Վաշինգտոնն ու Մոսկվան կպայմանավորվեն, Երևանին կասեն՝ սա՛ է. Փաշինյանը մնալու է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում. ում մասին են TRIPP-ը և Մեծ Թուրանը. Սուրեն Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է:

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

  • TRIPP-ը գլոբալ աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակության նախագծի ընդամենը մի բաղկացուցիչ մասն է, որն անցնելու է Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ մենք գործ ունենք գլոբալ նախագծի հետ, որի նպատակն է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները, թուրքմենական գազը և տարբեր պետությունների բոլոր հնարավոր ռեսուրսները՝ Կասպից ծովով, այնուհետև Հարավային Կովկասով դեպի Եվրոպա արտահանելը։ Եվ սա ռազմավարական մեծ նշանակություն ունի։

Պրոյեկտը, բնականաբար, ունի նաև տնտեսական բաղադրիչ: Այն, ըստ էության, շրջանցում է Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Այսինքն՝ հիմնական գաղափարն այն է, որպեսզի Միացյալ Նահանգների ազդեցության տակ լինի մի ճանապարհ, որը շրջանցում է իր հիմնական հակառակորդներին կամ մրցակիցներին։

Կարդացեք նաև

  • Միացյալ Նահանգների ռազմավարական պրոյեկտների մեջ այս ուղղությունը շատ վաղուց է եղել։ Իրավիճակը և այդ նախագիծը ճիշտ հասկանալու համար պետք է նաև պատմությանը հայացք նետել. Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց, երբ Հարավային Կովկասում սկսեց ակտիվանալ իրավիճակը, Միացյալ Նահանգները փորձում էր ինչ-որ ձևերով ազդեցություն ձեռք բերել մի տարածաշրջանում, որտեղ երբեք ներկա չէր եղել։

1980-ականների վերջերից մի շատ հետաքրքիր դրվագի սղագրություն կա, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված արխիվներում եմ կարդացել և նաև ներառել իմ գրքում. երբ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը և Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ ավագը քննարկում էին Լեռնային Ղարաբաղում նոր ձևավորվող կամ նոր սկսվող պատերազմը (դեռ պատերազմը չէր սկսվել, այսինքն՝ 80-ականների վերջերն էր, 88-ի սկիզբը)։ Եվ կա մի շատ հետաքրքիր փաստաթուղթ, որտեղ Թուրքիայի նախագահն ուղիղ տեքստով ամերիկացիներին համոզում է՝ ասելով. «Եկեք փորձենք Ղարաբաղը տալ հայերին, Սյունիքը, Մեղրին վերցնել, բնակչությունները տեղահանել, ու տալ Ադրբեջանին. այդպիսով և՛  կոնֆլիկտը կկարգավորվի, և՛ մենք հնարավորություն կունենանք Կենտրոնական Ասիայի բոլոր ռեսուրսները՝ Ռուսաստանին շրջանցելով, Թուրքիայի տարածքով անցկացնել դեպի Եվրոպա։ Եվ ըստ էության, Եվրոպան իր գազային ու նավթային ապագա կախվածությունը կունենա ոչ թե Ռուսաստանից, այլ Թուրքիայից, ես էլ ձեր ռազմավարական դաշնակիցն եմ, և այլն, և այլն»։ Այսինքն՝ այդ պրոյեկտը դեռ էն ժամանակ կար. Ղարաբաղի խնդիրը դեռ այն տեսքով չկար, այսինքն՝ այնպես չէր, որ կոնֆլիկտն արդեն կար, ու չգիտեին՝ ոնց շրջանցեին։ Այդ սցենարը Թուրքիան առաջարկում էր Միացյալ Նահանգներին ամենաբարձր մակարդակով։ Դա քննարկվել է, և դրա փաստաթղթերն արդեն իսկ գաղտնազերծված են Պետդեպարտամենտի արխիվներում (իմ գրքում ևս մանրամասն անդրադարձել եմ դրան)։

Արցախյան առաջին պատերազմը եղավ, Հայաստանը հաղթեց, Ռուսաստանն ավելի ակտիվ էր եղել, Միացյալ Նահանգները չէր կարողացել այնպիսի ազդեցություն ձեռք բերել, ինչպիսին այսօր է կարողանում։ Այսինքն՝ այս պրոցեսները շատ երկար պատմական ընթացք են անցել։ Այդ գաղափարը, որն այսօր կոչվում է TRIPP, կամ, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան են այն անվանում՝ «Զանգեզուրի միջանցք», եղել է ամենասկզբից, նույնիսկ՝ «Գոբլի պլանում»: Այսինքն՝ այս գաղափարը նոր չէ, պարզապես դրա իմպլեմենտացիային ու կյանքի կոչմանն ամերիկացիները երբեք այսքան մոտ չեն եղել, չնայած բոլոր վարչակազմերի օրոք էլ այն դիտարկվել է որպես հնարավոր տարբերակ։ 

Հիշեցնենք. Թուրքիան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ուղիղ անվանում է Մեծ Թուրան, որով կմիավորեն թուրքական ողջ աշխարհը:

  • Շատ կարևոր է, թե թուրքական աշխարհն ո՞ւմ դեմ պետք է միավորվի։ Թուրքական աշխարհն այս ռեգիոնում կարող է առաջին հերթին միավորվել Ռուսաստանի դեմ՝ ազդեցության կրճատման տեսանկյունից (մանավանդ Կենտրոնական Ասիայում) և նաև Չինաստանի դեմ, որպեսզի կարողանա հակակշռել նաև Չինաստանին։ Այսինքն՝ այս տեսանկյունից սա աշխարհաքաղաքական մրցակցության տարրերից մեկն է։

Միացյալ Նահանգների համար, բնականաբար, շատ ավելի ցանկալի է, որ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ցանկացած պրոյեկտ հնարավոր լինի օգտագործել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության զսպման դեմ։ Սա շատ հասարակ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որի տրամաբանությունը բխում է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի շահերից։ Այստեղ ես առանձնապես զարմանալու բան չեմ տեսնում, այո՛, դա այդպես է։

Իրանի դիրքորոշումը և հնարավոր սպառնալիքները. Ինչո՞ւ Ադրբեջանը չընդունեց Իրանի առաջարկը, որպեսզի Նախիջևանի հետ կապը հաստատի Իրանի տարածքով:

  • Խնդիրն այն է, թե այդ ճանապարհն ո՞ւմ ազդեցության տակ է լինելու։ Ադրբեջանը մտածում է՝ ինչո՞ւ պետք է լինի Իրանի ազդեցության տակ կամ կախվածություն ունենա Իրանից, եթե կարող է Հայաստանի միջոցով շատ ավելի ակտիվ, ավելի արագ կապ ունենալ Նախիջևանի հետ, և այդ ճանապարհի վրա ազդեցություններն իրենը լինեն։

Այո՛, իհարկե, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ դա լինի ոչ թե Իրանից կախվածություն, այլ այդ ճանապարհն անցնի Հայաստանի տարածքով, որովհետև Հայաստանն իրենցից շատ ավելի կախված է, քան երբևէ կարող է Իրանը լինել։ Սա՝ առաջին։

Երկրորդ՝ տնտեսական այս նախագիծը Հարավային Կովկասում դառնում է Միացյալ Նահանգների ռազմավարական ներկայության նախագիծ։ Եվ, ի դեպ, ամերիկյան տվյալների այդ կենտրոնն Իրանի սահմանին ամենամոտ գտնվող ամերիկյան պրոյեկտներից է լինելու՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պետական սահմանից։

Ստացվում է, որ դու Իրանի քթի տակով մի ճանապարհ ես ստեղծում, շրջանցում ես Իրանին և ստեղծում ես մի պրոյեկտ, որը լինելու է ամերիկյան վերահսկողության տակ։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Իրանին, որովհետև Իրանն այս պատերազմի ժամանակ շատ հստակ ասում էր. «Որքան էլ բարեկամ լինի պետությունը, եթե իմ տարածքին կամ սահմաններին վտանգ է սպառնում, և այնտեղ ամերիկյան ներկայություն կա, ես հարվածելու եմ այդ կետերին»։ Եվ այդպես էլ անում էր։ Այսինքն՝ այս ամենը կարող է դառնալ Իրանի համար լեգիտիմ թիրախ։ Չեմ զարմանա, որ Իրանի ռազմավարությունը հենց այդպես էլ կառուցվի։

Հիշեցնենք. խոսքը Հրազդանի մերձակայքում՝ շուրջ 200,000 քառակուսի մետր տարածքում Firebird AI և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի՝ տվյալների կենտրոնի մասին է:

Հրազդան քաղաքի հեռավորությունը Իրանի հետ սահմանից (օդային գծով և ավտոճանապարհով) հետևյալն է.  ուղիղ գծով (օդային հեռավորություն)՝ մոտ 270–280 կիլոմետր է դեպի հարավ՝ հասնելով մինչև Հայաստան-Իրան պետական սահմանի ամենահարավային հատված (Սյունիքի մարզ, Արաքս գետի երկայնքով):  Ավտոճանապարհով՝ կախված ընտրված երթուղուց (հիմնականում Երևան-Մեղրի Մ-2 մայրուղով), հեռավորությունը կազմում է մոտ 330–350 կիլոմետր, ինչը մեքենայով հաղթահարելու համար պահանջվում է շուրջ 5 ժամ տևողություն։

  • Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին և Վաշինգտոն-Մոսկվա հնարավոր պայմանավորվածությունները.

Այս տեսանկյունից պետք է հիշենք մի քանի օր առաջ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հայտարարությունը, որը մի թիվ հնչեցրեց՝ մոտ 400 միլիոն դոլար։ Երբ նման գին ես հնչեցնում, ի՞նչ նպատակ ունես կամ ասում ես՝ «եթե ուզում եք, որ մենք դուրս գանք, փոխհատուցեք այսքանը», կամ էլ՝ «դա կարող է լինել մեր ներդրումը պրոյեկտի մեջ, օգտագործեք մեր ենթակառուցվածքները»։ Ինչո՞ւ չէ։ Եվ այստեղ, պայմանավորվածությունը, բնականաբար, Երևանի հետ կապ չի ունենալու. Պայմանավորվելու են Վաշինգտոնն ու Մոսկվան՝ Երևանին ասելով «Այսպես է որոշված, ռուսական մասնակցությունն այսչափ լինելու է»։

Ես կարծում եմ, սա ևս կարող է քննարկվել ռուս-ամերիկյան շփումների ընթացքում, որովհետև նրանք հիմա փորձում են ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել ամենատարբեր ուղղություններով։ Ի դեպ, երկուսն էլ հիմա պետք է ինչ-որ ուղղությամբ գոնե ունենան, այսպես կոչված, «հաջողության պատմություն», և չեմ բացառում, որ սա նույնպես կարող է քննարկվել, որպեսզի Ռուսաստանն էլ իր մասնակցությունն ու ներդրումն ունենա այս գործընթացում։ 

Հիշեցնենք. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ ասել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները. «Կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է Բելոզյորովը՝ նշելով, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։ Նա հավելել է, որ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

  • Չեմ կարծում, թե Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեն, որ ռուսները պետք է մասնակցեն TRIPP-ին, իսկ Հայաստանն ասի՝ «չէ՛, չպետք է մասնակցեք»։ TRIPP-ն ընդհանրապես Հայաստանի մասին չէ, այդ ամբողջ պրոյեկտի մի փոքր հատվածն է անցնելու Հայաստանով։ Եվ եթե որոշում կա, որ դա պետք է լինի, ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դրան ինչ-որ ձևով դեմ լինել։

Ամենակարևորն այստեղ ամերիկյան հաշվարկներն են արդյո՞ք ուզում են, որ ռուսները ներգրավվածություն ունենան, թե՞ չեն ուզում։ Այստեղ, կարծում եմ, իրենք ևս հաշվարկելու են՝ արդյո՞ք ավելի ձեռնտու է, որ Ռուսաստանը ներգրավվածություն ունենա, թե՞ ավելի ձեռնտու է, որ լինի որպես հակառակորդ և փորձի աշխատել դրա դեմ։ Իրենք կհաշվարկեն, կհասկանան՝ որն է ավելի տրամաբանական, և այդ ճանապարհով կշարժվեն։ 

  • Թրամփը փորձում է ինչ-որ ձևով Ռուսաստանին և Չինաստանին առանձնացնել, շատ ակտիվ աշխատել չինական կողմի հետ։ Եվ իրականում բավականին ակտիվ աշխատում են, փորձում են համագործակցել տարբեր ուղղություններով։ Կարծես թե ստացվում է. կնճռոտ հարցերը դրել են մի կողմ ու ասում են՝ «լավ, եկեք կնճռոտ հարցեր չքննարկենք, այլ համագործակցենք այնտեղ, որտեղ կարող ենք»։ Այսինքն՝ չեն անում նույն սխալը՝ գնալ առճակատման ճանապարհով։ Իհարկե, Թրամփը հենց դրա համար էլ քննադատում է Բայդենին՝ ասելով, թե՝ քո քաղաքականության սխալն այն էր, որ բերել-հասցրել ես այս կետին, իսկ հիմա ես պետք է փորձեմ հակառակ պրոցեսը տանել։ 
  • Ղազախստանը շատ լուրջ ազդեցության տակ է՝ և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի։ Հիմա, ըստ էության, երբ այս ճանապարհը լինի՝ անկախ Ռուսաստանից և Չինաստանից, ինքը սկսում է այլընտրանքային օդ շնչել։ Լրացուցիչ «խողովակներ» են հայտնվում, որոնցով կարողանում է իր ապրանքներն ու ռեսուրսները տանել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանին, քանի որ հիմա ամբողջությամբ կախվածության մեջ է։

Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ Չինաստանը շատ ակտիվ մտել է Կենտրոնական Ասիա և բոլոր այդ ռեսուրսները ձեռք է բերում՝ որպես կառավարիչ, սեփականատեր (նավահանգիստներ, գազ, նավթ՝ ինչ հնարավոր է)։ Այստեղ էլ Միացյալ Նահանգներն ասում է «Լավ, քանի որ դու ես վերցնում ենթակառուցվածքները (որովհետև ես այդքան ներդրում չեմ կարող անել այնտեղ), ուրեմն ես կվերցնեմ ճանապարհները, որոնցով դու պետք է այդ ամենը դուրս հանես»։

Այսինքն՝ գլոբալ մրցակցության մեջ ամեն մեկը փորձում է ինչ-որ տեղ ազդեցություն ձեռք բերել ու առաջ շարժվել։ Պրոյեկտը հենց դրա մասին է. սա աշխարհաքաղաքական մրցակցության շատ ցցուն օրինակ է, որտեղ երևում է, թե ենթակառուցվածքներն ում տարածքով են անցնում և ում ազդեցության տակ են հայտնվում։ 

  • Իսկ ի՞նչ է շահում Հայաստանը։ Կարևոր է հասկանալ Հայաստանի ամենամեծ բացթողումը։ Այն է, որ եթե չլինի TRIPP-ը, ի՞նչն է լինելու դրա այլընտրանքը։ Ասենք՝ չեղավ TRIPP-ը, Թրամփը վաղը հրաժարական տվեց, գնաց, կամ նոյեմբերին ենթարկվեց իմպիչմենտի։ Ի՞նչ է լինում այդ դեպքում։ Եթե ամերիկյան այդ պրոյեկտը չկա, Ադրբեջանը գալու է ու ասելու՝ «տվեք իմ միջանցքն ինձ» չէ՞ որ ինքը չի պատրաստվում հրաժարվել դրանից։

Այսինքն՝ արդյոք պատրաստվե՞լ են այդ սցենարին, եթե ամերիկացիները չլինեն։

Երկրորդ սցենարը ռուսները կարող են գալ ու ասել՝ «գիտե՞ք, քանի որ TRIPP-ը չի լինում, մեր նոյեմբերի 9-ի համաձայնագրին և պայմանավորվածություններին համահունչ՝ ուզում ենք մենք լինել այդտեղ կոմունիկացիաների անվտանգությունն ապահովողը»։

Այսինքն՝ Հայաստանը որևէ տեսակի այլընտրանք չունի։ Սա շատ լուրջ դիվանագիտական և արտաքին քաղաքական բացթողում է։ Որևէ այլընտրանք (լինի դա Չինաստանի, Իրանի կամ որևէ այլ պետության միջոցով) ՀՀ իշխանությունների կողմից պարզապես չի ստեղծվել ու չի դիտարկվել։ Եվրոպայի մասին են խոսում, բայց Եվրոպան էլ այլընտրանք չէ (Փաշինյանն իր բերանով ասաց)։

Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարել են. «Մենք ենք դա վերցնելու և մենք ենք տնօրինելու»: Լավ, նույնիսկ, եթե դա մեր սուվերեն տարածքում է, բայց իրենք են լինելու և՛ անվտանգության երաշխավորը, և՛ շահագործողը, ու անելու են այն, ինչ ուզեն։ Որովհետև իրենց համար սա կենսական նշանակություն ունի՝ ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական ու թուրանական նպատակներով։ 

  • Միակ պետությունը, որ կարող էր այնտեղ գործոն լինել և ունենալ ծանրակշիռ ներկայություն, Չինաստանն է։ Բայց Չինաստանի հետ, բնականաբար, Հայաստանը որևէ տեսակի աշխատանք չի տարել, և «Պլան Բ» չունենք, ինչը և ամենավտանգավորն է։ 
  • Փաշինյանին ընտրություններում արտաքին աջակցությունն ակնհայտ երևում էր նույնիսկ ընտրություններից առաջ արված քայլերից։ Վերցնենք նույն Թրամփի գրառումը, որով ինքն աջակցություն հայտնեց Հայաստանի իշխանություններին։ Դա շատ բացառիկ բան էր, որովհետև ինքը նման աջակցություն սովորաբար հայտնում է կոնգրեսականի, սենատորի կամ նահանգապետի թեկնածուի։ Իհարկե, դա նաև ներքաղաքական, Հանրապետական կուսակցության շահերի տեսանկյունից է արվում, երբ կիրառվում է, այսպես կոչված, «full endorsement» ֆորմատը, որն Ամերիկայում ընդունված պրակտիկա է։ 

Այդ ամբողջ աջակցությունը, որ արտաքին աշխարհից կար (և՛ Եվրոպական միությունից, և՛ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Բրիտանիայից), բոլորը եկան Հայաստան։ Դա բացահայտ աջակցություն էր Փաշինյանին դրանից այն կողմ աջակցություն պարզապես չի լինում։ Այլ հարց է, որ, անգամ այս ամենից հետո, 50 տոկոսի շեմը չկարողացան հաղթահարել սա արդեն այլ քննարկման թեմա է։

Այսինքն՝ մենք տեսնում ենք ակնհայտորեն, թե որ պետություններն են աջակցում, և տեսնում ենք, թե որ պետությունների դեմ են աջակցում։ Սա ևս շատ պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն է։ Եվ այստեղ հիշում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը, երբ ասում էր՝ ես իրենց չեմ պարտվել, ես ավելի մեծ ուժերի եմ պարտվել:

Բոլորը տեսնում են, թե որ արտաքին ուժերն ինչպես են աջակցում Հայաստանի իշխանություններին՝ բնականաբար, իրենց սեփական շահերի շրջանակներում։

Ամերիկան որոշել է՝ մինչև վերջ պետք է անի այս մարդը (Փաշինյանը,- հեղ.), որը հիմա երկրի ղեկավարն է չեն վստահել այլ քաղաքական ուժերի և ուղիղ, բացեիբաց աջակցություն են ցուցաբերել։ Նույնիսկ շատ մասնագետներ (այդ թվում՝ ամերիկացի) ասում են, որ սա ուղղակի Հայաստանի ներքին գործերին խառնվելու պրոցես էր։ Անգամ ամերիկացիներն են զարմանում՝ ո՞նց կարող է մի պետության նախագահն այդպես բացեիբաց աջակցություն հայտնել այլ պետության ղեկավարին։ Օրինակ՝ երբ Պուտինը հարցեր էր տալիս ռուսամետ ուժերի հետ կապված, դա ներքին գործերին խառնվելու մեղադրանքով մեծ աղմուկ էր բարձրացնում։ 

  • Տեղերի փոփոխություն է տեղի ունեցել։ Մինչև 2018 թվականը Արևմուտքն աջակցում էր ընդդիմությանը (տարբեր մեթոդներով՝ գրանտային ծրագրերով, քաղաքական աջակցությամբ), իսկ 2018-ից հետո սկսեց աջակցել իշխանությանը և, ընդհակառակը, չաջակցել ընդդիմությանը։ Սա շատ պարզ երևում է։ Եվ նորից վերադառնալով այն խոսքին, թե՝ «ես չեմ պարտվել, այլ պարտվել եմ ավելի մեծ ուժերի»՝ տեսնում ենք, որ ամբողջ տրամաբանությունն ու մրցակցությունը հենց սրա մասին է։ 
  • Եթե ամերիկացիներն ինչ-որ ձևով դուրս գան, ռուսական ազդեցությունը կմեծանա երկու կողմերի վրա, և Ռուսաստանը պետք է առաջ մղի իր շահերը՝ ասելով. «Մենք ունենք ստորագրված հայտարարություն, ըստ որի՝ ես պետք է լինեմ այդ կոմունիկացիաների անվտանգության ապահովողը, իմ զինված ուժերն ու հատուկ ծառայությունները պետք է երաշխավորեն անվտանգությունը»։

Դա, բնականաբար, շատ ավելի հարմար կլինի Իրանի համար, քան ամերիկացիների ներկայությունը։ Ռուսաստանի համար էլ տարածաշրջան վերադառնալու հնարավորություն կլինի։

Այստեղ մի հետաքրքիր օրինաչափություն կա Ռուսաստանին՝ որպես գլոբալ գերտերության, բնորոշ է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել՝ խաղալով կոնֆլիկտի առկայության վրա։ Երբ կար հայ-ադրբեջանական (Լեռնային Ղարաբաղի) կոնֆլիկտը, Ռուսաստանը երկու կողմին էլ կարող էր իր ուղեգծում պահել։

Ամերիկացիներն այլ կերպ են վարվում։ Նրանք ասում են՝ քանի կոնֆլիկտը չկա, եկեք այդ բացակայության վրա ազդեցություն ձեռք բերեք, ապրեք իրար հետ, փող աշխատեք, առևտուր արեք և այլն։ Սրանք գլոբալ խաղացողների տարբեր, բայց բնորոշ գործիքներ են։ Այնպես որ, եթե Միացյալ Նահանգները չլինի, Ռուսաստանը կարող է իրավական հիմք ընդունել նախկին թղթերն ու ասել, որ ինքն է ապահովելու անվտանգությունը։


  • Իսրայելական գործոնը և Միացյալ Նահանգների շահերը. պետք է հաշվի առնել, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների շահերը շատ ուղղություններով այնքան ընդհանրական են (և՛ Մերձավոր Արևելքում, և՛ այլ գործընթացներում), որ գործնականում մեծ տարբերություն չկա։ Իհարկե, Իսրայելը կամ ԱՄՆ-ում հրեական համայնքը շատ ուժեղ ազդեցություն ունեն, բայց կան նաև պահեր, երբ նրանց միջև լինում են կոնֆլիկտներ կամ տարաձայնություններ (ինչպես, օրինակ՝ Օբամայի օրոք Իրանի հետ կնքված գործարքի ժամանակ, երբ Նեթանյահուն եկել էր Կոնգրեսում ելույթ ունենալու)։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների և Իսրայելի փոխազդեցությունն ու շահերի ընդհանրությունը չափազանց մեծ են։ 
  • Անկախ նրանից՝ Իսրայե՞լն է գործում, թե՞ Միացյալ Նահանգները, այս տարածաշրջանում նրանց շահերը բացարձակապես նույնական են։ Օրինակ, եթե նայենք Իրանի տեսանկյունից, միջազգային վերջին զարգացումները հենց սրան էին վերաբերում։ Պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն, մասշտաբային պատերազմի մեջ ներքաշվեց Իրանի դեմ՝ շատ հստակ թիրախներով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելը տեղեկություններ էր փոխանցել Վաշինգտոնին, թե հոգևոր առաջնորդին վերացնելը կբերի համաժողովրդական ընդվզման և իշխանության տապալման։ Սակայն ամերիկյան մամուլում ավելի ուշ գրվեց, որ այդ հաշվարկները սխալ էին։ Այնպես որ, նրանք փոխկապակցված են ամենատարբեր՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և աշխարհաքաղաքական թելերով։ 
  • Կոնստանտին Սոկոլովի դերակատարումը և ԱՄՆ-ի շտապողականությունը.

Շատ ուշագրավ է Կոնստանտին Սոկոլովի գործոնը։ Նա ծնվել է Ռուսաստանում, բայց երիտասարդ տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ստացել քաղաքացիություն, հաջող բիզնեսներ ստեղծել և այսօր դարձել «MAGA» շարժման հիմնական խոշոր դոնորներից ու ֆինանսավորողներից մեկը։ Իսկ այդ շարժումը միայն Թրամփի մասին չէ. այն գլոբալ շարժում է, որը շարունակվելու է նաև նրա իրավահաջորդների օրոք։

Սոկոլովն արդեն իսկ բիզնես ներկայություն ունի Հայաստանում (այդ թվում՝ «Թեղուտ»ում, մասնաբաժիններ «Ամիո բանկում» և այլն)։ Նա հիանալի պատկերացնում է տեղական բիզնես միջավայրը, ամերիկյան քաղաքականությունը, գիտի՝ ինչպես արագ կապվել Վաշինգտոնում որոշում կայացնողների հետ և շրջանցել պետդեպարտամենտական բյուրոկրատական քաշքշուկները։

Այս ամենն արվում է չափազանց մեծ շտապողականությամբ, քանի որ ժամանակը խիստ սահմանափակ է։ Թրամփի նախագահության ավարտին մնացել է երկու տարուց քիչ, և այս ամեն ինչը պետք է ավարտվի, որպեսզի նա (կամ իր թիմակիցն ու իրավահաջորդը) անձամբ կտրի կարմիր ժապավենը։ Ինչո՞ւ են շտապում որովհետև այս պահին Ռուսաստանն ու Իրանը զբաղված են սեփական խնդիրներով և չեն կարողանում լիարժեք խոչընդոտել, իսկ ամերիկյան բյուրոկրատիան հնարավորինս մինիմալի է հասցվել։ 

Հիշեցնենք. օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին և Կոնստանտին Սոկոլովին: Լայթսթոունը Փաշինյանին էր փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Քննարկել էին TRIPP-ի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ 

Նշենք, որը ըստ միջազգային ԶԼՄ-ների, Արյե Լայթսթոունն ամերիկացի ռաբբի է, դիվանագետ, որն ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում (2017-2021 թթ.), ծառայել է որպես Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդական: Նա եղել է Աբրահամյան համաձայնագրերի (Abraham Accords) առանցքային ճարտարապետներից և տնտեսական կարգավորման հարցերով հատուկ բանագնաց, ինչպես նաև ղեկավարել է «Աբրահամյան համաձայնագրերի խաղաղության ինստիտուտը» (Abraham Accords Peace Institute): Նաև հեղինակել է «Թող իմ ժողովուրդն իմանա» (Let My People Know) գիրքը Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացների մասին: Նա ներգրավված է Մերձավոր Արևելքում ՄԱՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի թիմում և մասնակցում է Գազայի հետպատերազմյան կառավարման ու տարածաշրջանային ծրագրերի մշակմանը:

Լայթսթոունը սերտորեն կապված է Դոնալդ Թրամփի փեսայի և նախկին ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Տարբեր միջազգային հետաքննություններ և լրատվամիջոցներ (օրինակ՝ The New York Times-ը և Middle East Eye-ը) նշում են, որ Գազայի հետպատերազմյան վերադասավորությունների և ծրագրերի համատեքստում Լայթսթոունի գլխավորած թիմն ուղղակիորեն զեկուցում և հաշվետու է Ջարեդ Քուշներին: Նրանք միասին աշխատել են դեռևս առաջին վարչակազմի տարիներին՝ Մերձավոր Արևելքի քաղաքականության և տնտեսական նախաձեռնությունների (այդ թվում՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման» ծրագրի) շրջանակում: Քուշները նաև հանդես է եկել Լայթսթոունի՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացները լուսաբանող գրքի դրական գնահատականներով ու երաշխավորությամբ:

Financial Times-ի տվյալներով՝ նա և Քուշներն ԱՄՆ-ի և Իսրայելի այն պաշտոնյաներից են, որոնք այժմ ձևավորում են Գազայի հետպատերազմյան կառավարման համակարգը, նախկինում առանցքային դերակատարում են ունեցել Գազայի մարդասիրական հիմնադրամում (Gaza Humanitarian Foundation): Ձախողված մարդասիրական այս նախաձեռնությունը նպաստել է Գազայում ծանր իրավիճակների:

  • Ամերիկյան պատվիրակությունը և տարածաշրջանային շահերը.

Լայթսթոունն առանցքային դեր է ունեցել նաև «Աբրահամյան համաձայնագրերում» (որոնք միտված էին Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը)։ (Դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը խոսում էր այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միանալու Աբրահամյան համաձայնագրերին)։

Այս մարդիկ հիանալի գիտեն տարածաշրջանը և հասկանում են, թե ինչպես կարելի է ամերիկյան և իսրայելական շահերը տեղավորել այս պրոցեսներում։ Բնական է, որ սա մեծ անհանգստություն է առաջացնում Իրանում, բայց միևնույն ժամանակ սա ցույց է տալիս, թե որքան բարձր է այս գլոբալ նախագծի կարևորությունը Վաշինգտոնի և Իսրայելի համար։

  • Բնականաբար, այս նախագիծն Ադրբեջանին շատ արագ է պետք, քանի որ այն կտրուկ փոխում է Նախիջևանի կարգավիճակը՝ դարձնելով այն կարևոր աշխարհաքաղաքական գործոն։ Առաջ այն տնտեսապես իզոլացված, դոտացիաներով և վնասով ապրող տարածք էր, իսկ հիմա, այս կապի միջոցով, հնարավորություն է ստեղծվում շրջանցելու Իրանը։ TRIPP նախագծի առկայության դեպքում Ադրբեջանն այլևս Իրանի տարածքով Նախիջևան հասնելու անհրաժեշտություն չի ունենա, ինչն էլ պայմանավորում է նրանց մեծ շտապողականությունը։ 

Հիշեցնենք. երեկ Իլհամ Ալիևը հարցազրույցում բավական լուրջ հայտարարություններ է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և իրենց ծրագրերի մասին՝ շեշտելով, որ իրենք են եղել այս գործընթացն առաջ մղողն ու շարժողը։

Ամենաուշագրավը. Ալիևի խոսքով՝ ադրբեջանցի մասնագետները վերլուծություններ են անցկացրել Հայաստանի տարածքում և որոշել այն կոնկրետ լոկացիաները, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս թաքցրել են, որ մասնագետներ են եկել, զննել տեղանքը և որոշակի աշխատանքներ կատարել։

Ուշագրավ է նաև Ալիևի այն դիտարկումը, թե իբր Մեծամորի ատոմակայանի փակվելու դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, և այս համատեքստում փորձում է հանդես գալ որպես լրացուցիչ էներգիայի աղբյուր առաջարկող։

Չպետք է անտեսել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը («CNN Türk»-ին տված հարցազրույցում), որտեղ նա նշել էր, թե միջանցքի բացումն արդեն մոտալուտ հեռանկար է, և ինտենսիվ դիվանագիտական ու ֆիզիկական ջանքերը շարունակվում են։ Թուրքիայից հաղորդակցությունների հարցերով փորձագետ Ռաուֆ Աղա Միրզաևն էլ հայտնել էր, թե հայկական կողմից խոստացել են մինչև տարվա վերջ ակտիվորեն սկսել շինարարական աշխատանքները, ընդ որում, ըստ նրա, Հայաստանը տարբեր հատվածներում առաջնային պայթեցման աշխատանքներ արդեն սկսել է։

Բացի այդ, Ալիևը երեկ նշել է, որ Եվրամիությունը ևս հետաքրքրված է Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ։ 

  • Հայկական ատոմակայանի հարցը չափազանց կարևոր է։ Պետք է նայել՝ ո՞ւմ է ձեռնտու, որ այն փակվի, և ո՞ւմ՝ ոչ։ Հայաստանում ատոմակայանի գործունեությունը, ըստ էության, ապահովում են ռուսները։ Եթե այն փակվի, Հայաստանը կկորցնի իր էներգետիկ անկախությունը և լիովին կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից։ Սա կդառնա ադրբեջանական լրացուցիչ ազդեցության լծակ Հայաստանի վրա։ Քանի որ էներգառեսուրսների հարցում չունես սեփականը և կախվածություն ես ձեռք բերում մեկից, այդ կախվածությունը փոխանցվելու է Ադրբեջանին ու Թուրքիային։ Այնպես որ, զարմանալի չի լինի, եթե փորձեն ատոմակայանը դուրս բերել ռուսական ազդեցության տակից կամ պարզապես փակել՝ ասելով․

Այստեղ ևս պետք է նայել, թե ում շահերին է համապատասխանում այս ամենը, և շատ բաներ պարզ կդառնան։

Հիմա, երբ եվրոպացիները հետաքրքրված են Նախիջևանով, հարց է առաջանում՝ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը TRIPP նախագծից դուրս թողեց եվրոպացիներին, և վերջիններս փորձում են գործել այլ ճանապարհով՝ Ադրբեջանի միջոցով։

  • Այսօր Եվրոպան և Միացյալ Նահանգները միմյանց համար այլևս չունեն այն նախկին ռազմավարական նշանակությունը, քանի որ Թրամփը հիմնովին փոխել է արտաքին քաղաքականության և համընդհանուր պաշտպանության ճարտարապետության տրամաբանությունը։ Բայց եվրոպացիները մի փոքր ավելի հեռահար են նայում։ Նրանք հույս ունեն, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը այլ մոտեցումներ կունենա, և արդեն իսկ փորձում են նախապատրաստվել նոր վարչակազմի հետ աշխատանքին։

Ի վերջո, Կենտրոնական Ասիայից եկող ապրանքներն ու էներգառեսուրսները Հարավային Կովկասով գալու են ո՞ւր գալու են Եվրոպա։ 

  • Ամերիկայում Թրամփի հակառակորդները հաճախ պնդում են, թե նա շատ է ոգևորվում և սիրում դիկտատորներին՝ որպես օրինակ բերելով Թուրքիայի նախագահին կամ Կիմ Չեն Ինին. «Ինչքան դիկտատոր կա, դու նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունես, ասում ես՝ ընկերս է կամ լավ գործընկեր»։
  • Ադրբեջանի դերը և ԱՄՆ-ի պրագմատիկ շահերը նավթային ոլորտում. Նավթային գործոնը հսկայական նշանակություն ստացավ ԱՄՆ-ի համար հատկապես այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով բենզինի գինը կտրուկ բարձրացավ։ Սա հանրային մեծ դժգոհություն առաջացրեց Թրամփի և նրա թիմի նկատմամբ՝ ստիպելով շտապ քայլեր ձեռնարկել գներն իջեցնելու համար (մանավանդ լարված ընտրությունների նախօրեին՝ Ներկայացուցիչների պալատի և գալիք նախագահական մրցավազքի համատեքստում, հատկապես այնպիսի խոշոր նահանգներում, ինչպիսին Կալիֆոռնիան է)։ Ուստի Ադրբեջանի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը բխում է պրագմատիկ ամերիկյան շահերից։ 
  • Հայաստանի շահերն ու ռիսկերն այս գործընթացներում. Միակ դրական կողմն այն է, որ Հայաստանը կարողանում է միանալ առևտրի գլոբալ ցանցին՝ օգտագործելով այդ 41 կիլոմետրանոց հատվածով բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե որքանով կարող են Հայաստանի իշխանությունները (կամ գալիք իշխանությունները) դա էֆեկտիվորեն օգտագործել և ապահովել ապրանքաշրջանառություն։ Հնարավորությունների առկայությունը մի բան է, իսկ դրանցից օգտվել կարողանալը՝ լրիվ այլ։ Մյուս կողմից՝ այս ամենը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Ինչոր բաներ տալիս ենք, բայց դիմացը ստացվելիք իրական օգուտները դեռևս անհասկանալի են։ Ձեռք ենք բերում շատ ավելի կոշտ հակառակորդներ այս պրոցեսի դեմ՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։

Վերջնականապես հստակ չէ՝ արդյոք այս ճանապարհով (լինի դա երկաթուղի  թե այլ հաղորդակցություն) Ադրբեջանը հնարավորություն չի՞ ունենա զենք կամ ռազմական ռեսուրսներ տեղափոխել, կուտակել։

  • Որպես կոնկրետ օրինակ՝ վերջերս տեղեկություններ եղան, որ «Silk Way» ավիաընկերության ինքնաթիռները (որոնք ձևակերպված են՝ որպես քաղաքացիական, բայց հայտնի է, որ հիմնականում զենք-զինամթերք են տեղափոխում) գնում-գալիս են Հայաստանի օդային տարածքով՝ դեպի Նախիջևան։ Եթե օդային տարածքով են տեղափոխում, ինչո՞ւ չպիտի ուզենան տեղափոխել նաև ցամաքային ճանապարհով։ Իրանն Ադրբեջանի հետ ունի նույն իրավասություններն իր օդային ու ցամաքային տարածքների նկատմամբ. եթե այնտեղ թույլ են տալիս, ինչո՞ւ չպիտի թույլ տան այստեղ։

  • Չնայած հակառուսական հայտարարությունների և տրամադրությունների առատությանը տարբեր մակարդակներում, փաստ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ռուսական կենսական շահերի դեմ ուղղված որևէ կոնկրետ գործողություն կամ քայլ դեռևս չի արվել։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ։ Հայաստանում շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազան։ Հայաստանի ամենախոշոր հարկատու կազմակերպությունները ռուսական կապիտալով են կամ ուղղակիորեն ռուսական (նույն գազը, պղնձամոլիբդենային ոլորտը, ատոմակայանը)։ Այս տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Ուստի խոսքեր շատ կան, բայց կոնկրետ հակառուսական գործողություններ չկան։
  • Ակնհայտ է, Հայաստանը չի կարող շուտով դառնալ Եվրոպական միության անդամ։ ԵՄ անդամ չեն նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք շատ վաղուց են թեկնածուներ կամ ռազմավարական նշանակություն ունեն Եվրոպայի համար և շատ ավելի շուտ պետք է դառնային անդամ, քան մենք (ով այս ճանապարհը նոր է բռնում)։ Եվրամիության անդամ դառնալը շատ բարդ պրոցես է․ եվրոպական օրենսդրությանը համապատասխանելուց զատ, անհրաժեշտ է, որ անդամ բոլոր պետությունները՝ անխտիր բոլորը, տան իրենց համաձայնությունը։ Դրա համար պետք է անցնել հսկայական ճանապարհ։
  • Հայաստանի անդամակցությունը կարող է դիտարկվել ոչ թե լիարժեք ինտեգրման, այլ այնպիսի ձևաչափով, ինչպիսին Բրիտանիայի պարագայում է՝ չլինելով ԵՄ անդամ և քաղաքական որոշումներ չկայացնելով՝ գտնվել միևնույն տնտեսական գոտում և ունենալ նույն առևտրային պրեֆերենցիաները։ Այս տարբերակն ավելի իրատեսական կարող էր լինել, սակայն քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, այս մոտեցումը գործնականում անհնար է։ Նախկինում հնարավոր էր նստել «երկու աթոռին» և միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիր (CEPA) ստորագրել ԵՄ-ի հետ։ Այսօր, սակայն, իրավիճակն արմատապես փոխվել է․ Ռուսաստանը և Եվրոպան Ուկրաինայի հակամարտության համատեքստում բառիս բուն իմաստով թշնամիներ են։ Ռուսաստանը պահանջում է հստակ կողմնորոշվել՝ կամ իր հետ ես, կամ իր թշնամիների։ Մյուս կողմից, եվրոպացիներն էլ են սահմանագիծ քաշում՝ առաջարկելով առավելագույնը տնտեսական պրեֆերենցիաներ կամ վիզայի ազատականացում, բայց երբեք՝ անդամակցություն։ 
  • Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անելու է Ռուսաստանին համոզելու համար, որ իր դեմ որևէ բան չկա, ինքը մնալու է ԵԱՏՄ-ում, մնալու է ՀԱՊԿ-ում։ Ես կարծում եմ՝ Փաշինյանն այս ճանապարհով է գնալու։ Ինքը փորձելու է ցանկացած պարագայում չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը հիմա շատ զգայուն է բոլոր առումներով՝ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած պետության նկատմամբ, որը Եվրոպական միության հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունի։ Նույնիսկ Թուրքիայի հարցում է Ռուսաստանը հիմա շատ զգայուն, և դա հասկանալի է, որովհետև պատերազմող պետություններ են, և այդ զգայունությունն ունեն և՛ եվրոպացիները, և՛ ռուսները։
  • Ամերիկացիները չունեն այդքան զգայունություն այս հարցի վերաբերյալ, որովհետև իրենք կոնֆլիկտում ուղղակիորեն չկան, ներգրավված չեն ուղղակի ձևով կամ աջակցության նման մասշտաբներով։ Այնպես որ, կարծում եմ, նա պետք է փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել ու բերել ինչ-որ մի քիչ ավելի տրամաբանական գծի մեջ։ Ես այդպես եմ կարծում, որպեսզի և՛ պահի իշխանությունը, և՛
  • Ղազախստանը չի սրում հարաբերությունները ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Չինաստանի հետ՝ հասկանալով գերտերությունների հետ հակամարտության կործանարար հետևանքները։ Հայաստանի պարագայում իրավիճակն անհամադրելի է, քանի որ չկա ուժեղ չինական հավասարակշռող գործոն, և ռիսկերն անհամեմատ մեծ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31