Իրանի կառավարությունը կարևոր որոշումների համար «ազգային միասնության հավելված» կներդնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է բոլոր կարևոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային որոշումներին կցել հատուկ «ազգային միասնության հավելված», հայտնում է Mehr-ը։

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցը կոչված է կանխելու այնպիսի որոշումները, որոնք կարող են խորացնել սոցիալական տարաձայնությունները։

Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձի՝ Կառավարության շաբաթվա կապակցությամբ։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ առաջնահերթ է համարում ազգային միասնության ամրապնդումը, տնտեսական իրավիճակի բարելավումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

Կառավարությունը մտադիր է կենտրոնանալ գնաճի դեմ պայքարի, շուկաների կարգավորման, աշխատատեղերի ստեղծման, կապիտալը ազգային արտադրության ուղղորդելու և դոլարից կախվածության աստիճանական նվազեցման վրա։ Իշխանությունները նաև խոստացել են շարունակել «դիմադրողական տնտեսության» քաղաքականության իրականացումը և ավելի ակտիվ օգտագործել երկրի ներքին ռեսուրսները։

Գերագույն առաջնորդի՝ հասարակական համախմբվածությանը վնաս հասցնող գործողություններ թույլ չտալու կոչին համապատասխան՝ բոլոր առանցքային որոշումները կգնահատվեն ազգային միասնության վրա դրանց ազդեցության տեսանկյունից։ Կառավարությունը նաև հայտարարել է «կեղծ երկընտրանքներից» և այնպիսի հայտարարություններից խուսափելու անհրաժեշտության մասին, որոնք կարող են հանգեցնել հոռետեսության և հուսահատության տարածմանը։

Կառավարությունը մտադիր է առանձին ուշադրություն դարձնել տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, արդյունաբերության, կապի և մշակույթի զարգացմանը։ Նպատակներից մեկը կոչվել է Իրանի գիտական ներուժի ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության մեջ Թեհրանը մտադիր է հավատարիմ մնալ «արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքներին՝ շարունակելով հակազդել պատժամիջոցներին և այն քաղաքականությանը, որն իշխանությունները բնութագրում են որպես «ամերիկա-սիոնիստական մեծամտության» գործողություններ։

Կառավարությունը նաև դիվանագիտությունն ու պաշտպանությունը անվանել է ազգային շահերի, անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության երկու փոխլրացնող և համակարգված ուղղություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31