սյունիքի վրայով: Այդ Միջանցքը լուրջ նշանակություն ունի միայն Թուրքիայի և Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համար:
  • Այսօր շատ անշնորհակալ բան է կանխատեսումներ անելը: Երկրագունդն այն իրավիճակում է, որ ամեն վայրկյան իրադարձություններն այս կամ այն ուղղությամբ կարող են շատ արագ զարգանալ:
  • Ադրբեջանի խորհրդատուն Թուրքիան է, և մինչև Թուրքիան թույլ չտա, նա պատերազմ չի սկսի:

Հայաստանում ուկրաինական սցենարով պատերազմ չի լինի: Մենք այդ ռեսուրսը չունենք: Պրովոկացիա գուցե լինի, բայց ոչ այդ սցենարի կրկնությունը: Երբ Զելենսկին հայտարարում է, թե պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ մտնելու հարցում, դա Զելենսկու ծաղրածուական խաղերն են…

  • Մոլորության մեջ մի՛ ընկեք, ՔՊ-ն իրական հակառակորդը չէ, նրանք հակահայկական այս ծրագրի կատարածուներն են, դրսից հրահանգները կատարողներ: Թուրքիան, Ադրբեջանն ու այլ հզոր ուժեր են թելադրում այս իշխանություններին: Ընդդիմությունը սա պետք է հասկանա…

  • Էսպես որ գնա, վաղը Ալիևն ասելու է՝ դրամն ի՞նչ է, մանաթ օգտագործենք միանգամից… Մի օր էլ ադրբեջանցին կգա, դուռդ կծեծի, կասի՝ սա իմ տունն է եղել ինչ-որ ժամանակ, դո՛ւրս արի… մենք կդառնանք ցուպը ձեռքներիս գաղթական:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31