TRIPP նախագիծը Սյունիքի համար նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի. Դեյվիդ Ալեն
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։
Հանդիպման առանցքում եղել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախաձեռնության տեսլականը Հայաստանում կյանքի կոչելու ընթացքն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է նախաձեռնության շուրջ քննարկումներն ու աշխատանքային համագործակցությունը՝ ընդգծելով մարզային իշխանության պատրաստակամությունը՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրի իրագործման ընթացքին։
Մարզպետն ընդգծել է նաև ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում տեղեկատվության հասանելիության և հստակության կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը՝ բնակչությանը TRIPP-ի նպատակների, հնարավորությունների և նախատեսվող գործընթացների մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու համար։
Դեյվիդ Ալենը բարձր է գնահատել ձևավորված գործընկերությունը՝ շեշտելով, որ TRIPP նախագիծը մարզի համար նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի։
Քննարկվել են TRIPP-ի իրագործման տարբեր փուլերին առնչվող հարցեր, այդ թվում՝ կառուցապատման, իրավական կարգավորումների, ինչպես նաև հանրային իրազեկման և հաղորդակցության ուղղություններին վերաբերող։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սյունիքում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին։

