Կիևյան «հայելին». Ինչպե՞ս է հայ-ուկրաինական քաղաքական տրանսֆորմացիան մերկացնում հայ-ռուսական հարաբերությունների փլուզումը

Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վերջին ամիսների դինամիկան դժվար է դիտարկել միայն որպես երկու երկրների միջև երկկողմ կապերի բնական ակտիվացում։

Դրա իրական քաղաքական նշանակությունը բացահայտվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացող ճգնաժամի համատեքստում։ Խնդիրն այն չէ, որ Երևանն ու Մոսկվան այլևս ընդհանրապես չեն շփվում․ պահպանվում են բարձրագույն մակարդակի առանձին հեռախոսազրույցներ և գործնական, այդ թվում՝ տնտեսական հարցերի շուրջ շփումներ։

Սակայն այդ շփումներն  արդեն տևական ժամանակ պտտվում են երկկողմ խնդիրների և դեպի Արևմուտք Երևանի շրջադարձի քաղաքականության շուրջ։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ներկայումս փաստացիորեն չկան, և դեռ հայտնի էլ չէ, թե այդ հարաբերություններից ինչ կմնա, հաշվի առնելով հանգամանքը, որ քաղաքական, դիվանագիտական երկխոսություն Երևանի ու Մոսկվայի միջև չկա։

ԱԳ նախարարների մակարդակով երկար ժամանակ բացակայում է կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխայցերը և շարունակական քաղաքական խորհրդակցությունները, իսկ հարաբերությունների օրակարգը գերազանցապես վերածվել է խնդիրների, փոխադարձ դժգոհությունների և չլուծված հարցերի կառավարման։

Կարդացեք նաև

Չնայած ՀՀ իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի և ոչ դեպի Արևմուտք շրջադարձի մասին, այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչո՞ւ չկա բնականոն երկխոսություն, ինչո՞ւ է խզված երկխոսությունն ԱԳ նախարարությունների մակարդակով, քանի որ երկկողմ հարաբերությունների քաղաքական, դիվանագիտական շփումների հսկայական մասը հենց այս խողովակով է իրականացվում, որը ներկայումս չկա հայ-ռուսական հարաբերություններում։

Եվ այս ֆոնին հատկապես ուշագրավ է Ուկրաինայի հետ Երևանի հարաբերությունների հակառակ դինամիկան։ Ուկրաինայի հետ շփումները ոչ միայն շատացել են, այլև դրանք սկսել են արագորեն ինստիտուցիոնալացվել՝ բարձրագույն իշխանությունների, արտաքին քաղաքական գերատեսչությունների և խորհրդարանների մակարդակներում։

Այստեղ հարկ է մեկ ճշտում մտցնել, ՀՀ ներկայիս իշխանությունները կառավարման հենց սկզբից էլ փորձել են ակտիվացնել կապերն Ուկրաինայի հետ, չնայած Ուկրաինայից հաճախ հնչող թշնամական հռետորաբանության, որը սրվել էր հատկապես 44-օրյա պատերազմի օրերին։ Սակայն սա ամենևին չխանգարեց ՀՀ իշխանություններին։ Եվ ՀՀ-Ուկրաինա հարաբերություններում  փոփոխության շրջադարձային պահը կարելի է համարել մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան։

Ուկրաինայի նախագահի այցը ՀՀ իշխանությունների համար կարծես առանձնահատուկ քաղաքական նշանակություն ուներ ոչ միայն այն պատճառով, որ դա վերջին տասնամյակների ընթացքում Զելենսկիի առաջին այցն էր Հայաստան, այլև այն պատճառով, որ այն տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ պաշտոնական Երևանի՝ եվրոպական քաղաքական տարածքում ակտիվ ներգրավման և ԵՄ-ից քաղաքական, տնտեսական աջակցություն ակնկալելու փուլում։

Բացի այն, որ Զելենսկին Երևանում, ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանի դեմ հայտարարություններով հանդես եկավ, ինչն իր հերթին՝ սուր ընկալվեց Մոսկվայում, Փաշինյան–Զելենսկի հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, իսկ Կիևը շեշտեց Հայաստանի եվրոպական ուղղությամբ ընթացող գործընթացների նկատմամբ իր աջակցությունը։

Այդպիսով Ուկրաինան աստիճանաբար սկսեց ներկայանալ ոչ միայն՝ որպես Երևանի գործընկեր, այլև՝ որպես Հայաստանի եվրոպական վերակողմնորոշման համատեքստում գործող  պետություն։ Սա, իհարկե, հասկանալի է, հաշվի առնելով նաև Ուկրաինայի արտաքին քաղաքական կողմնորոշումը և դրանով պայմանավորված բարդ աշխարհաքաղաքական ու պատերազմական իրավիճակը։

Սակայն պետք է նշել, որ Զելենսկիի այցի քաղաքական զգայունությունը պայմանավորված էր նաև նրա՝ Ռուսաստանին ուղղված հայտարարություններով։ Երևանում Ուկրաինայի նախագահի հնչեցրած կոշտ գնահատականները Մոսկվայում ընկալվեցին որպես Հայաստանի տարածքը հակառուսական քաղաքական հաղորդակցության հարթակ դարձնելու փաստ։

Ռուսաստանի արձագանքը բավական կոշտ էր․ Մոսկվան դժգոհություն հայտնեց Երևանի կողմից Զելենսկիին այդպիսի հայտարարությունների համար հարթակ տրամադրելու կապակցությամբ։ Երևանի համար սա ստեղծեց երկակի քաղաքական իրավիճակ․ պաշտոնապես Հայաստանը չէր միանում Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության կողմերից որևէ մեկին, սակայն փաստը, որ Զելենսկիի հակառուսական ուղերձները հնչում էին Երևանում, իսկ դրանցից հետո հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածություն էր արձանագրվում, Մոսկվայում ընկալվեց՝ որպես Երևանի արտաքին քաղաքականության փոփոխության ևս մեկ ցուցիչ։

Մայիսյան այցից հետո, սակայն, գործընթացը չսահմանափակվեց խորհրդանշական քաղաքական ժեստով։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Զելենսկին Փաշինյանին շնորհավորող առաջին միջազգային առաջնորդներից էր։ Ուկրաինական կողմի ուղերձն ուշագրավ էր ոչ միայն իր բարեկամական բնույթով, այլև քաղաքական բովանդակությամբ․ Կիևը շեշտադրում էր Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքը և պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։

Սա հատկապես նշանակալի էր այն պատճառով, որ Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ բավական կոշտ միջազգային բանավեճի ու աշխարհաքաղաքական տարատեսակ միջամտությունների պայմաններում։ Ուկրաինական արձագանքը, հետևաբար, ընկալվեց՝ որպես Երևանի քաղաքական ընտրության հրապարակային աջակցություն։

Հարաբերությունների խորացումը տեղափոխվում է նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակ։ Օգոստոսի 11-ին Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Անդրիյ Սիբիհան հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելով երկկողմ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները։

Սա կարևոր է ոչ այնքան մեկ հեռախոսազրույցի փաստով, որքան դրա տեղով ընդհանուր գործընթացում․ այն ցույց է տալիս, որ Կիևի հետ քաղաքական հաղորդակցությունը սկսել է դառնալ կանոնավոր դիվանագիտական աշխատանքի առանձին ուղղություն։

Մի քանի օր անց Երևանից Կիև մեկնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, և այնտեղ հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի խորհրդարանական և արտաքին քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այսպիսով, երկու երկրների կապը սկսում է կառուցվել ոչ միայն վարչապետների և նախագահների մակարդակով, այլև արտաքին քաղաքական ապարատների միջև ուղղակի շփումների միջոցով։ Թեև այդ շփումները, կրկնենք, կային, սակայն այս փուլում դրանք ակնհայտորեն այլ խորություն ու աշխարհաքաղաքական այլ նշանակություն են ձեռք բերում։

Նույն գործընթացի մեկ այլ կարևոր դրսևորում էր Հայաստանի խորհրդարանական ղեկավարության և Ուկրաինայի խորհրդարանի միջև կապերի ակտիվացումը։ Ռուբեն Ռուբինյանի նկատմամբ ուկրաինական կողմի բարձր մակարդակի շնորհավորանքը ևս մեկ ցուցիչ է, որ հարաբերությունները դուրս են գալիս զուտ գործադիր իշխանությունների երկկողմ օրակարգից և սկսում են ներառել միջխորհրդարանական դիվանագիտությունը։

Այս ամբողջ շղթան՝ Զելենսկիի այց, առաջնորդների շարունակվող շփումներ, արտգործնախարարների հեռախոսազրույց, փոխարտգործնախարարի այց և խորհրդարանական մակարդակի ակտիվացում, քաղաքական հարաբերությունների ձևավորման դասական պատկեր է։ Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր համեմատությունը Ռուսաստանի հետ․ Մոսկվայի ուղղությամբ մենք տեսնում ենք ոչ թե կապերի բացարձակ անհետացում, այլ դրանց քաղաքական բովանդակության կտրուկ նվազում և վստահության ճգնաժամ, մինչդեռ Կիևի ուղղությամբ՝ նոր կապերի արագ ձևավորում։

Այստեղ հարկ է հիշեցնել օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին, որում նա պատասխանում է հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ընդունել ռազմաճակատ մեկնելուց խուսափող ՌԴ քաղաքացիներին։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի սահմանին որևէ մեկից չեն պահանջի ներկայացնել երկիր մուտք գործելու պատճառը։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին՝ Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել էր Սիմոնյանը։ Հարցազրույցն այս հեռուստաալիքին, ինչպես նաև այս պատասխանը ևս կարելի է դասել ՀՀ արտաքին քաղաքականության վերոշարադրյալ տրամաբանության շրջանակին։

Այս հակադրությունը թույլ է տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիա» հասկացությանը նայել ավելի խիստ չափանիշով։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ թե պարզապես Ռուսաստանի հետ հարաբերությունների նվազեցում և արևմտյան կամ արևմտամետ կենտրոնների հետ շփումների ավելացում, այլ այնպիսի բազմակենտրոն համակարգի ստեղծում, որտեղ Հայաստանի համար տարբեր ուղղություններ փոխլրացնող են և որոշ չափով փոխարինելի։

Սակայն, եթե մի ուղղությամբ՝ Ռուսաստանի հետ, քայքայվում է քաղաքական վստահությունը, նվազում է ինստիտուցիոնալ երկխոսությունը, և հարաբերությունները տեղափոխվում են մշտական խնդիրների կարգավորման ռեժիմ, իսկ մյուս ուղղությամբ՝ Ուկրաինայի և եվրոպական կենտրոնների հետ, ստեղծվում են նոր քաղաքական կապեր, ապա գործընթացն արդեն միայն «դիվերսիֆիկացիա» չէ։ Այն կարող է վերածվել արտաքին քաղաքական վերադասավորման։

Եվ հենց այդ պատճառով Ուկրաինան այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի․ Կիևի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ոչ միայն նոր ուղղության բացում է, այլև այն բանի յուրատեսակ խորհրդանիշը, որ Երևանը քաղաքականապես հեռանում է այն համակարգից, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն էր։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների առաջ մնում է շատ ավելի բարդ հարց, քան պարզապես արտաքին քաղաքական կողմնորոշման հայտարարությունը։

Կարո՞ղ է Երևանն իրեն թույլ տալ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների նման խորացող սառեցում, եթե Ռուսաստանի հետ դեռևս պահպանվում են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի, առևտրի և ենթակառուցվածքների կարևոր կապերը։ Հայաստանի արտաքին հետախուզության 2026 թվականի գնահատականն անգամ արձանագրում է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պահպանությունը կարող է ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների տեսքով։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերներից մեկը։  Սա նշանակում է, որ Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունների թուլացումը չի վերացնում այդ կապերի ազդեցությունը Հայաստանի վրա․ ընդհակառակը, ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական վստահությունը նվազում է, բայց տնտեսական և կառուցվածքային փոխկախվածությունը շարունակվում է։

Ուստի Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների վերջին զարգացումները պետք է դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորման ավելի լայն գործընթացի ցուցիչ։ Կիևի հետ նոր և արագորեն ինստիտուցիոնալացվող երկխոսությունը ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է Երևանը ցանկանում կառուցել իր նոր արտաքին քաղաքական կապերի համակարգը։ Ուկրաինան դառնում է ոչ թե պարզապես Հայաստանի նոր գործընկերը, այլ հայ-ռուսական հարաբերությունների վերափոխման հայելին։

Իսկ գլխավոր ռազմավարական հարցը մնում է նույնը․ եթե Երևանն իսկապես անցնում է բազմակենտրոն արտաքին քաղաքականության, ապա ի՞նչ է ներկայումս տեղի ունեցողը, և արդյո՞ք Երևանն ունի բավարար տնտեսական, անվտանգային և քաղաքական ռեսուրսներ այդ անցումը կառավարելու համար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացումը չվերածվի պարզապես էական կորուստների գնով մեկ կախվածությունից դուրս գալու և մյուսների նկատմամբ նոր կախվածությունների ձևավորման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31