Թուրքիան ակտիվ քննարկում է Սև ծովում հացահատիկի նոր միջանցք բացելու հարցը. ԶԼՄ

Թուրքիան Սև ծովում հացահատիկի մատակարարման համար նոր միջանցք բացելու հարցով ակտիվ բանակցում է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ։ Այս մասին գրում է «Ekonomim» թերթը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների աղբյուրներին:

«Թուրքիան հացահատիկի նոր միջանցքի բացման հարցով մշտական և արագացված դիվանագիտական շփումներ է պահպանում Մոսկվայի և Կիևի հետ։ Եթե այդ նուրբ դիվանագիտությունը դրական արդյունք բերի, և կողմերը համաձայնության գան նավագնացության անվտանգության ապահովման նոր մեխանիզմի ստեղծման շուրջ, ապա դա կպաշտպանի թուրքական առևտրային նավատորմը Սև ծովում և կզսպի աշխարհում պարենամթերքի գների աճը։

Երեք մայրաքաղաքների միջև բանակցությունների ընթացքը կպարզվի առաջիկա շաբաթներին», – թերթին հայտնել են աղբյուրները։

Ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի ղեկավար Թամեր Քիրանը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունյուվարի և գերատեսչության պատվիրակության հետ: Ունյուվարը նշել է, որ բանակցություններն ընթանում են, սակայն որոշումների ընդունման հստակ ժամանակացույց դեռ չկա:

Այնուամենայնիվ, Անկարան երկու մայրաքաղաքների հետ բաց դիվանագիտական կապեր է պահպանում։

Ստամբուլի հացահատիկային, ընդեղենի, յուղատու կուլտուրաների և վերամշակված արտադրանքի արտահանողների ասոցիացիայի (IHBIR) տնօրենների խորհրդի ղեկավար Քյազիմ Թայջին թերթին ասել է, որ Սև ծովով հացահատիկի առաքումները փաստացի դադարեցվել են։

Ավելի վաղ Թայջին հայտարարել էր` թուրք արտահանողներն ակնկալում են, որ երկրի իշխանություններն անհապաղ կպահանջեն, որ Ուկրաինան դադարեցնի Սև ծովով անցնող նավերի վրա հարձակումները։

Թուրք-ուկրաինական գործարար խորհրդի ղեկավար Իսմայիլ Զիա Ուզելն իր հերթին հայտարարել էր, որ պարենամթերքի գները կարող են բարձրանալ Սև ծովում էսկալացիայի դեպքում, ուստի անհրաժեշտ է մշակել «հացահատիկային գործարքի» պես նոր մեխանիզմ, որպեսզի Թուրքիան չկորցնի ալյուրի և մակարոնեղենի արտահանման հարցում առաջատարի դիրքը։

Թուրքիայում ՌԴ դեսպան Սերգեյ Վերշինինը հունիսին հայտարարել էր, որ Սև ծովում քաղաքացիական, այդ թվում՝ թուրքական նավերի վրա հարձակումներն իրականացվում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերով: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լցանավերի վրա հարձակումը աղաղակող դեպք էր անվանել՝ հայտարարելով, որ դա ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության դեմ:

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։

Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվեց 2023 թվականի հուլիսի 18-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ, չնայած ՄԱԿ-ի ջանքերին, գործարքի պայմանները Ռուսաստանի նկատմամբ չեն պահպանվել, քանի որ արևմտյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31