Ինչո՞ւ Պուտինն ասաց՝ «Он не предатель». 200 տարվա մեջ առաջին անգամ թուրքի ոտքը մտավ Հարավային Կովկաս. Միջին Ասիայում աղետ կլինի. Վարդան Հակոբյան
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Երբ դիվանագիտական դաշտում սպառվում են հարցերի լուծման եղանակները, երբ անցնում են կարմիր գծերը, սովորական դիվանագիտական վերաբերմունք չի լինում, լինում է այն, ինչ եղավ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո ռուսների համար պարզ էր, որ Հայաստանը որոշումը կայացրել է, ու պրոցեսները դարձան անդառնալի: Պուտինը հասկացրեց՝ վերջ, դուք անցել եք կարմիր գիծը, ու էդ առումով, այո՛, Պուտինը դիմեց հայ ժողովրդին, որ շահարկումների առիթ չլինի: ՔՊ-ական կեղծ քարոզչությունն Արցախյան պատերազմի ժամանակ հայտարարել էր, թե ռուսները մեզ չօգնեցին, այս կամ այն չարեցին՝ իրենց մեղքերը բարդելով բոլորի վրա… Հիմա Պուտինը փորձում էր դրա դեմն առնել: Պուտինն ուզեց ասել՝ ժողովո՛ւրդ, այս վիճակն է, հնարավոր չէ երկու աթոռին նստել, դո՛ւք որոշեք:
- Ռուսաստանը հասկացավ՝ Հարավային Կովկասը ձեռքներից գնում է: Այնպես ստացվեց, որ առաջին անգամ 200 տարվա մեջ թուրքերի ոտքը մտավ Հարավային Կովկաս, և Ռուսաստանը ոչինչ չկարողացավ անել:

- Հայաստանը ԵԱՏՄ-ում հիմնադիր անդամ է, բայց այս իշխանություններն ուզում են այնպես անել, որ դուրս թողնեն ԵԱՏՄ-ից, որպեսզի հետո հասարակությանն ասեն՝ դե, ռուսներն են մեղավոր, մենք չէինք ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ինչ արած… Հիմիկվանից հողն արդեն նախապատրաստվում է դրա համար… Հակառուսականության նոր ալիքը գլուխ է բարձրացրել:
- Եվրոպացիների կողմից՝ ՔՊ-ականներին իշխանության բերելն անհրաժեշտ էր ռուսներին տարածաշրջանից դուրս բերելու համար, ԱՄՆ-ին սրանք պետք էին Իրանի դեմ գործելու համար: Բայց կար նաև 3-րդ խաղացող՝ Թուրքիան և Ադրբեջանը: Նրանք էլ ուզում էին իրենց հարցերը լուծել:
- Հայաստանի ու Վրաստանի՝ Եվրամիություն գնալը թուրքերին ոչ մի կերպ ձեռք չի տալիս: Թուրքերը շատ լավ գիտեն՝ դա չի լինելու: Եվրոպա ի՞նչ ճանապարհով ես գնալու… Թուրքիայո՞վ… ՔՊ-ականների կողմից ձևական այս հայտարարությունները, մարդկանց աչքերին թոզ փչելը թուրքերն էլ, ռուսներն էլ, բոլորն էլ շատ լավ հասկանում են…
- Վստահ եմ՝ Իրանին հարվածելու նոր փորձ է լինելու, բայց Իրանը հիմա դեռ կարողանում է խաղալ ու իր խնդիրները դնել սեղանին:
- Վտանգն այն է, որ ինչպես Պրահայում մեզ Փաշինյանը դրեց փաստի առաջ, հիմա էլ կարող է նույնն անել:
- Փաշինյանի մասին «Он не предатель» ասելով՝ Պուտինը փորձեց նրան պահել իր դաշտում, բայց հիմա տեսնում է, որ դա հնարավոր չէ:

- Գավառամիտ քաղաքական այս գործիչներին թվում է՝ իրենք կարող են անդադար ֆռռացնել լուրջ քաղաքական գործիչներին, երկրներին: 8 տարի աչք են փակել, խաղացրել են, որ չխանգարի… Հենց խանգարի, կբամփեն գլխին, ինչպես արեցին Սահակաշվիլու դեպքում:
- Նախորդ իշխանությունների քաղաքական կշիռը բարձր էր, որովհետև նրանցից բան էր կախված: Սրանցից ոչինչ կախված չէ, որովհետև բոլորը գիտեն՝ սրանք ինչ-որ նախագծի կատարողներն են:
- Փաշինյանը դառնում է Եվրամիության շահերի գործիքը Հարավային Կովկասում: Հայաստանում այդ հարցը դարձել է սահմանային, որովհետև այդ հարցն ունի կոնկրետ հետապնդվող աշխարհաքաղաքական նպատակներ: Հարցը սովորական պրոբլեմը չէ, որ լինում է միջպետական հարաբերություններում: Հարցն այն է, որ ուկրաինական ճակատի մարումից հետո նոր ճակատ է բացվելու՝ Հարավային Կովկասում, և մանավանդ՝ Ղազախստանում: Միջին Ասիայում դա աղետալի է լինելու: Միջին Ասիայում ռեզերվ թողած քնած ուժեր կան, որոնք ունեն զենք: Աֆղանստանից դուրս բերված զենքը ոչ մի տեղ չի տարվել: Միջին Ասիայում ականները դրված են. հենց իրավիճակը թույլ տվեց, այդ քնած ուժերն արթնանալու են, ու լինելու է այնպիսի արյունահեղություն, որի նմանը ո՛չ Ուկրաինայում են տեսել, ո՛չ էլ, առավել ևս, Հարավային Կովկասում: Այս քայլերն ամերիկյան կողմի համար ճանապարհ են իրենց համար կարևորագույն՝ Չինաստանի հարցը լուծելու համար: Կամ մեծ խաղ, որի մյուս կողմը Չինաստանն ու Ռուսաստանն են, որոնք էլ իրենց շահերն ունեն:
- Եվրոպան միլիտարիզացվում է. մոտ 5-10 տարի հետո պատերազմի դեմքն ու կերպը փոխվելու է: Միջուկային զենքը մղվելու է 2-րդ պլան. ավելի սարսափելի է լինելու արհեստական ինտելեկտը, որը տիրելու է մարդու ուղեղին՝ սատանայի գործառույթ կատարելով: Հիմա այս մրցավազքն է գնում: Մի օրում ազգեր ու պետություններ են վերանալու, այն պետություններն են վերանալու, ովքեր անտեր են: Գոյատևելու համար պետք է տեր ունենաս:
- Ադրբեջանն ընդամենը մի ֆուտբոլային ակումբի տարիք ունի՝ որպես պետություն: Չեղած տեղն Ադրբեջանը պատմություն է ստեղծում իր համար, նավթադոլարներով գնում, իսկ մեր հազարամյակների մշակույթն ու պատմությունը, քաղաքակրթական ժառանգությունը Հայաստանի այս իշխանությունները ջնջում ու վերացնում են:

- Ընդդիմադիր գործընկերներիս միշտ ասում եմ՝ ՔՊ-ին քննադատելու, հարց տալու իմաստը ո՞րն է. նրանց հետ ամեն ինչ պարզ է դեռ 2018 թվականից: Նրանց ի՞նչ հարցեր ունեք, պարզ չէ՞՝ ինչ են անում… Պետք է խոսել հասարակության հետ:
- Դուք ո՞վ եք, որ մեր երեքհազարամյա պատմությունը մսխեք, որ մեր քարտեզը մկրատով կտրտեք… Դասագրքերը փոխում են, որ հայերին մանկուրտ դարձնեն, որպեսզի թուրքերն ասեն՝ առ, քաբաբդ կեր ու ծառայիր ինձ…
- Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ շատ լավ հասկանում են, որ ոչ Արցախի հարցն է փակված, ոչ Արցախ վերադարձի հարցը, ոչ առհասարակ Հարավային Կովկասում սահմանների հարցը: Էդ ինչի՞ 1826թ. ռուսներն այդ հարցը դրեցին, դեմոգրաֆիական փոփոխություններ արեցին տարածաշրջանում իրենց դեսպանի, զինվորների ու գեներալների արյան գնով, որ հիմա ինչ-որ փողոցային սրճարանից եկած մեկն ամբողջը վերագծի՞… Էրդողանը շատ լավ հասկանում է, որ այդ հարցը դրվելու է, ռուսներն էլ հասկանում են, որ դրվելու է խորհրդահայկական սահմանի հարցը Հայաստանի հատվածում:
- Խորքային պետության (անգլ.՝ Deep State)՝ Իրանի դեմ ծրագիրը շատ խորը մտածված ծրագիր է: Թրամփը դեռ իր առաջին պաշտոնավարման ժամանակ էր մտածում, որ ինքն է լինելու Իրանի հարցերը լուծողը. չստացվեց: Հիմա նորից էլի ինքն ուզում է Իրանի հարցերը լուծել. դա ԱՄՆ-ի ու Թրամփի շահն է: Բայց լինելով խոշոր բիզնեսմեն՝ Թրամփը երբ տեսնում է, որ կորցնում է, կարող է նահանջել: Բայց այս խաղի մեջ Հայաստանը սոսկ ոտքի տեղ է:
ԱՄՆ-ում «խորքային պետության» գաղափարական արմատները ձևավորվել են 1950-ական թվականներին՝ Սառը պատերազմի մեկնարկով, երբ երկրում կտրուկ ընդլայնվեցին հատուկ ծառայությունների (ՀԴԲ, ԿՀՎ) և ռազմարդյունաբերական համալիրի լիազորությունները։ Սակայն բուն տերմինի ներմուծումն ու դրա մասսայականացումն ամերիկյան քաղաքական կյանքում անցել է մի քանի հստակ փուլով: 1950-1960-ականներ. Նախագահ Դուայթ Էյզենհաուերն իր հրաժեշտի ուղերձում զգուշացրեց «ռազմարդյունաբերական համալիրի» անվերահսկելի ազդեցության մասին։ Սա համարվում է ամերիկյան «խորքային պետության» ժամանակակից ընկալման հիմքը։

- Ինչպես Ուկրաինան օգտագործեցին, այնպես էլ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Եվրոպան ուզում է օգտագործել Ռուսաստանի դեմ: Հայաստանն օբյեկտ է, որի նկատմամբ շահեր ունեն Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Ռուսաստանի մղումը թույլ է. նրա համար Հայաստանն օղակ է Ռուսաստանի դեմ օգտագործվելու համար: Դրա համար մեզ համար կարևոր են հայ-ռուսական, հայ-իրանական և հայ-թուրքական հարաբերությունները:
- Ինչո՞ւ պետք է ամբողջ կյանքում կոպեկ փախցրած եվրոպացին Հայաստանի զարգացման համար ինչ-որ բան անի, հայ գյուղացու կորուստները փոխհատուցի իր հարկերի հաշվին…
- Ուրսուլա ֆոն Դեր Լայենը ոտքից գլուխ հակառուս է: Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի հավաքից առաջ նա Բաքու գնում է՝ բացատրելու, որ այդ երկաթգիծը ՆԱՏՕ-ի համար ռազմաքաղաքական մեծագույն նշանակություն ունի: Առհասարակ ՆԱՏՕ-ի համար ճանապարհներ կառուցելը կարևոր է իրենց լոգիստիկ շարժերի համար, թե չէ՝ Հայաստանից էդ ի՞նչ պիտի տեղափոխեն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը Եվրամիությանը մեղադրել է «ուրիշի փողերով կառուցված և ուրիշին պատկանող ռելսերի հաշվին ուրիշին դիվիդենտներ տրամադրելու» մեջ։ Խոսքը Բաքու-Կարս երկաթգծի Ախալքալաք-Կարս հատվածը Հայաստան-Եվրոպա բեռնափոխադրումների համար բացելու մասին է: Դրա համաձայնությունը կայացել է Վրաստանի և Թուրքիայի հետ, ինչը տարակուսանք է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ: Նշենք նաև, որ Վրաստանի տարածքում Թբիլիսի-Կարս երկաթգիծը՝ վերանորոգվել, իսկ որոշ հատվածներ կառուցվել են Ադրբեջանի հատկացրած ֆինանսների հաշվին։
- Երբ Բուլղարիան մտավ Եվրամիություն, շուկաներից անհետացավ բուլղարական պղպեղը: Ես այդ ժամանակ այդտեղ էի աշխատում: Եվ երբ հարցնում էի՝ ի՞նչ է կատարվում, ասում էին՝ սա մերը չէ, բուլղարացի գյուղացիներին արգելել են մեր լոլիկն ու պղպեղն արտադրել ու վաճառել անգամ ներսի շուկաներում: Նույնն արել են Հունգարիայում, Մոլդովայում, Ուկրաինայում:
- Ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին. եթե ռուսները չկարողանային թուրքերի հետ խոսել ու թույլ չտալ Ուկրաինային աջակցել, ռուսների վիճակը շատ ծանր էր լինելու: Հիմա էլ ռուսներին պետք է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ: Բայց թուրքերը ոտքով-գլխով ամերիկացիների ձեռքում են, և հենց զգան՝ Արևմուտքն ուժեղանում է, անմիջապես դուրս են գալու ռուսների դեմ: Ռուսները սրա մասին շատ լավ գիտեն: Բայց ռուսական դիվանագիտական ու քաղաքական շրջանակներում կան պաշտոնյաներ, որոնք պրոթուրքական դիրքորոշում ունեն միշտ:

- Կամազուրկ, իր արժեքներից հրաժարված հասարակությունը միշտ դառնում է մատաղացու գառ, ու նրա հետ ինչ ուզեն՝ կանեն: Եթե օրեցօր ձեր հավատը, պատմությունը կորցնում եք մի կտոր քաբաբի համար, ի՞նչ տարբերություն՝ դուք կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում։

