ՀԱՊԿ-ին մերժելը չի ենթադրում ՌԴ-ի հետ պաշտպանական հարաբերությունների մերժո՞ւմ․ ի՞նչ են հուշում Հնդկաստանի ռազմական ղեկավարության այցերը

Այս օրերին Հայաստան են այցելել Հնդկաստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը չենք ցանկանում անտեսել:

Բայց նախ հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը, որի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր էր գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Իր հերթին՝ գեներալ Չաուհանը հայտնել էր Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Արդեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը Անիլ Չաուհանը քննարկել էր 2026 թվականի համար պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել էր կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում:

Կարդացեք նաև

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետին ներկայացրել էր հայկական և հնդկական արտադրության սպառազինության նմուշները:

Այս այցին կարևոր դրվագ էր նախորդել. 2026 թվականի հունվարին հնդկական աղբյուրները տեղեկություն և տեսանյութ էին տարածել, որ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Solar Defence & Aerospace Limited ընկերության արտադրամասից Հայաստան նախատեսված «Pinaka» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի արտահանման մեկնարկն էր տվել։

Իսկ օգոստոսին նախ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։

Ավելի ուշ ՀՀ ռազմական ղեկավարությունն ընդունում է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը:

Եվ գրեթե նույն ժամանակում հնդկական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին պատվիրատուն։ Հրթիռի սերիական արտադրությունը կսկսվի 2027 թվականի կեսերին՝ փորձարկումներն ավարտելուց հետո։

Հնդկական ռեսուրսները նաև հայտնել էին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գտնվում է Astra օդ-օդ դասի հրթիռների ձեռքբերման բանակցությունների փուլում։

Թե այս տեղեկությունների ո՞ր մասն է իրականությանը համապատասխանում, չենք կարող ասել, քանի որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը լռություն է պահպանում, բայց Հնդկաստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերն ինչ-որ բան, ամեն դեպքում, հուշում են:

Եվ այս իրադարձություններին զուգահեռ՝ վերջին շրջանում անդրադարձներ են լինում ՀԱՊԿ-Հայաստան և Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությանը, հատկապես, երբ ՀՀ կառավարության նոր՝ 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի հիշատակվում որպես «ռազմավարական դաշնակից», այլ ձևակերպված է՝ որպես գործընկեր: Փաստաթղթում նախատեսվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների վերափոխում:

Եվ ինչպես նախքան ՌԴ Պուտինի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, քննարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարության հարցը: Դրանից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հասցրել է մեկնաբանել կառավարության ծրագրում նոր ձևակերպումների առկայությունը:

«Ռուսաստանը, ըստ էության, իրավական, քաղաքական, տնտեսական առումներով Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերը: Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, և սա ավելին է, քան ռազմավարական գործընկերը:

Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ-ում, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք և չենք տեսնում այնպիսի հեռանկար, երբ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում»,- Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է ռուսական բազա, գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու համաձայնագիր և այլ ռազմական, ռազմատեխնիկական պայմանագրեր:

Իսկ Արարատ Միրզոյանի ասածը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, ըստ էության, օրերս հնչեցրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա: Բայց առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը, մասնավորապես, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով»,– ընդգծել է նա։

Այստեղ հարկ է հիշել նաև այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:

Մասնավորապես, լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին՝ արդյո՞ք ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական պայմանավորվածություններ կան, Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու պայմանավորվածություն ունի՞, ինչին նա պատասխանել էր.

«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի հետ ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր, կամ՝ քչացել, և մենք, այո, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»:

Չմոռանանք, որ մայիսի 28-ի զորահանդեսին հնդկական, ֆրանսիական սպառազինության կողքին ներկայացվել են նաև ռուսական ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրները: Իհարկե, չենք բացառում, որ այս ընթացքում այլ մատակարարումներ ևս եղած լինեն, թեև չպետք է մոռանալ, որ սպառազինության սպասարկման պայմանավորվածությունները, ըստ էության, երբեք չեն խաթարվել:

Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ՌԴ պաշտպանական ոլորտում հարաբերությունների պահպանմամբ, Հայաստանը հետաքրքրված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների, թերևս՝ այո:

Որքանո՞վ կարող ենք ասել, որ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը փոխարինում է Ռուսաստանի հետ ունեցածին, այս հարցին որոշակի վերապահումով պետք է մոտենալ, թերևս, այդ թվում՝ ելնելով հանրային դաշտում բավարար տեղեկատվության բացակայությունից:

Մենք, իհարկե, կփորձենք գրավոր հարցման միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությունից վերևում հիշատակված հայտարարությունների հետ կապված պարզաբանումներ ստանալ:

Իսկ այս համատեքստում չպետք է մոռանալ Հայաստան-Ֆրանսիա ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, որի շուրջ վերջին շրջանում հանրային հարթակում որոշակի պասիվություն կա, բայց սա չի նշանակում, որ իրականում էլ է այդպես:

Իրանի հետ ևս որոշակի համագործակցություն, թերևս, գոյություն ունի, ինչի մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես մայիսի 28-ի զորահանդեսից հետո։ Այստեղ, սակայն, հրապարակային և պաշտոնապես հաստատված տեղեկատվությունը շատ ավելի սահմանափակ է, ուստի այդ ուղղությամբ պնդումները հիմնականում փորձագիտական մակարդակում են:

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդես-հաշվետվության ժամանակ թռիչքներ էին իրականացրել Սու-30-ները, ինչին հետևել են նաև միջազգային փորձագետները և որոշակի արձանագրումներ արել:

Մասնավորապես, և՛ Military Watch Magazine (MWM)-ը, և՛ OSINT-ի վերլուծաբանները (հետախուզություն բաց աղբյուրների հիման վրա) ՀՀ ԶՈւ-ի զինանոցում առկա Սու-30-ների թևերի տակ նկատել են իրանական «Yasin» պլանավորող ավիառումբեր։ Իհարկե, փորձագետները նաև իրանական արտադրության «Majid AD-08» ՀՕՊ համակարգեր են նկատել մայիսի 28-ի զորահանդեսին:

Եվ այստեղ, թերևս, հարցը միայն այն չէ, թե Հայաստանն ում հետ է նոր ռազմական կապեր ստեղծում, այլև, թե ինչ է տեղի ունենում նախկինում ձևավորված ռազմական կապերի հետ։ Որովհետև նոր սպառազինության մատակարարումների, նոր բանակցությունների և բարձրաստիճան այցերի ֆոնին հարց է առաջանում՝ Հայաստանի պաշտպանական համակարգում փոխվում է միայն մատակարարների՞ ցանկը, թե՞ աստիճանաբար փոխվում է նաև այն համակարգը, որի վրա տարիներ շարունակ կառուցվել է հայկական բանակի սպառազինությունն ու ռազմական համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930